Մեկնաբանություն

25.09.2022 00:38


Նիկոլի չարագուշակ խոստումը․ Հայաստանը պարտության խորհրդանիշ (0-5)

Նիկոլի չարագուշակ խոստումը․ Հայաստանը պարտության խորհրդանիշ (0-5)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հերթական անատամ խաղն անցկացրեց և հերթական խայտառակ պարտությունն ունեցավ։ Մեր ընտրանին պարտվեց Ուկրաինայի միջակ հավաքականին 0-5 հաշվով։ Տհաճ տեսարան էր։

Այս ամենի պատճառները բազմաթիվ են․ սկսած ֆուտբոլի ֆեդերացիայի ոչ պրոֆեսիոնալ ու թալանչիական աշխատանքից, վերջացրած հավաքականի անդամների վատ մարզավիճակն ու խոպանչի գլխավոր մարզիչը։ Վերջինս գործնականում արդեն մի քանի ամիս է, ինչ չի զբաղվում հավաքականով, չի հաճախում ՀՀ առաջնության խաղերին, չի հետևում ֆուտբոլիստներին։

Իսպանացի Կապառոսը, որին մեր ունեցած տեղեկություններով տարեկան մոտ 1 միլիոն դոլար աշխատավարձ են տալիս, ձեռքերը փաստացի լվացել է հավաքականից։ Բայց շարունակում է ֆորմալ գլխավորել հավաքականը։ Արդյունքներն ակնհայտ են։

Ինչ վերաբերում է ֆեդերացիային, ապա առիթներ ունեցել ենք գրելու, որ ադրբեջանամետ կայքի խմբագրի աթոռից ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աթոռին հայտնվելուց հետո Արմեն Մելիքբեկյանը ցույց է տվել իր ոչ կոմպետենտությունը։ Իր մոտ անհամեմատ լավ էր ստացվում հակահայկական ու ադրբեջանամետ քարոզը։ Բայց մենք հիմա չենք առաջարկում նրան հրաժարվել ֆեդերացիայի նախագահի աթոռից ու վերականգնել իր ադրբեջանամետ գործունեությունը։ Մենք պահանջում ենք հրաժարական տալ ֆեդերացիայի նախագահի պաշտոնից ու չզբաղվել որևէ հանրային գործունեությամբ, կամ էլ՝ ինքնահանձնվել Ադրբեջանին, քանզի ինքն այդ երկիրը շատ է սիրում։

Հրաժարական պետք է ներկայացնի նաև Կապառոսը։ Չէ՞ որ իր հարազատ Իսպանիայում նրա ցույց տված արդյունքներն ապահոված ցանկացած մարզչի, այդ թվում՝ ամենատիտղոսակրին, վաղուց հրաժեշտ տված կլինեին, ավելի ճիշտ՝ ցանկացած իրեն հարգող ու պատասխանատու մարզիչ հրաժարական տված կլիներ։ Բայց դե մեր երկրում այդ խաղի կանոնը չի գործում։

«Դե եթե Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ Արցախի պետականությունը վարի տվեց, հազարավորների գլուխը կերավ, հիմա Հայաստանն է դրել զոհասեղանին, և այս պայմաններում հրաժարական չի տալիս կամ չի վռնդվում վարչապետի աթոռից, ապա իրենք ինչո՞ւ պետք է հեռանան իրենց պաշտոններից՝ «կակոյ նիբուծ» խայտառակ հաշիվներով խաղերը պարտվելու համար»,– մտածում են Մելիքբեկյանը, Կապառոսը ու մնում աթոռներին՝ խայտառակելով բոլորիս։

Եվ վերջում․ հիշու՞մ եք, թե ինչեր էր խոստանում Նիկոլը 2050 թվականի մասով։ Ասում էր մինչև այդ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր ենք դառնալու։ Դա նրա հերթական բլեֆներից էր ու չարագուշակ կանխագուշակումներից, քանզի նրա ասածները միշտ հակառակ նշանով են կատարվում։ Վկան՝ Հայաստանի խայտառակ պարտությունները։

Նիկոլի դեպքում 5-0 կամ ավելի վատ հաշվով պարտություններ են բոլոր ոլորտներում։ Ու քանի նա կա, Հայաստանը համաշխարհային խայտառակության ռեկորդներ է սահմանելու։

Պետրոս Ալեքսայան

Այս խորագրի վերջին նյութերը