Մեկնաբանություն

01.10.2022 00:02


Փաշինյանը ներկայացրեց ՀՀ լուծարման հռչակագիրը

Փաշինյանը ներկայացրեց ՀՀ լուծարման հռչակագիրը

Եթե Հայաստանի անունից բանակցողը

ստախոս է, անգրագետ, դավադիր,

–տարբեր ձևակերպումներով քարոզում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ» կարգախոսը,

–պաշտոնապես ընդունում է թշնամու հակահայկական փաստարկներն ու փրփուրը բերանին «հիմնավորում» դրանք,

–Ղարաբաղի հարցը համարում է Ադրբեջանի ներքին խնդիր ու ձեռքերը լվանում Արցախից՝ պաշտոնապես ընդունելով, որ հայ–ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրում կարող է անդրադարձ չլինել Ղարաբաղին (ինչպես Ադրբեջանն է պահանջում),

ղարաբաղցիներին առաջարկում է իրենց գլխի ճարը տեսնել՝ Բաքվի հետ լեզու գտնելով,

– հիմքեր է դնում Հայաստանը ՀԱՊԿ–ից դուրս բերելու, հակառուսական հիստերիան ավելացնելու և մեր երկիրն աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ ներքաշելու համար (նրա «խիզախությունն» Արևմուտքում խրախուսում են այնպես, ինչպես ժամանակին խիզախ էին համարում սովետական «դեմոքրըսիի» հայր Գորբաչովին),

–նենգափոխում է Ղարաբաղյան բանակցությունների նախորդող ընթացքն ու անում հակապետական հայտարարություններ, որոնք նույնիսկ Ալիևը չի անում (Ալիևը բողոքում էր, որ իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը, իսկ ՀՀ անունից բանակցողը հիմա «ապացուցում» է, որ նման բան չի եղել),

–Ալիևից խաղաղություն է մուրում՝ պատրաստակամություն հայտնելով դա անել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, բայց միաժամանակ խոստովանում է, որ նույնիսկ Արցախի գնով չի կարողանում բավարարել Ալիևի ախորժակը, քանզի վերջինս Հայաստանի վրա աչք ունի,

–ընդունում է, որ իր վարած գնացքը գնում է դեպի անդունդը,

ապա այդ բանակցողը պետք է հնարավորինս արագ քաղաքական կապիտուլյացիայի ենթարկվի, այլապես կկապիտուլացվի Հայաստանը։

Եվ վերջում ամենակարևորի մասին։

Նիկոլ Փաշինյանը փաստացի պատռեց ՀՀ անկախության հռչակագիրը՝ Հ1–ի ուղիղ եթերում քարոզելով, որ պետք է մոռանալ 88–ի շարժման, դրա նպատակների, Հայաստանի ստանձնած առաքելության մասին ու կառուցել առանց Արցախ Հայաստան։

«Ղարաբաղը մոռանանք, փորձենք տեր կանգնել 29.800 քառակուսի կիլոմետրին, ապավինենք թուրք–ադրբեջանական տանդեմի գթասրտությանը, Արևմուտքի հասցեական հայտարարություններին ու միգուցե խաղաղ կապրենք և միգուցե կունենանք պետություն»,–«նոր Հայաստանի» նոր հռչակագիրն է առաջարկում Փաշինյանը։ Հռչակագիր, որը պետության լուծարման մասին է։ Կապիտուլյացիայի մասին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը