Մեկնաբանություն

13.09.2011 17:45


Հասարակության իրական և պարտադրվող հետաքրքրությունները

Հասարակության իրական և պարտադրվող հետաքրքրությունները

Մինչ Հայաստանյան քաղաքական-հասարակական էլիտան գտնվում է վիկիլիքսյան հրապարակումների ազդեցության տակ` հասարակությունն ապրում է իր ընթացիկ կյանքով:  Դրանք  երբեմն էապես տարբերվում են թե՛ օտարերկրյա դիվանագիտական նամակագրության բովանդակությունից, թե՛  ներհանրապետական լրատվական հոսքերից:

«500 Ձայն» հասարակական  հետազոտությունների խմբի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ հայաստանցիների  միայն 15 տոկոսն է հետաքրքրված իշխանություն-ՀԱԿ երկխոսությամբ: Չափահաս  բնակչության ճնշող մեծամասնությունն, անկախ քաղաքական հայացքներից,  անտարբեր է երկխոսության հանդեպ:

Երկրի բնակչությանը հետաքրքրում են միանգամայն այլ բնույթի խնդիրներ, որոնցից ամենակարևորն են սոցիալական վիճակի վատացումը, աշխատատեղերի բացակայությունը, ընտանիքի բարեկեցության վատացումը, բանակի խնդիրը և այլն:

«Ո՞ր քաղաքական ուժն է ավելի մեծ տեղ տալիս սոցիալական ոլորտին» հարցին մասնակիցների  34  տոկոսը պատասխանել է ԲՀԿ, այնուհետև ՀԱԿ՝ 18%, ՀՅԴ` 15%:

«Բարգավաճ Հայաստանը» ևս մի քանի հարցադրումներում ունի ակնհայտ առավելություն, -ասում է հետազոտական խմբի համակարգողներից` Բ. Մաթևոյանը: Դրանք այն խնդիրներն են, որոնք վերաբերում են բնակչության առաջնային սոցիալական, բարեկեցության ոլորտներին:  Պարզ ասած, մարդիկ սկսել են նախկինի համեմատ վատ ապրել և այն քաղաքական ուժը, որն իր գործունեության շեշտը կդնի հենց այդ՝ հասարակ մարդկանց  համար օրակարգային  թեմաների վրա, կդառնա ավելի վարկանիշային` կտրուկ մեծացնելով իր սոցիալական բազան:

Միևնույն ժամանակ հարցվողների 22 տոկոսը համարում է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների խնդիրները,  առաջնահերթ են «Ժառանգության»  ծրագրերում, երկրորդ տեղում  է ՀԱԿ-ը` 20 տոկոս:

Սա հիմնականում պայմանավորված է  «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների գործունեությամբ: Հանրային կյանքի ցանկացած կոնֆլիկտային իրավիճակներում այս խմբակցության պատգամավորները մշտապես  լինում են դեպքի վայրում ու փորձում պաշտպանել բողոքավոր խմբերի իրավունքները` դառնալով տարբեր սոցիալական խմբերի և իշխանությունների միջնորդը:

Հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող խնդրում  հարցվողների 28 տոկոսի համար ավելի ընդունելի է  ՀՅԴ դիրքորոշումը: Հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ արձանագրությունների սառեցման և բանակցությունների ձախողման  արդյունքում Հայաստանում աճել են ազգայնական տրամադրությունները: Այստեղ մեծ դեր խաղաց նաև ՀՅԴ-ի հստակ տարանջատումը արձանագրությունների ստորագրման ողջ գործընթացից:

Այնուհանդերձ, հետազոտության արդյունքում ընդգծվում է, որ գործող իշխանության հիմնական ընդդիմադիր ուժ  հասարակությունը շարունակում է համարել ՀԱԿ-ին` մոտ 24 տոկոս: Ե՛վ «Ժառանգությունը», և՛ ՀՅԴ-ն, և՛ «Ազատ դեմոկրատները» դեռևս լուրջ անելիք ունեն հանրային գիտակցության մեջ ազդեցիկ ընդդիմադիր ուժի կարգավիճակ ստանալու համար: Մինույն ժամանակ մոտավորապես 25 տոկոսը նշում է  նոր  քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտությունը:

«Երկրի տնտեսական խնդիրների շուրջ ո՞ր քաղաքական ուժի դիրքորոշումներն են Ձեզ ավելի հոգեհարազատ» հարցին ստացվել է հետևյալ պատկերը.  ԲՀԿ` 35 տոկոս, ՀԱԿ` 22, Ժողովրդական կուսակցություն` 7:

Վերջին տարիների ընթացքում լինելով իշխող կոալիցիայի մաս, ԲՀԿ-ին այնուամենայնիվ հաջողվեց իր վրա չվերցնել  գործող կառավարության կողմից տարվող տնտեսական քաղաքականության պատասխանատվությունը: Կուսակցության սոցիալական բազան համալրվեց դժվար օրեր ապրող փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներով: Սոցիալական և ընդհանուր տնտեսական թեմաներով ԲՀԿ-ին հաջողվել է լուրջ կոնսոլիդացիա ապահովել և իր վարկանիշն ապահովում է հենց այս խնդիրներով:

Սրան զուգահեռ` ԲՀԿ-ի թույլ կողմը մնում է  քաղաքական թիմի անհստակությունը, խմբակցության պասիվությունը:

Որքան էլ ընդդիմությունը պահանջի արտահերթ ընտրություններ, իսկ իշխանությունը չտեսնի դրա համար օբյեկտիվ նախադրյալներ՝ «500 ձայն» հասարակական հետազոտությունների խմբի տվյալներով` հայաստանցիների 35 տոկոսը կարևորում է Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, 23 տոկոսը` Լոնդոնի օլիմպիական խաղերը:

«Հետագայում մենք խնդիր ենք դրել անցկացնել ոլոտային հետազոտություններ, ինչպես նաև էքսպրես հետազոտություններ` պարզելու համար այս կամ այն իրադարձության կամ որոշման հանդեպ հասարակական տրամադրությունները: Ամենևին պարտադիր չէ, որ դրանք լինեն քաղաքական բովանդակության: Հասարակության ընթացիկ կյանքը շատ ավելի տեղեկատվություն է պարունակում, քան հեռուստաեթերներն ու ներկայացվող լրատվական հոսքերը», ասում է Բ. Մաթևոսյանը:

Հրանտ Մարկոսյան

Այս խորագրի վերջին նյութերը