Քաղաքական

14.10.2022 21:00


Ալեն Սիմոնյանի աները պաշտոն ստացավ Արդարադատության նախարարությունում

Ալեն Սիմոնյանի աները պաշտոն ստացավ Արդարադատության նախարարությունում

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով նա տնօրեն է նշանակվել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

«Ձ. Մարգարյանը, հաղթահարելով Արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում»,- գրված է Արդարադատության նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Խոսքը Ձոնիկ Մարգարյանի մասին է, ով Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ հայրն է:

«Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը համակարգում հայտնի է՝ որպես Կարբիի ուսումնական կենտրոն: Այստեղ են վերապատրաստվում Արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները:

Արդարադատության նախարարությունում Ալեն Սիմոնյանի աները հայտնվել էր դեռևս 2021 թվականին՝ «ՀՀ Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում զբաղեցնելով տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2022 թվականի ապրիլից հանդիսացել է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» բավականին լայն հնարավորություններ ունեցող ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը։

Հիշեցնենք, որ 2020թ. օգոստոսի սկզբին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի՝ 2019թ. դեկտեմբերին «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան այցելության արդյունքներով քրեական գործ էր հարուցվել: Դեպքի առնչությամբ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետի հատկանիշով հարուցվել էր քրեական գործ:

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին կացարանի շահառուներն առանձնազրույցներում տեղեկացրել էին, որ իրենց կամ այլ շահառուների ստացած 25000 ՀՀ դրամի հաշմանդամության թոշակից 15․000 դրամը տալիս են կացարանի աշխատակցին՝ իրենց «կացարանում պահելու համար» կամ «հիգիենիկ և կենցաղային պարագաներ տրամադրելու համար»։ Վերոհիշյալ տեղեկությունները և լրացուցիչ այլ տեղեկություններ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուղարկել էր ՀՀ գլխավոր դատախազություն։

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի տնօրենն Ալեն Սիմոնյանի աներն էր՝ Ձոնիկ Մարգարյանը: Գործը, բնականաբար, փակվեց:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը