Մեկնաբանություն

09.10.2022 16:53


Որն է Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծը

Որն է Նիկոլ Փաշինյանի կարմիր գիծը

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է իր կարմիր գծերի մասին: Ըստ նրա՝ կարմիր գիծը Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետրն է 1991-ին ֆիքսված սահմաններով:

Փաշինյանն ասում է, որ ինքը խաղաղություն է բերում՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով: Ճիշտ է, նա 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններում այլ բաներից էր խոսում (Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում՝ առանց սահմանափակումների, նախկին ԼՂԻՄ տարածքի դեօկուպացիա և այլն), բայց հիմա հետ է կանգնել իր խոստումներից ու Ալիևից խաղաղություն է մուրում:

Ոմանք լուռ համաձայնել են Արցախն Ադրբեջանին հանձնելու գնով 29.800 քառակուսի կիլոմետրում խաղաղ ապրելուն, բայց դա մեծ մոլորություն է:

Եթե Նիկոլի կարմիր գիծը ՀՀ տարածքն է, ապա թշնամին վաղուց հատել է այդ գիծը Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում: Հետևաբար՝ կարմիր գծերի մասին խոսակցությունները դատարկություն են: Եթե այդպես լիներ, ապա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու պրահյան համաձայնությունից հետո ադրբեջանցիները պետք է դուրս գային ՀՀ ինքնիշխան տարածքից, բայց չեն գալիս: Ավելին՝ Պրահայում տեղի ունեցած քննարկումներից հետո Ալիևը գրել է, որ Ադրբեջանի համար ազգային գաղափարներ են դառնում Ղարաբաղն ու Զանգեզուրը: Դա նշանակում է, որ Ալիևը ՀՀ տարածքային ամբողջականության մասին ունի սեփական պատկերացումները, և ինչպես Նիկոլն էր խոստովանել՝ Ալիևը Երևանը ևս համարում է ադրբեջանական: Նիկոլը նաև «լեզվի սայթաքում» էր թույլ տվել՝ հայտարարելով, որ Հայաստանն է Ադրբեջանի կազմում:

Եվ ուրեմն, ո՞րն է Նիկոլի իրական կարմիր գիծը: Նա իրականում ՀՀ-ի համար կարմիր գիծ չունի: Նրա կարմիր գիծն իր անձնական անվտանգությունն է: Եթե այդ անվտանգության գինը ամբողջ Հայաստանն է, ապա նա պատրաստ է վճարել այդ գինը: Միայն թե փախչելու տեղ ունենա:

Դատելով Նիկոլի հակառուսական քաղաքականությունից՝ նա իր ապաստանը փնտրում է Արևմուտքում և, ըստ ամենայնի, այդ մասով ունի համաձայնություն:

Եթե Նիկոլը կարողանա գլուխ բերել Հայաստանից ու Արցախից ռուսական զորքերի դուրս բերումը, ապա նրա երաշխավորները կապահովեն «ժողվարչապետի» անձնական անվտանգությունը: Հայաստանն ու Արցախը, բնականաբար, ոտատակ կհայտնվեն, բայց դա Նիկոլին ու իր հովանավորներին քիչ է հետաքրքրում: Ինչպես ասում են՝ անտառը հատում են, տաշեղները թռնում են: Մինչև այդ Նիկոլը պատրաստ է բավարարել Էրդողանի ու Ալիևի բոլոր պահանջները և մանրադրամ դարձնել Հայաստանն աշխարհաքաղաքական խաղերում:

Ահա՛ այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կարմիր գծերի մասին: Մնացածը դեմագոգիա է ու մանիպուլյացիա:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը