Քաղաքական

03.10.2022 16:11


Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ պահվում է 17 ռազմագերի. ՄԻԵԴ

Ադրբեջանը հաստատել է, որ Հայաստանի դեմ սեպտեմբերի 13-ին իրականացրած ագրեսիայի հետևանքով իր մոտ պահվում է 17 ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի տեղակալ Դիանա Քարազյանն՝ ընդգծելով, որ ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ է պահանջել գերիների վերաբերյալ, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկություն է տվել:

«Այս պահի դրությամբ գրասենյակն իր աշխատանքները կենտրոնացրել է ռազմագերիների հետ կապված հրատապ միջոց կիրառելու ուղղությամբ։ Սակայն Ադրբեջանը ոչ միշտ է այն ինֆորմացիան ներկայացնում, որը պահանջել է ՄԻԵԴ–ը։ Ադրբեջանը հաստատել է, որ իր մոտ 17 ռազմագերի է գտնվում, որոնց մասին շատ ընդհանուր տեղեկություն է տրամադրել»,–ասաց Քարազյանը։

Նրա խոսքով` ՄԻԵԴ–ն Ադրբեջանից մանրամասներ էր պահանջել գերիների վերաբերյալ, մասնավորապես` նրանց բուժզննման և այլ հարցերի հետ կապված, բայց Ադրբեջանը, ինչպես միշտ, ընդհանուր տեղեկատվություն է տվել։ Ադրբեջանի նման վարքագիծը, ըստ Քարազյանի, նորություն չէ։

Նա նաև հավելեց, որ այս պահին 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվում է շուրջ 30 գերի, որոնց թվում կան նաև քաղաքացիական անձինք:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից տարածվող տեսանյութերին, ընդգծեց, որ ԿԽՄԿ-ն, լինելով չեզոք մարդասիրական կազմակերպություն, իրավասություն չունի հանրային հարթակում որևէ հայտարարություն անելու դեպքերի ու տեսանյութերի վերաբերյալ, բայց նման հարցերը գտնվում են իրենց մշտական հսկողության տակ:

«44-օրյա պատերազմի և 2022 թվականի ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված անձանց մենք ամիսը մեկ անգամ այցելում ենք և փորձում ենք այդ պարբերականությունը պահել: Այցելությունների ընթացքում գերիներին ենք փոխանցում հարազատներից տեսանյութեր, նամակներ, զանգի հնարավորություն, և հակառակը»,- նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը