Աշխարհ

05.11.2022 21:32


Մահացել է Հնդկաստանի առաջին պաշտոնական ընտրողը

Մահացել է Հնդկաստանի առաջին պաշտոնական ընտրողը

Հնդկաստանի պատմության մեջ առաջին պաշտոնական ընտրողը՝ Շյամ Սարան Նեգին, մահացել է շաբաթ առավոտյան՝ հյուսիսային Հիմաչալ-Պրադեշ նահանգում գտնվող իր տանը, 106 տարեկան հասակում: Press Trust of India լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մարդն իր երկարատև կյանքի ընթացքում 34 անգամ քվեարկել է տարբեր մակարդակների ընտրություններում։

Նեգին Կալպա լեռնային գյուղի դպրոցի ուսուցիչ է եղել, երբ 1951 թվականի հոկտեմբերի 5-ին իր ձայնը տվել է Հնդկաստանի առաջին անկախ համընդհանուր ընտրություններում այն բանից հետո, երբ երկիրը 1947 թվականին անկախացել է Բրիտանիայից: Ամբողջ Հնդկաստանը քվեարկել էր 1952 թվականի փետրվարին, բայց լեռնային շրջանները քվեարկել էին հինգ ամիս առաջ, քանի որ փետրվարին լեռներում շատ տարածքներ կտրված են ձյան պատճառով: Նեգին այն ժամանակ առաջին պաշտոնապես գրանցված ընտրողն է եղել, որն իր ձայնը տվել է երիտասարդ երկրին և այդպիսով իր անունը գրանցել Հնդկաստանի պատմության մեջ: Նա նաև իր համագյուղացիներին քարոզել է գալ քվեարկության։ Դրանից հետո Նեգին բաց չի թողել ոչ մի ընտրություն։

Վերջին անգամ Հնդկաստանի առաջին պաշտոնական ընտրողը փոստով քվեարկել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին՝ նա թույլ է եղել, որպեսզի գնա ընտրատեղամաս (այս նահանգում քվեարկությունը տարածաշրջանային ընտրություններում տեղի կունենա նոյեմբերի 12-ին), և, ինչպես թույլատրվում է Հնդկաստանում, նախապես ուղարկել է իր քվեաթերթիկը։

Շաբաթ օրը Հիմաչալ-Պրադեշ նահանգի Սունդերնագար քաղաքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ վարչապետ Նարենդրա Մոդին իր ցավակցությունն է հայտնել Նեգիի մահվան կապակցությամբ: «Ծանր սրտով գլուխ եմ խոնարհում՝ հարգանքի տուրք մատուցելու նրան, և իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին»,-ասել է վարչապետը, որի ելույթը հեռարձակվել է հնդկական հեռուստաալիքներով։

Այս խորագրի վերջին նյութերը