Քաղաքական

14.10.2022 17:36


Երևանն ու Բաքուն պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ. սա խաղաղության պայմանագրի հիմքն է. Բայրամով

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման շուրջ. սա խաղաղության պայմանագրի հիմքն է. Բայրամով

Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվել են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի շուրջ։ Սա խաղաղության պայմանագրի հիմքն է։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Աստանայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։

Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրի հետ կապված, հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել երկկողմ հանդիպում, որին Ադրբեջանը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման տարբեր ոլորտների շուրջ։

Բայրամովը նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբում բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի հիման վրա կարևոր է գործնական աշխատանք սկսել հաղորդակցությունների բացման ուղղությամբ։

Նա ասել է, որ արդեն ստեղծվել են սահմանազատման հանձնաժողովներ, այս պահին երկու հանդիպում է կայացել։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է անցկացնել երրորդ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքում հայտարարություն է ընդունվել, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Նրանք հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ:

Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը»:

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները Չեխիայի մայրաքաղաքում կայացել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը