Քաղաքական

14.10.2022 19:40


ԲԴԽ նախագահին և անդամներին աշխատավարձի կեսի չափով հավելում կտրամադրվի. նոր նախագիծ

ԲԴԽ նախագահին և անդամներին աշխատավարձի կեսի չափով հավելում կտրամադրվի. նոր նախագիծ

Hetq.am-ը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահին և անդամներին ամեն ամիս իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով հավելում տրամադրել։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Դատական օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ ԲԴԽ անդամի վարձատրության չափը չի կարող պակաս լինել Վճռաբեկ դատարանի դատավորի վարձատրությունից, սակայն քանի որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորներին տրամադրվում է աշխատավարձի կեսի չափով հավելում, ուստի ստացվում է, որ նրանց վարձատրության չափը գերազանցում է ԲԴԽ անդամների վարձատրությունը։

Օրենքի հենց այս բացը լրացնելու համար արդարադատության նախարարությունն առաջարկում է ԲԴԽ անդամներին ևս աշխատավարձի կեսի չափով հավելում տրամադրել։ ԲԴԽ նախագահի աշխատավարձի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 16 է, իսկ անդամներինը՝ 12։ Նրանց ամսական աշխատավարձը հաշվարկելիս պաշտոնային գործակիցը բազմապատկվում է բազային աշխատավարձով։ 2023 թվականից բազային աշխատավարձը սահմանվելու է 83 200 դրամ։

Ստացվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասով պաշտոնային դրույքաչափի (83 200 x 16=1 331 200) 50 տոկոսը կազմում է 665 600 ՀՀ դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 665 600 x 12=7 987 200 դրամ)։ ԲԴԽ մեկ անդամի մասով պաշտոնային դրույքաչափի (83 200 x 12=998.400 ՀՀ դրամ) 50 տոկոսը՝ 499 200 դրամ (ամսական, իսկ տարեկան՝ 499 200 x 12=5 990 400 ՀՀ դրամ): Արդյունքում, ԲԴԽ նախագահի և 9 անդամի մասով հավելումների ընդհանուր գումարը կազմելու է 61 900 800 դրամ (53 913 600+7 987 200) մեկ տարվա կտրվածքով:

Հավելենք, որ այս նախագիծն օրինական ուժ ստանալու համար նախ պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի կողմից»։

Այս խորագրի վերջին նյութերը