Քաղաքական

04.11.2022 16:49


Եկեղեցին իրավունք չունի լուռ մնալու. ինչու է Բագրատ Սրբազանը մասնակցելու հանրահավաքին

Եկեղեցին իրավունք չունի լուռ մնալու. ինչու է Բագրատ Սրբազանը մասնակցելու հանրահավաքին

Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ելույթ է ունենալու ընդդիմության վաղվա հանրահավաքում։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում` նշելով, որ հանրահավաքին մասնակցելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ։

«Ես բերելու եմ Ամենայն հայոց հայրապետի օրհնությունը, ողջույնը ու նաև խոսք եմ ասելու, այնպես, ինչպես ամեն կիրակի խոսում եմ հավատացյալների հետ։ Պարզապես այս անգամ իրադրությունն է տարբեր»,-ասաց Սրբազանը` հավելելով, որ եկեղեցին Արցախի համար օրհասական այս պահին ուղղակի իրավունք չունի լուռ մնալու ու ականջալուր չլինելու Արցախից հնչող օգնության կանչին։

Նրա խոսքով` Հայ առաքելական եկեղեցին նույն կերպ է վարվել և՛ 1988-ի պայքարի օրերին, և՛ 30-մյա անկախության շրջանում Հայաստանի ու հայ ժողովրդի համար կարևոր պահերին։

Բագրատ Սրբազանը վստահեցրեց, որ եկեղեցու ներկայացուցչի մասնակցությունը հանրահավաքին որևէ քաղաքական ենթատեքստ չունի, թեև դրան քաղաքական աստառ հաղորդելու որոշ փորձեր արվում են։

«Սա մեր գոյությունն է, մեր կենսագրությունն է, եթե մարդիկ այդքան պարզ բանը չեն հասկանում, ուրեմն երկու միտք ունեն. մեկը` միտումնավոր կերպով ուղղակի փորձում են ցեխարձակումներ անել, երկրորդ` իրենց պարզ միամիտի տեղ են դնում` չհասկանալով, որ սա մեր կենսագրության պատմությունն է։ Քաղաքական, կուսակցական պարզ իրադարձություններ չեն, որ տեղի են ունենում մեր երկրում։ Մեր գողացված ուրախության, մեր գողացված կենսագրության պատմությունն է։ Մենք կա՛մ հաստատելու ենք, որ ապրելու իրավունք ունենք ու կոչված ենք այդ համառ պայքարով վերստին հաստատելու մեր պատիվը, կա՛մ ուղղակի հանձնվելու ու դառնալու ենք մի գորշ զանգված` որևէ տեղում ապրելու կոչված»,-ասաց հոգևոր հայրը։

Բագրատ Սրբազանը հավատում է, որ եկեղեցականի խոսքը սերմնացանի առակի պես սերմեր կտարածի, որոնք ծիլեր կտան մարդկանց հոգիներում։

Տեսակետը, թե ընդդիմության հանրահավաքին մասնակցելու հրավերն ընդունելով` եկեղեցին դուրս է գալիս իշխանությունների դեմ, Սրբազանը հերքեց` ասելով, որ եկեղեցին որևէ բանի դեմ չի գործում, այլ գործում է հանուն պետականության, հայրենիքի, կյանքի զարգացման։

«Եթե այս գաղափարներին որևէ մեկը դեմ է, ուրեմն ինքն է «ընդդեմ», ոչ թե եկեղեցին։ Ինքն է, որ դուրս է դնում իրեն, ինքն է, որ հակառակվում է, ինքն է, որ փորձում է այդ գաղափարի դեմ պայքարել,–ասաց նա,–իսկ այդ հանունի դեմ, ովքեր որ կան` իշխանություն կլինի, թե այլ զանգված, բացարձակ նշանակություն չունի»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 5-ի ընդդիմության հրավիրած հանրահավաքի կազմակերպիչները դիմել էին Հայ առաքելական եկեղեցուն և կաթողիկոսին` ակնկալելով նրա օրհնությունն ու աջակցությունն այդ նախաձեռնությանը։

Ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ վաղվա հանրահավաքն ուղղված է լինելու Արցախի ինքնիշխանությանն ու ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանմանը։

Նա նաև ասել էր, որ նոյեմբերի 5-ից հետո էլ պայքարը շարունակվելու է` խոստանալով հետագա գործողությունների մասին հայտարարել հենց հանրահավաքի ժամանակ։

Այս խորագրի վերջին նյութերը