Մեկնաբանություն

28.09.2022 19:34


Ֆրանսիական նավերը կբարձրանա՞ն հայկական լեռները

Ֆրանսիական նավերը կբարձրանա՞ն հայկական լեռները

Ֆրանսիան մեզ բարեկամ երկիր է։ Սա նորություն չէ։

Ֆրանսիան բարեկամ է, բայց գետնի վրա, այսինքն՝ իրական կյանքում չի կարող անվտանգային հարցերում առարկայական օգնություն ցուցաբերել Հայաստանին։

Ֆրանսիան, ԱՄՆ–ը մեր բարեկամներն են, բայց Սյունիքի լեռներում կամ մեր երկրի այլ գոտիներում նրանց նավերին մենք չենք կարող տեսնել, քանզի այդ նավերը հայկական լեռները չեն կարող բարձրանալ։

Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման հարցում շահագրգիռ է Հայաստանը։ Նաև մեր դաշնակիցները՝ Ռուսաստանն ու Իրանը։

Ցավոք, Ռուսաստանն այժմ ինքն ունի խնդիրներ ու նախկինի պես չի կարող խոսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Բայց դե, ժողովրդական լեզվով ասած, ուղտն ինչքան էլ սատկած լինի՝ մի էշաբեռ է։ Ասել է թե՝ ՌԴ–ն անկախ ամեն ինչից զսպող գործոն է։

Ադրբեջանաթուրքական ագրեսիային զսպող գործոն է նաև Իրանը, որը հայտարարել է, որ թույլ չի տա սահմանների ու քարտեզի փոփոխություն։ Իրանը 40–45–հազարանոց զորք է մոտեցրել Սյունիքի սահմաններին՝ ցույց տալով, որ զենքով է պաշտպանելու իր հայտարարությունները։

Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են և մեզ անվտանգային համակարգի ու ճարտարապետության մեջ նոր համալրում է պետք՝ ի դեմս Իրանի հետ ռազմաքաղաքական նոր որակի հարաբերությունների հաստատման։ Այս մասին ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա նաև նշեց, թե ինչ քայլեր պետք է արվեին (հարաբերությունների նոր մակարդակի փաստաթղթային բազա, համատեղ զինավարժություններ և այլն), որ չեն արվել և ինչ է պետք անել հենց այսօրվանից, քանզի ամեն մի օրը կարևոր է։

Վերադառնալով Արևմուտքի թեմային՝ նկատենք, որ շատ լավ է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, անգլիացիները, ԱՄՆ–ը հասցեական քննադատում են Ադրբեջանին ու պահանջում դուրս բերել զորքերը ՀՀ տարածքից, բայց ՀՀ քաղաքացիները պետք է ավելորդ պատրանքներ չունենան արևմտյան նավերի մասով։ Հայտարարություններից այն կողմ Արևմուտքը չի անցնելու ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիայի ու ԵՄ–ին էներգակիրներ մատակարարող Ադրբեջանի դեմ։ Այնպես որ պետք է առաջին հերթին ապավինենք ինքներս մեզ, բանակը արագ վերակառուցենք ու դառնանք գործոն։ Միայն գործոնի հետ են հաշվի նստում թշնամիները։ Միայն գործոնին են հարգում և օգնության հասնում դաշնակիցներն ու բարեկամները։

Մնացածն արկածախնդրություն է և տգիտություն։ Նիկոլ Փաշինյանը հենց դրանցով էլ աչքի է ընկնում՝ հանուն սեփական կաշվի փրկության Հայաստանը դարձնելով Արևմուտք–Ռուսաստան բախման թատերաբեմ։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Նիկոլի արկածախնդրությունը և մասնավորապես՝ հակառուսական հիստերիան, հաճելիորեն զարմացրել է Արևմուտքին։ Նրան նույնիսկ «խիզախ գործիչ» են անվանել։ Խիզախությունն էլ այն է, որ Նիկոլը դառնում է Մոսկվայի ու Թեհրանի աչքի փուշը՝ թուրք–ադրբեջանական գայլի երախն ուղարկելով Հայաստանն ու Արցախը՝ նպաստելով ՌԴ գործոնի չեզոքացմանը մեր տարածաշրջանում։

Սա իրականում ոչ թե խիզախություն է, այլ մեկ ուրիշ բան, բայց դե Ֆրանսիայում նրբանկատ են ու կարողանում են իրերն իրենց անունների փոխարինիչներով ներկայացնել։

Այս խորագրի վերջին նյութերը