Քաղաքական

05.11.2022 09:17


Նիկոլ Փաշինյանի` Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Անի Գևորգյանին ապտակելու, նրա հեռախոսը խլելու գործով դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի` Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Անի Գևորգյանին ապտակելու, նրա հեռախոսը խլելու գործով դատարանը ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել (տեսանյութ)

Արտաշատում` 2021թ. հունիսի 4-ին, Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպման էր, որտեղ աշխատանքային պարտականությունների կատարման համար գտնվում էր լրագրող Անի Գևորգյանը։ Տվյալ վայրում Անի Գևորգյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել գործով երկու ամբաստանյալին ՝ Արարատի մարզի բնակիչներ Սոնա և Վահագն Հակոբյաններին։

Գործով նախագահող դատավորը Հարություն Պետրոսյանն է, իսկ Անի Գևորգյանի շահերի ներկայացուցիչը փաստաբան Դավիթ Ավագյանն էր։ Ամբաստանյալները նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, ինչպես նաև սահմանվել է տուգանք 200 հազար դրամի չափով։

Դատարանի վճռով հաստատվել է, որ Սոնա և Վահագան Հակոբյանները կատարել են հանրային վտանգավորություն ունեցող արարք, որը սահմանվում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նշենք, որ գործի քննության ընթացքում պարզվել է, որ Սոնա և Վահագն Հակոբյանները քույր և եղբայր են։

Հիշեցնենք, որ 2021 թ-ի հունիսի 4-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ պաշտոնական քարոզարշավը դեռ չմեկնարկած Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ էր անցկացնում Արարատի մարզի տարբեր համայնքների բնակիչների հետ։ Լրագրող Անի Գևորգյանը, որպես Tert.am-ի թղթակից, փորձել էր լուսաբանել հանդիպումները, սակայն նրա մասնագիտական գործունեությունը նախ խոչընդոտել էին Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները, մարզային ոստիկանության ներկայացուցիները, հետո նաև բնակիչներից Նիկոլ Փաշինյանի աջակիցները։

Վահագն Հակոբյանը հարվածել էր Անի Գևորգյանի ձեռքին, ինչի հետևանքով բջջային հեռախոսով նկարահանումները ընդհատվել էին։ Հարվածից հետո Անի Գևորգյանի ձեռքից Սոնա Հակոբյանը խլել էր հեռախոսը, ապատակել Անի Գևորգյանին։ Հեռախոսը Անի Գևորգյանին վերադարձրել էր ոստիկաններից մեկը։

Միջադեպը տեսանկարհանվել էր Yerevan.Today-ի օպերատորի և լրագրող Սյուզի Բադոյանի կողմից։ Նշենք, որ դատարան էր հասել միայն բնակիչների գործողությունների մասով հայց, ոստիկանների արարքի մասով թեև եղել էր դիմում Անի Գևորգյանի կողմից և նաև ահազանգ էր հնչեցրել այդ ժամանակվա ՄԻՊ Արման Թաթոյանը, քրեական վարույթ չէր նախաձեռնվել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը