Քաղաքական

27.10.2022 10:50


Իշխանությունների «շնորհիվ» Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային նախագծերը գրվում են սառույցին․ «Փաստ»

Իշխանությունների «շնորհիվ» Հայաստանի մասնակցությամբ տարածաշրջանային նախագծերը գրվում են սառույցին․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Համաշխարհային տնտեսությունն ու մատակարարման շղթաները վերջին տարիներին տեխնոլոգիական զարգացմանը զուգահեռ առավել փոխկապակցված են դարձել։ Եվ այդ է պատճառը, որ եթե աշխարհի որևէ մասում կարևոր գործընթաց է տեղի ունենում, ապա դա ազդում է ամբողջ աշխարհի վրա։ Հիմա աշխարհում նույնիսկ անհնար է պատկերացնել որևէ պետության բնականոն զարգացումը մեկուսացման պայմաններում։ Եվ ինչքան շատ էներգետիկ, լոգիստիկ, ենթակառուցվածքային և այլ նախաձեռնություններ են պետությունները իրականացնում և այդ համատեքստում համագործակցում միմյանց հետ, այնքան լայն զարգացման հնարավորություններ են բացվում նրանց առաջ։ Այս կոնտեքստում առավել քան կարևոր են տարածաշրջանային նշանակություն ունեցող նախագծերը, որոնք նաև ռազմավարական նշանակություն են ձեռք բերում։ Օրինակ՝ պատահական չէ, որ Թուրքիան հատուկ ջանքեր է ներդնում, որպեսզի դառնա գազային հանգույց կապույտ վառելիքի մատակարարումը դեպի Եվրոպա ապահովելու համար։

Չէ՞ որ այս իրողությունը նշանակում է նաև Եվրոպայի աչքերում Թուրքիայի քաղաքական կշռի ավելացում։ Տարածաշրջանային նախագծերը Հարավային Կովկասի երկրների համար նույնպես կենսական նշանակություն ունեն ու զարգացման հատուկ նախադրյալներ կարող են ապահովել։ Այս հանգամանքը կարևորելու արդյունքում է, որ Ադրբեջանը հրաժարվում է գնալ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման քայլին ու ձգձգում է այս հարցի շուրջ պայմանավորվածությունների իրականացումը։ Միաժամանակ, պատահական չէ, որ թշնամին Հայաստանից պահանջում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի պանթուրքական նախագիծն իրականություն դառնա, իսկ Հայաստանը շարունակի մնալ շրջափակված։ Իրականում Հայաստանը կարող էր և շատ մեծ հույսեր չկապել Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանների բացման հետ ու տարբեր նախագծեր իրականացնել մյուս հարևանների՝ Իրանի և Վրաստանի հետ համագործակցության պայմաններում։

Այս համատեքստում բավական հետաքրքրական է, որ 2018 թվականից ի վեր ՀՀ իշխանությունները խոսում են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի ստեղծման մասին։ Իսկ այդ ընթացքում փորձագետները վերլուծում էին, թե աշխարհաքաղաքական հավակնություններ ունեցող այս մեծ նախագիծը կարող է Հնդկաստանից մինչև Արևելյան Եվրոպայի երկրներ ձգվող տարանցիկ մեծ ճանապարհ ձևավորել՝ ակտիվացնելով Ասիայի և Եվրոպայի առևտրային կապերը՝ միաժամանակ մեծացնելով Հայաստանի տնտեսական և քաղաքական կշիռը ռեգիոնում: Անգամ հայտարարություններ էին հնչում, թե Հայաստանը այս նախագիծն իրականություն դարձնելու համար բանակցում է շահագրգիռ երկրների հետ։ Եվ թվում էր, թե ծրագիրն իրականացնելու համար գործնական պայմանավորվածությունները պետք է հետևեն մեկը մյուսին, բայց խոսքերից զատ մեր իշխանությունները ոչինչ չարեցին «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի երթուղու մաս կազմով այս կարևոր ծրագիրն իրականացնելու ուղղությամբ։

Դրա արդյունքում է, որ «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհը մինչև հիմա վերջնականապես կառուցված չէ, անգամ Իրանի հետ կապող ժամանակակից պահանջներին համապատասխան ճանապարհ չունենք, քանի որ Գորիս-Կապան ավտոճանապարհի կարևոր հատվածը այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է։ Իսկ Իրան-Հայաստան երկաթուղու մասին խոսակցություններն ընդհանրապես գրվել են սառույցին։ Ու հանկարծ վերջին օրերին ՀՀ իշխանությունները կրկին հիշել են «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքի մասին։ Ու նորից նրանց կողմից հայտարարություններ են հնչում, թե Հայաստանը և Իրանը մտադիր են Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ եռակողմ հարթակ ձևավորել «Պարսից ծոցՍև ծով» տրանսպորտային միջանցքի հետ կապված նպատակներն իրականացնելու համար: Ընդ որում, նախատեսվում է, թե Հնդկաստանից երթուղին պետք է գա Իրանի Չաբահար կամ Բանդար Աբբաս նավահանգիստ, ապա Իրանով, Հայաստանով և Վրաստանով հասնի Սև ծով, ապա նաև Բուլղարիա։

Իսկապես, երթուղու գաղափարը հրաշալի է թվում, միշտ կարելի է հայտարարել հավակնոտ մտադրությունների կամ հետաքրքրությունների մասին, բայց պետք են նաև գործնական պայմանավորվածություններ, որոնք չկան։Եվ եթե այսպես շարունակվի, ապա մի քանի տարի հետո ևս Հայաստանը կհայտարարի, թե հետաքրքրված է «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծմամբ։ Իսկ մինչ հայկական կողմը հապաղում է, Անկարան ու Բաքուն ակտիվ աշխատում են։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ նպատակահարմար համարվի «Հյուսիս-Հարավ» միջանցքն ամբողջապես անցկացնել հենց իր տարածքով։ Պատահական չէ, որ Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը մտադիր են համատեղ ներդրումներ կատարել Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի կառուցման համար, որը համապատասխանում է «ՀյուսիսՀարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրականացմանը

Այս խորագրի վերջին նյութերը