Կարծիք

17.09.2011 19:23


Նայում են ժողովրդի աչքերին եւ ստում

Նայում են ժողովրդի աչքերին եւ ստում

Հայ պաշտոնյաները, շատ քաղաքական գործիչներ այս կամ այն խնդրին անդրադառնում են միայն օրացույցին նայելով: Երեւանի խնդիրների մասին խոսում են միայն քաղաքի ծննդյան օրը, բժիշկներին կամ ոստիկաններին հիշում են նրանց մասնագիտական տոնի օրը, սահմանապահին հիշում են սահմանապահի օրվա ընթացքում եւ այսպես շարունակ: Սա բնորոշ է բոլոր հետադիմական եւ թույլ զարգացած երկրներին: Ցավոք, Հայաստանը պատկանում է հենց այս երկրների շարքին:

Անկախության մասին խոսում են սեպտեմբերի 21-ի նախօրյակին: Երկրի առջեւ ծառացած հարցերի մասին խոսում են վերջին օրերին: Սերժ Սարգսյանը եւս առաջնորդվում է այս սկզբունքով եւ ելույթներ ունենում, խոսելով անկախության արժեքի, պետության հզորացման եւ ժողովրդավարության ամրապնդման անհրաժեշտության մասին:

Ելույթ ունենալով ՀՀ արդարադատության համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչների եւ դիվանագետների համար կազմակերպված ընդունելության ժամանակ՝ Սերժ Սարգսյանը բավական ուշագրավ մտքեր է հայտնել, որոնց անպայման պետք է անդրադառնալ: Նա ընդգծել է, թե օտարի կամքով շարադրված ու հաճախ մեր կամքին հակառակ մեզ պարտադրված օրենքներով է ապրել մեր ժողովուրդը տասնյակ ու հարյուրավոր տարիներ, իսկ հետո շեշտել. «Այժմ, երբ մեր պետությունն իր կյանքի գարնանը բոլորում է իր քսաներորդ անկախ աշունը, ուզում եմ արձանագրել մի աննախադեպ ու անձեռակերտ նվաճում: Այդ նվաճումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է: Հայաստանցին, ով ոչ միայն վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այլ հենց ինքն էլ ստեղծում ու ընդունում է այդ օրենքները, գծում իր իրավունքի սահմանները»:

Այն որ մի քանի հարյուրամյակ մեր ժողովուրդը ստիպված է եղել ապրել ռուսի, թուրքի եւ պարսիկի գրած օրենքներով անհերքելի է: Փաստ է նաեւ, որ այդ տարիների ընթացքում մեր ժողովրդի մոտ ամրացել է օրենքները շրջանցելու և դրանով հպարտանալու ավանդույթը կամ սովորությունը: Կարելի է համաձայնել նաեւ, որ մեր անկախության հիմնական ձեռքբերումը ՀՀ քաղաքացին է, բայց երբ Սերժ Սարգսյանն ասում է, թե Հայաստանցին վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը, այստեղ ոչ միայն չես կարող համաձայնել, այլ նաեւ պահել ծիծաղդ: Հետաքրքիր է, թե Սերժ Սարգսյանը ո՞ր երկրում է ապրում եւ ո՞ր լրատվամիջոցներից է օգտվում, որ մինչ օրս չգիտի, որ Հայաստանի թիվ մեկ խնդիրը օրենքների չգործելն է ու օրենքի առաջ ոչ բոլորի հավասար լինելը: Դեռ մի կողմ թողնենք, թե լավն են այդ օրենքները, թե ոչ, թերություն ունեն, թե ոչ: Կանգ առնենք այն հարցի վրա, որ Հայաստանում օրենքները գործում են ըստ բարձր պաշտոններ զբաղեցնողների:

Սերժ Սարգսյանը ճիշտ կանի պարսիկ շահի նման կերպարանափոխվի եւ պարզի իրականությունը, եթե իհարկե չգիտի այդ ամենի մասին: Հետաքրքիր է, թե նման փորձերից հետո նա նորի՞ց կասի, թե ինչ երջանիկ է սեփական օրենքներով ապրող մեր ժողովուրդը: Հետաքրքիր է, թե ինչ կասի, երբ բախվի բյուրոկրատական մեքենայի հետ, որը պարզապես խժռում է հայ մարդու նյարդերը եւ նրան դրդում մտածել արտերկիր տեղափոխվելու մասին: Իսկ հետաքրքի՞ր է, թե նա բախվել է արդյոք դատական համակարգի հետ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սերժ Սարգսյանն իր խորհրդականների ջանքերով ամբողջովին մեկուսացվել է երկրի կյանքից:

Հիմա մնում է միայն կռահել, թե այդ նույն օրենքները վայելելու մեջ է մտնում այն, որ գեներալը, որ գործարար չէ եւ պետությանն էլ հարկեր չի մուծում, հանկարծ մի օր քսան տանկ է գնում եւ նվիրում պետությանը: Մի՞թե պետության համար նման երեւույթն ամոթալի չէ: Կամ ամոթալի չէ, որ նույն գեներալների քմահաճույքներից տուժող հայ մարդը լսում է, թե ինչպես է երկրի ղեկավարը գովերգում այդ գեներալներից մեկին, որն իրեն իշխան է զգում: Եւ այսքանից հետո օրենքից խոսելը, մեղմ ասած ճիշտ չէ:

Տանջահար հայ մարդուն զրկել են ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքից եւ հայտարարում են, թե ՀՀ քաղաքացին վայելում է սեփական օրենքներով ապրելու իրավունքը: Ցինիզմը ուտում է մեր երկիրը եւ շարունակում է ուտել: Ցավոք, կանգ առնելու մասին չեն էլ մտածում: Հարեւան Վրաստանը լայն քայլերով առաջ է շարժվում եւ մեզնից շատ առաջ է անցել: Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ Վրաստանը կերազեր Հայաստանին հասնելու մասին:

Սերժ Սարգսյանն ասում է, թե ժողովուրդն իր կամքն ու իր օրենքները պարտադրում է նրանց, ում համար մեր երկրի օրենքները դեռեւս օտար են: Իհարկե, շատ լավ կլիներ, որ այդպես լիներ: Հրաշալի կլիներ, որ ժողովրդի գերակշիռ մասը ապրեր այս մտածելակերպով, բայց անկախության տարիներին, կամ սկսած 1995-ից իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հայ մարդը հասկանա, որ իրենից ոչինչ կախված չէ, եւ որ նա ստիպված է ենթարկվել օրենքի վրա թքած ունեցող պաշտոնյաներին եւ կասկածելի մեծահարուստներին: Իր կամքը փորձում է պարտադրել ժողովրդի շատ չնչին մասը եւ հանդիպում նույն իշխանությունների համառ դիմադրությանը: Մի՞թե այս ամենը չգիտի Սերժ Սարգսյանը: Եթե գիտի, ապա պետք է հեռանա, եթե չգիտի, ապա չիմանալու համար եւս պետք է հեռանա: Մեր ժողովրդին անհրաժեշտ են ոչ թե քաղաքական որեւէ ուժի հետ ժողովրդի թիկունքում գործարքներ կնքող եւ որոշ գործարարներին օրենքները շրջանցելու իրավունք տվող, գեներալներին գովերգող ղեկավար, այլ այնպիսի իշխանություն, որն ամեն ինչ անի, որ օրենքի առաջ հավասար լինեն բոլորը, այդ թվում եւ Սերժ Սարգսյանը եւ իր եղբայր Սաշիկը եւ գովերգած գեներալ Մանվելը եւ սիրելի գործարար Սամվել Ալեքսանյանը:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը