Լրահոս

24.04.2009 14:12


Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օրը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Հայոց Եղեռնի զոհերի հիշատակի օրը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը թեմակալ առաջնորդների, Մայր Աթոռի միաբանների և  բարերար հայորդիների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին:  

Հուշահամալիրում Ամենայն Հայոց Հայրապետը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ Նորին Սրբության նախագահությամբ և ներկայությամբ ՀՀ նախագահի և հայոց պետական ավագանու կատարվեց հոգեհանգստյան արարողություն Հայոց ցեղասպանության զոհերի լույս հոգիների հանգստության համար:

Նույն օրը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, ով սրբազան արարողության ընթացքում անդրադարձավ օրվա խորհրդին։

«Հիրավի, մարդկանց՝ Աստծո մյուս արարածներից զանազանող կարևոր առանձնահատկություններից մեկը հիշողությունն է: Եվ վերստին մենք այդ հիշողությամբ վերապրում ենք ապրիլյան նահատակների դառն և դժվարին ճակատագիրը: Մենք պատմությանն այսօր նայում ենք խորը ցավով, բայց քանի որ իբրև քրիստոնյաներ գիտենք տարանջատել մեղքը մեղավորից, մենք մեղավորի նկատմամբ ատելություն չենք տածում, մենք դատապարտում ենք մեղքը, մենք դատապարտում ենք ցեղասպանությունը: Մեր հոգիներն ատելություն չեն շնչում, պարզապես մեր մեջ հաղթանակում է մեր լավատեսությունը, որ մեկ օր ցեղասպանության ոճրագործության հեղինակները կհրաժարվեն, կտարբերակեն, իրենք իրենց կառանձնացնեն իրենց մեղքից»,- նշեց Արշակ Սրբազանն իր քարոզում:

Այնուհետև Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող Նահատակաց հուշարձանի՝ Աղոթքի և ուխտի խաչքարի մոտ նախագահությամբ Վեհափառ Հայրապետի կատարվեց հոգեհանգստյան կարգ։

Սրբազան արարողություններին մասնակցեցին նաև Անդրկովկասում Պապական նվիրակ մոնսինյոր Կլաուդիո արքեպիսկոպոս Գուջերոտտին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարներ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Սիրիայից և Քուվեյթից:

Այս խորագրի վերջին նյութերը