Հարցազրույց

15.09.2011 17:55


Հակոբ Հակոբյան.

Հակոբ Հակոբյան.

Հարցազրույց 041 ընտրատարածքից ընտրված անկուսակցական պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Երևան գարեջուր» ՓԲԸ-ի սեփականատեր Հակոբ Հակոբյանի հետ

-Հանրապետական խմբակցության որոշ պատգամավորներ պնդում են, որ ՀՀԿ-ում ներքին քննարկումներ են եղել, և որոշում են կայացրել, որ գործարարությունն ու պատգամավորությունն այլևս համատեղելի չեն, և գործարարներն ԱԺ-ում անելիք չունեն: Դուք նույնպե՞ս կարծում եք, որ խորհրդարանը գործարարների տեղը չէ:

-Ես այդքան էլ ամբողջությամբ համաձայն չեմ, որ գործարարներն Ազգային ժողովում չպետք է լինեն: Բնականաբար, եթե գալիս ես ԱԺ, պետք է հետ քաշվես գործարարությունից, քո գործով ուրիշը զբաղվի, իսկ դու զբաղվես օրենսդիր աշխատանքով: Իրականում խորհրդարանում  անելիքներ շատ կան: Օրինակ, ես ինքս շատ ակտիվ մասնակցում եմ տնտեսական հանձնաժողովի քննարկումներին: Մինչև մեծ օրակարգ մտնելը օրենքները թրծվում են հանձնաժողովում և այնտեղ ես իմ փորձը, գիտելիքները ներդնում եմ, որպեսզի ավելի լավ օրենք ունենանք: Իմ կարծիքով՝ միայն գրագետ իրավաբան կամ տնտեսագետ, արտադրությունից կտրված մարդկանցով հնարավոր չէ նորմալ օրենք ընդունել, որը գործարարը կիրառի:

-Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ են ՀՀԿ-ում այդպիսի որոշման հանգել, դրանով ի՞նչ հարց են ուզում լուծել: Արդյոք սա նպատակ չի՞ հետապնդում, որ խորհրդարանն է՛լ ավելի կառավարելի դառնա: Մենք ականտես եղանք, որ որոշ օրինագծերի դեպքում հատկապես գործարար պատգամավորները չքվեարկեցին, ու կառավարությունը, փաստորեն, այդ օրինագծերը չկարողացավ անցկացնել կամ դժվարությամբ անցկացրեց:

-Եթե դա այդպես է, ուրեմն ես ողջունում եմ այն գործարարներին, ովքեր իրոք հասկանալով, որ տվյալ օրենքը նորմալ կիրառելի չէ իրենց համար, չեն քվեարկել կամ դեմ են քվեարկել: Իհարկե, նման բան պետք է լինի: Ի՞նչ է նշանակում՝ ամեն ինչ բերեն և անցկացնեն: Այդ դեպքում Ազգային ժողողվն ինչի՞ համար է: Պետք է քննարկվի, թերություններն ասվի, դրանք շտկվեն, հետո նոր օրենքն ընդունվի:

-Չե՞ք կարծում, եթե իշխանություններին հաջողվի ԱԺ ներմուծել երիտասարդ, այսպես ասած՝ ավելի կատարող պատգամավորների, ապա երկիրը շատ ավելի վատ վիճակի առջև կկանգնի:

-Եթե Ազգային ժողովում լինեն կատարողներ, բնականաբար, նման խորհրդարանը մեր երկրին կտանի կործանման: Բայց չեմ կարծում, որ դա ստացվի: Կարող է՝ մեկ-երկու իշխանավոր դրա ցանկությունն ունի, բայց վերջին հաշվով ընտրողն իշխանությունը չէ, ընտրողը ժողովուրդն է: Ինչ ցանես, դա էլ կհնձես: Եթե ժողովուրդը նման մարդկանց ընտրի, բնականաբար, իրենց վիճակն ավելի կվատանա, և այս անգամ իրենք բողոքելու տեղ չպետք է ունենան:

-Իսկ կեղծիքնե՞րը:

-Ես իմ փորձից կարող եմ վստահ ասել, որ ցանկացած թեկնածու եթե արժանի է, վախենալու ոչինչ չունի, պայքարում է արդար ձևով, ժողովուրդն անպայման նրան գնահատում և ընտրում է: Եվ այնտեղ ինչքան էլ կեղծիքներ լինեն, եթե ձայների մեծ առավելությամբ նա ընտրվի, այդ կեղծիքներն ազդեցություն չեն կարող ունենալ:

-Իշխանությունները կարծես այսպիսի ծարգիր էլ ունեն, որ գործարար պատգամավորը ոչ թե անձամբ ներկա լինի խորհրդարանում, այլ իր փոխարեն լիազոր ներկայացուցչի առաջադրի, և նրանք դառնան պատգամավոր: Դուք այսպիսի ծրագրեր ունե՞ք:

-Ճիշտն ասած, ես այդպիսի ծրագրեր չունեմ, չեմ էլ լսել, որ որևէ մեկը նման բան նախապատրաստի: Իհրակե, արտերկրում նման փորձ կա, բայց մենք դեռևս չենք հասել այն մակարդակին, որ գնանք այդ ճանապարհով: Կոնկրետ ես նման մտադրություն չունեմ, և ինձ համար դա անընդունելի է:

-Այսինքն՝ Դուք հիմա նախընտրում եք օրենսդիր աշխատանքը, այլ ոչ թե գործարարությունը: Հաջորդ գումարման խորհրդարանում առաջադրվելո՞ւ եք:

-Ես հաջորդ ընտրություններին, իհարկե, առաջադրվելու եմ: Գտնում եմ, որ ես դեռևս անելիք ունեմ Ազգային ժողովում: Երբ որ զգացի, որ անելիք չունեմ, հաստատ չեմ առաջադրվի: Ի դեպ, լինելով պատգամավոր՝ գործարարության առումով ես որոշ բաներ կորցնում եմ, ոչ թե շահում: Բայց քանի որ սա երկրի, մեր բոլորի խնդիրն է, դրա համար էլ ես նախընտրում եմ առայժմ լինել պատգամավոր:

-Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հաջորդ տարի բյուջեի մուտքերը պետք է ավելացվեն: Չե՞ք կարծում, որ դա արվելու է խոշոր բիզնեսի հաշվին, որովհետև, ըստ էության, փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում կործանվում է:

-Փոքր ու միջին բիզնեսը, չասենք՝ ամբողջությամբ, կործանված է: Այն  դեռևս կա, և այսօր կառավարությունը որոշ քայլեր անում է փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար: Այստեղ հարց է` ինչքանով է ստացվում, ինչքանով չի ստացվում: Իհրակե, դա հեշտ գործ չէ, բայց ոնց որ թե կառավարության մոտ այդ ցանկությունը կա:

-Բայց ցանկությունը գործողություններին չի՞ հակասում: Գուցե ցանկանում են, սակայն ճիշտ հակառակն են անում:

-Հիմնականում քննադատվում են աշխատող մարդիկ: Չաշխատող մարդիկ երբեք չեն քննադատվում: Այս 20 տարվա մեջ մենք բավականին մեծ թվով վարչապետ ենք փոխել: Ես անուններ չեմ ուզում տալ, բայց մարդիկ կան, ովքեր աշխատել են, և որոնց աշխատանքը մենք տեսել ենք՝ զրոյակա՛ն աշխատանքը: Իսկ այսօր մեծ-մեծ բաներ են խոսում և խոստանում, թե մենք լինենք, այսպես կանենք, այնպես կիանենք: Ես ինքս` որպես գործի մարդ, կարծում եմ, որ անելն այնքան հեշտ չէ: Ասելը մի բան է, անելն այլ բան: Եթե մի դրական քայլ ես ուզում կատարել, հարյուրավոր խոչընդոտների ես հանդիպում` և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ: Դրա համար այդքան հեշտ չէ միանգամից ամբողջը շուռ տալ ուրիշ ուղղությամբ: Քայլ առ քայլ արվում է, որոշ բաներ, իհարկե, ես էլ չեմ ընդունում: Օրինակ՝ եղել են օրինագծեր, որոնց ես էլ եմ դեմ քվեարկել:

-Օրինակ:

-Երբ որ 7-8 արտադրատեսակների վրա հաշվիչներն էին մտնում, արտադրանքի քանակն էին հաշվելու, ես դեմ եմ քվեարկել: Դա, իհարկե, չաշխատեց, որովհետև հնարավոր չէր՝ այդ օրինագիծն աշխատեր: Այն ժամանակ, երբ ես՝ որպես գործին մոտ կանգնած մարդ, բարձրաձայնում էի, ասում էին` քո անձնական շահն է, դրա համար ես ասում: Բայց երբ որ եկավ կիրառելու պահը, իրենք համոզվեցին, որ դա հնարավոր չէ իրականացնել: Նույնը՝ ակցիզային պահեստի վերաբերյալ: Ճիշտ է, այսօր թվում է, թե գործում է, բայց իրականում համարյա չի գործում:

-Դուք ասում եք՝ հնարավոր չէ միանգամից փոխել դեպի լավը, բայց մենք կարծես մինչև 2008թ. վատ տնտեսություն չունեինք: Այսինքն՝ ոչ թե պետք է փոխեին դեպի լավը, այլ եղած լավի վրա կառուցեին է՛լ ավելի լավը: Բայց հիմա այն նախկին լավ տնտեսությունն էլ չունենք:

-Համաձայն եմ ձեզ հետ, որ մինչև 2008թ. մենք ունեինք լավ տնտեսություն: Բայց թույլ տվեք մեկ պահով չհամաձայնել: Այն ժամանակ չի եղել այս համաշխարհային ճգնաժամը:

-Իսկ չե՞ք կարծում, որ համաշխարհային ճգնաժամը կառավարության համար շատ լավ փրկօղակ է՝ սեփական սխալները կոծկելու միջոց:

-Միգուցե դա փրկօղակ է թերությունները կոծկելու համար, բայց դա նպաստում է, որ գործերը լավ չգնան: Հասարակ բան ասեմ՝ ԱՄՆ-ում 4 հազ. աշխատատեղով ձեռնարկությունը փակվում է, իսկ այնտեղ աշխատում են նաև մեր այն հայրենակիցներից, ովքեր գումարներ են ուղարկում այստեղ: Այդ գումարները գալիս էին այստեղ, և մեր վիճակը դրանով էր ավելի լավանում մինչև 2008թ.: Դա էլ էր նպաստում մեր բարեկեցիկ կյանքին: Իսկ այսօր դա կա՛մ վերացել է, կա՛մ ինչ-որ չափով պակասել է, ինչն անդրադառնում է մեր տնտեսության վրա:

-Բայց վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցնում էր, թե համաշխարհային ճգնաժամը շրջանցելու է Հայաստանը: Լավ մասնագե՞տ չէ, սխա՞լ էր հաշվարկել:

-Ես չէի ասի, որ մեր վարչապետը վատ հաշվող է կամ վատ մասնագետ է: Ես այդ կարծիքին չեմ: Իմիջիայլոց, նա բավականին գրագետ, բանիմաց անձնավորություն է: Հնարավոր է, որ ուրիշը լիներ իր փոխարեն, հիմա մեր վիճակը մի քանի անգամ ավելի վատ լիներ` հաշվի առնելով այս համաշխարհային ճգնաժամը: Հավատացեք, ես դա ոչ թե ասում եմ իրեն գովաբանելու կամ չգովաբանելու համար, այլ ես ինքս հասկանալով եմ դա ասում:

-Լավ, հիմա ինչի՞ հաշվին են ավելացնելու հաջորդ տարվա բյուջեի մուտքերը: Խոշոր բիզնեսի՞:

-Ինչ-որ չափով, հնարավոր է, ավելացնեն, բայց շատ չէ: Այսօր թվում է, թե խոշոր բիզնեսը մեր հասարակության թշնամին է: Ներքևից խփում են, վերևից խփում են, կողքից խփում են: Այսօր խոշոր բիզնեսն ինքն է շիվարել, չգիտի՝ ինչ անի: Այնքան խնդիրներ ունի այդ խոշոր բիզնեսը, որ օրինակ եթե կողմնակի ինչ-որ եկամուտ վերցնում է, դրա 90 տոկոսը դնում է այդ բիզնեսի մեջ: Բաներ կան, որ արագ լինելու համար նման ճանապարհով է պետք գնալ: Վերջին հաշվով՝ երկիրն ո՞վ է պահում, խոշոր բիզնե՞սը չի պահում: Բա ինչո՞ւ ենք հարվածում այդքան: Եկեք կողքին կանգնենք, իրենց ասած թերությունները վեր հանենք, դրանք վերացնենք, հետո ասենք՝ վերացված են թերությունները, և դու պետք է այդպես աշխատես:

-Կոնկրետ պետությունը խոշոր բիզնեսին ինչպե՞ս է հարվածում:

-Քանի որ ես հիմա բիզնեսով չեմ զբաղվում, պատգամավոր եմ, դրա համար ձեր հարցին չպատասխանեմ: Երբ որ պատգամավոր չեղա, այդ հարցը կտաք, անպայման խոստանում եմ, որ օրինակներով կասեմ: Այս պահին ես չունեմ նման հարվածներ, որովհետև ես ինքս պատգամավոր եմ:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը