Քաղաքական

24.10.2022 16:29


«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Տավուշի մարզ և տեղի բնակիչներին ներկայացրել երկրում ստեղծված իրավիճակը, արտաքին քաղաքական զարգացումներն ու նոր մարտահրավերները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Տավուշի մարզ և տեղի բնակիչներին ներկայացրել երկրում ստեղծված իրավիճակը, արտաքին քաղաքական զարգացումներն ու նոր մարտահրավերները

Հոկտեմբերի 22-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Արգիշտի Գեւորգյանը, Գառնիկ Դանիելյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների հետ խմբակցության մարզային այցերի ծրագրի շրջանակներում եղել են Տավուշի մարզի Բերդ եւ Իջեւան քաղաքներում, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր համայնքներում: Այս մասին հաղորդում է «Հայաստան» դաշինքը:

Բնակիչների, համայնքների ղեկավարների հետ հանդիպումներում մտահոգությունների առանցքը սահմանամերձ բոլոր այդ բնակավայրերի բնակիչների համար նույնն էր՝ անվտանգային խնդիրներ, Հայոց բանակի ներկայիս վիճակը, Արցախի ապագան։ Բերդ համայնքում պատգամավորներին դիմավորել է օրերս ազատության մեջ հայտնված, ՏԻՄ ընտրություններում բանտից իշխանություններին հաղթած Հարություն Մանուչարյանը, որը ողջունել է մարզ այցելած քաղաքական գործիչներին՝ բնակիչներին տեղեկացնելով, որ անազատության օրերին պատգամավորներին պարբերաբար հանդիպել է քրեակատարողական հիմնարկում։

Պատգամավորները հանդիպումների ընթացքում ներկայացրել են երկրում ստեղծված իրավիճակը, արտաքին քաղաքական զարգացումներն ու նոր մարտահրավերները։ Զրույցներում հատուկ ուշադրության արժանացավ ՀՀ ԶՈւ ներկայիս վիճակը, բանակի նյութատեխնիկական ու մարդկային համալրումը։ Սահմանային այդ բնակավայրերի բնակիչներն առավել քան լավ էին պատկերացնում թշնամու վտանգավորությունն ու առաջնագծի ամուր լինելու անհրաժեշտությունը։ Զրույցների ընթացքում արծարծվել են նաեւ սոցիալական բազմաթիվ խնդիրներ, որոնք արձանագրվել են ու կլինեն «Հայաստան» խմբակցության ուշադրության կենտրոնում։

Այս խորագրի վերջին նյութերը