Մեկնաբանություն

18.10.2022 10:26


Ադրբեջանական մտրակն ու թուրքական կարկանդակը

Ադրբեջանական մտրակն ու թուրքական կարկանդակը

Թուրքիան ու Ադրբեջանը դերաբաժանում են իրականացրել միջազգային ասպարեզում։ Նրանք հանդես են գալիս զույգով, նույնական շահերով, բայց տարբեր կարգավիճակներով․ մեկը բարի, իսկ մյուսը չար ոստիկանի դերում է։

Թուրք–ադրբեջանական զույգի դերաբաժանումը երևում է նաև Հայաստանի հետ հարաբերոություններում։ Թուրքիան հանդես է գալիս կարկանդակ խոստացողի, իսկ Ադրբեջանը մտրակողի դերում։

Թուրքիան Հայաստանի հանդեպ փափուկ ուժ է կիրառում․ ժպտում է, բանակցում է, քարոզում է։ Բանը հասել է այնտեղ, որ Հայաստանում թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչները բացահայտորեն հանրահավաքներ են անում Երևանի կենտրոնում, պահանջում ռուսական ռազմաբազայի դուրսբերում Գյումրիից, ցավակցական սրտաճմլիկ տեքստ գրում Թուրքիայում տեղի ունեցածի կապակցությամբ։ Թուրքիայի տեղական գործակալները գրում են, որ Ռուսաստանն է Հայաստանի թշնամին, իսկ ահա Թուրքիան ընդամենը հակառակորդ է։

Թուրքիան 44–օրյա պատերազմում գործուն մասնակցություն է ունեցել, բայց Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդ երկրին ներկայացնում է որպես կառուցողական։

Հայաստանի ներկայացուցչի հետ բանակցող թուրք Քըլըչը հայտարարում է, որ իրենք շարունակելու են «Ֆուտբոլային դիվանագիտությունը», քանզի նման հնարավորություն տալիս է Եվրո–2024–ի վիճակահանությունը։ Այդ դիվանագիտությունը Թուրքիան օգտագործեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ազդելու և Հայոց ցեղասպանության ճանաչման թեման միջազգային ասպարեզում առնվազն սառեցնելու համար։ Երկու ուղղությամբ էլ Թուրքիան որոշակի արդյունքներ գրանցեց։ Հիմա ուզում են զարգացնել հաջողությունը, հատկապես որ Նիկոլի պես դաշնակից ունեն Հայաստանի ղեկավարի պաշտոնում։

Թուրքիան խոսում է դիվանագիտական լեզվով, առանց Հայաստանի վրա հարձակվելու, բայց Էրդողանի իրական մտադրությունները երևում են Ալիևի գործողություններում, որը լկտիացած է, կրակում է, պահանջում է, հարձակվում է։

Թուրքիան ասում է, որ եթե հայերի համար այդքան կարևոր է հայ–թուրքական սահմանի բացումն ու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ուրեմն պետք է բավարարվեն թուրք–ադրբեջանական նախապայմաններն ու ցանկությունները։ Դրանք են՝

–Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչել,

–հրաժարվել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից,

–վերահաստատել Կարսի պայմանագիրը,

–տրամադրել Զանգեզուրի միջանցքը,

–հայ–ադրբեջանական սահմանները հաստատել ադրբեջանական պատկերացումներով, որոնք կարող են անցնել Սևանով ու Երևանով։

Այլ կերպ ասած՝ Թուրքիան Հայաստանից պահանջում է դառնալ քնձռոտ պետություն կամ ընդհանրապես վերանալ։ Ավելի ճիշտ՝ Թուրքիան նախապատրաստվում է հայերի նոր ցեղասպանության, բայց այս անգամ Ադրբեջանի ձեռքերով։ Սա՛ է Նիկոլի «խաղաղության դարաշրջանի» գինը և նա համաձայնել է թուրքական սցենարին։

Այս ամենից խուսափելու միակ տարբերակը Նիկոլին աղբամանը նետելն է։ Սա միակ շանսն է, որ Հայաստանը կարող է ապրել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը