Մեկնաբանություն

30.09.2022 14:15


Ջերմուկի պաշտպանությունը և Ամուլսարի «պահպանակները»

Ջերմուկի պաշտպանությունը և Ամուլսարի «պահպանակները»

Ջերմուկի ուղղությամբ թշնամու հարձակումները ստիպում են հիշել, թե ինչպես էին իրենց պատառոտում Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկողները։ Դրանց մեջ կային դրսից ու ներսից ստացած գումարներով «պայքարիստներ» և ազնիվ քյարփինջներ (քարոզչության զոհեր, որոնք ձրի պայքարում էին հանքի շահագործման դեմ՝ չհասկանալով, որ ընդամենն օգտագործման մատերիալ են)։

Ջերմուկը հիմա ուրվական քաղաք է դարձել, մարդիկ տարհանվել են, տարածքը ռմբակոծվում է, վնասվում է շրջակա միջավայրը, բայց Ամուլսարի պահապաններին մենք չենք տեսնում գոնե «Save Jermuk» պաստառներով։ Նրանք անհետացել են։ Օքսիդացել են։ Չկա՛ն։

Երբ Ամուլսարի «պահպանակները» կռիվ էն տալիս Հայաստանի՝ միջազգային բորսայում միակ ցուցակված կազմակերպության դեմ, հնչում էին տեսակետներ, որ այս ամենը մեր երկրի թշնամիների ձեռքի գործն է, քանզի միայն Թուրքիային ու Ադրբեջանին էր պետք, որպեսզի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չլինեն, բյուջեում լրացուցիչ փող չմտնի, որպեսզի դա զենքի ու մեր բանակի հզորացմանը չծառայի։ Ժամանակը ցույց տվեց, որ դա անհիմն տեսակետ չէր։

Հիմա Ամուլսարը ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ է հայտնվել, ինչը հաստատ գոհացնում է Ամուլսարի «պահպանակներին», քանզի նման պայմաններում հանքը հաստատ չի շահագործվի։ Դե իսկ եթե, Աստված չանի, Ամուլսարն անցնի ադրբեջանցիներին, ապա այդ «պահպանակները» լիակատար երջանկության մեջ կհայտնվեն։ Նրանց այդ ժամանակ չի հետաքրքրի, որ արդեն Ադրբեջանն է շահագործելու հանքը, եթե հաջողացնի այն մեզանից խլել։ Դա չի մտահոգի «պահպանակներին», քանզի իրենց խնդիրն ամենևին էլ բնապահպանական չի եղել։

Նիկոլ Փաշինյանն այդ «պահպանակների» հետ խաղեր տվեց ու սպանեց Հայաստանի ներդրումային իմիջն ամբողջ աշխարհում։ Հիմա մենք արդեն Ջերմուկը կորցնել–չկորցնելու մասին ենք մտածում, բայց դա ամենևին էլ «պահպանակներին» չի հուզում, քանզի իրենք իրենց գործն արեցին, փողը առան ու թռան։ Ձևի համար գոնե մեկ հոգի դրանցից չի պաշտպանում Ջերմուկը։ Վճարովի «բնապահպանների» իրական դեմքը հենց սա է։ Դրանք կարող են կապիկություններ անել, ծիծիկները բաց նկարվել խոտերի վրա, թե բա՝ մենք բնության համար ենք պայքարում, բայց իրականում հաշվենկատ կոմերսանտներ են։ Իրենց կոմերցիայի առարկան մեր երկիրն է։ Ոչինչ որ պատվիրատուն կամ ավելի ճիշտ՝ գնորդը կարող է թշնամին լինել։ Այդ «մանր» բաները կանաչների սիրահար «բնապահպաններին» չի հետաքրքրում։ Իրենք սիրում են կանաչը ոչ թե այն պատճառով, որ խոտերի ու ծառերի տերևի գույնն է այն, այլ սիրում են, քանզի դոլարին այլ կերպ «կանաչ» են ասում։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը