Քաղաքական

17.09.2022 13:51


Երևանի և Բաքվի միջև դաշինք է առաջանում Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հարցում. Կոլերով

Երևանի և Բաքվի միջև դաշինք է առաջանում Ղարաբաղում ռուս խաղաղապահների մանդատի հարցում. Կոլերով

Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում Ռուսաստանին մեղադրել է ուկրաինական իրադարձություններին չափից դուրս ներգրավված լինելու եւ Անդրկովկասի հարցերով չզբաղվելու մեջ։ Նա եզրակացրել է, որ Ռուսաստանի կարիքը չկա ու գնացել է Բրյուսել, իսկ Երեւան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել։ Դուք դուրս շպրտեցիք Ռուսաստանը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, պատմաբան Մոդեստ Կոլերովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը նպատակ ունի ՄԱԿ-ի մանդատ ստանալ Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության համար։

«Հայտնի է նաեւ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեծամասնությունը պատկանում է ԱՄՆ-ին։ Դա նշանակում է, որ Երեւանը խաղաղապահ առաքելությունն ԱՄՆ վերահսկողության տակ փոխանցելու խնդիր է դնում։ Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներն այդ մանդատը չեն կատարի»,-հավելեց նա։

Այստեղից Կոլերովը եզրակացրել է, որ Երեւանի եւ Բաքվի միջեւ բնական դաշինք է ձեւավորվում, քանի որ Ադրբեջանը չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը Ղարաբաղում, ժամկետի կեսն արդեն անցել է, եւ երաշխիքներ չկան, որ Բաքուն կերկարաձգի այդ մանդատը։

«Երեւանն օգնում է Բաքվին եւ կասկածի տակ է դնում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգման հնարավորությունը։ Բայց որտեղի՞ց է գալիս այս միամտությունը, որը ԱՄՆ-ն կպաշտպանի։ Ադրբեջանն այժմ առաջ է շարժվում Սյունիքում։ Ի՞նչ է, ԱՄՆ-ն պաշտպանե՞ց։ Երեւանը եվրաատլանտյան ինտեգրման կուրս է բռնել, խաղաղապահների մանդատի վերանայումը դեպի ՆԱՏՕ է շարժվում։ Իսկ ո՞րն է Հայաստանին ՆԱՏՕ-ի ամենամոտ երկիրը։ Թուրքիան։ Ոչ մի այլ երկիր ՆԱՏՕ-ն Անդրկովկասում չի ներկայացնի»,-եզրափակեց պատմաբանը։

***

Ադրբեջանի նպատակը Սյունիքում հերթական էքսպանսիան է. Սյունիքի 40 հազար բնակչությունից 7.5 հազարը հեռացել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։

«Կարծում եմ՝ Ադրբեջանի կողմից Սյունիքում Հայաստանի թիկունքի գնդակոծումը տեղի բնակչությանը վտարելու նպատակ ունի։ Եթե ​​այսպես շարունակվի, բնակչությունը կհեռանա, Սյունիքը կդատարկվի։ Ընդ որում, Բաքուն ակնկալում է, որ Հայաստանը չի հրաժարվի Ադրբեջանից Նախիջեւան տարանցման իր համաձայնությունից։

Տեղի հայ բնակչության բացակայության դեպքում կենդանության միակ նշանը կլինի միայն ադրբեջանական տարանցումը Նախիջեւան, որը կիրականացվի առնվազն ադրբեջանական ոստիկանության մասնակցությամբ։ Դա կլինի տարանցման ուժային կողմը: Այնուհետեւ տարածքը կյուրացվի։ Ցանկացած սահման, սահմանապահներին օգնության մակարդակով ցանկացած պաշտոնական վերահսկողություն տեղի բնակչության առնվազն նվազագույն ներկայություն է պահանջում, հակառակ դեպքում սահմանապահները մեկուսացման մեջ կլինեն։

Տարօրինակ է, որ այս պայմաններում տարանցման վերաբերյալ Հայաստանի համաձայնությունը հետ չի կանչվել։ Բաքուն ուզում է վերցնել Սյունիքը, վտարել բնակչությանն ու ամրապնվել այնտեղ։ Որեւէ մեկը կասկած չունի, որ Հայաստանն Ադրբեջանից Նախիջեւան տանող ճանապարհը չի գնդակոծի։ Հենց դա պետք է հայտարարեր Երեւանը եւ ավելացներ, որ եթե առաջ գաք, ոչ մի ճանապարհ չի լինի։ Բայց դա տեղի չի ունենում»,-հավելեց Կոլերովը:

Այս խորագրի վերջին նյութերը