Քաղաքական

01.11.2022 20:07


ՊՆ-ի 71 անշարժ գույք կվաճառվի, այդ թվում՝ զորամասերի շենքեր

ՊՆ-ի 71 անշարժ գույք կվաճառվի, այդ թվում՝ զորամասերի շենքեր

Պետական գույքի կառավարման կոմիտեն շուտով կավարտի Պաշտպանության նախարարությանը պատկանող 71 առանձին գույքի հանձնում-ընդունումը, որից հետո կզբաղվի դրա օտարման հարցով։ Ցանկում ներառվել են նաև Երևանում և մարզերում գտնվող զորամասերի շենքեր։

«Հետք»-ը տեղեկություն էր ստացել, որ այս ամիսներին Պաշտպանության նախարարությանը պատկանող՝ Երևանում և մարզերում գտնվող մի շարք զորամասերի շենքերը, հողատարածքները վաճառելու նպատակով բանակցություններ են ընթանում հավանական գնորդների հետ։ Նույն տեղեկության համաձայն՝ գնորդներին ցույց են տալիս տարածքները, քննարկում օտարման պայմանները։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանին գրավոր խնդրեցինք պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունենում՝ կցելով օտարման պատրաստվող մեզ հայտնի գույքերի ցանկը։

Ի պատասխան մեր հարցման, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Գևորգ Բաբայանը հայտնեց, որ Կառավարության այս տարվա ապրիլի 15-ի «496-Ա» որոշմամբ ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող մի շարք շենք-շինություններ պետք է ամրացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կոմիտեն գույքն ընդունելուց հետո պետք է Կառավարությանը ներկայացնի առաջարկություն դրանք օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու վերաբերյալ։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալը, չհերքելով մեր ունեցած տեղեկությունները, նշել է․ «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերը նշված որոշման համաձայն՝ Կոմիտեին արդեն իսկ հանձնվել է դրանց մի մասը, իսկ մյուս մասի նկատմամբ դեռևս իրականացվում են վերագրանցման և հանձնման-ընդունման աշխատանքներ։ Միայն նշված աշխատանքների ավարտից հետո Կոմիետի կողմից կքննարկվեն որոշման հավելվածում ներառված գույքը օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու հետ կապված խնդիրները, կհստակեցվի օտարվող գույքերի քանակը, օտարման եղանակը և այլն»։

Ուսումնասիրեցինք Կառավարության 2022 թ.-ի ապրիլի 15-ին ընդունած «496-Ա» որոշման ընդունման անհրաժեշտությունը։ Պարզվում է, որ անշարժ գույքը, այդ թվում՝ չկառուցապատված հողամասերը, ներկայում չեն օգտագործվում: Դրանցից ոչ պրոֆիլային գույքերը ժամանակին հանձնվել են ՊՆ-ին՝ այն ենթադրությամբ, որ հետագա օտարումից մուտքերը կուղղվեն նախարարության կարիքների բավարարմանը, ինչը, սակայն, չի իրագործվել։ Որոշման հիմնավորումներում տեղ գտած այս պնդումը լրացուցիչ ստուգման կարիք ունի։

«Տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար նախարարության կողմից իրականացվել և իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլն, որոնք արդարացված չեն նախարարության բյուջեի տեսակետից։ Միաժամանակ, պոտենցիալ ներդրողների կողմից պարբերաբար առաջարկներ են ներկայացվում նշված գույքերը վաճառելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ, որոնց նպատակահարմարության որոշման հարցը դուրս է ՊՆ-ի լիազորությունների շրջանակից։

Հաշվի առնելով պատերազմի արդյունքներով ՊՆ-ի նյութատեխնիկական մեծ կորուստները, և դրանց համալրման համար պահանջվող ֆինանսական ռեսուրսների սահմանափակ լինելը, նախարարությունը նպատակահարմար է գտել նշված 71 անվանում գույքը շուկայական արժեքներով օտարելու և այդ միջոցներն ուղղելու նախարարության կարիքների բավարարմանը՝ հիմնականում ժամանակակից սպառազինության գնմանը»,-նշված է հիմնավորման մեջ։ Վերը նկարագրածն իրագործելու համար կառավարությունը որոշել է գույքը հանել ՊՆ-ի հաշվեկշռից, փոխանցել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որից հետո իրականացվի օտարումը, իսկ գումարով ՊՆ-ի կարիքների համար գնումներ կատարել։

Նշենք, որ օտարման նախապատրաստվող գույքերի ցանկում են Նուբարաշենի 2-րդ զինավանը, Մուրացանի փողոցում գտնվող ՊՆ Բուժվարչության շենք-շինություններ, Արշակունյաց պողոտա 4/1 հասցում գտնվող 6.5 հա հողամասն իր շենք-շինություններով (Մայրաքաղաքային գունդը), Թալին քաղաքում գտնվող զորամասը, Աշտարակի զինավանը, Գեղարքունիքի մարզի «Վահան-ուղեկալ» զորամասը և այլն։

Այս խորագրի վերջին նյութերը