Մեկնաբանություն

11.09.2011 22:27


Առկախված «երկխոսությունը» և «սկսել ա»–ն

Առկախված «երկխոսությունը» և «սկսել ա»–ն

Երբ ամռանը մեկնարկում էր սերժալևոնական գյալաջին, որին տրվել էր «երկխոսություն» անվանումը, Սերժ Սարգսյանն անկեղծորեն խոստովանեց, որ դրա նախաձեռնողն ինքն է եղել։

Եվ իրոք, երկխոսություն կոչվածը պետք էր իշխանությանը, որը կատարեց Հայ ազգային կոնգրեսի 3 «պահանջները», իսկ փոխարենը ստացավ Տեր–Պետրոսյանի շուրջը իշխանությունից զզված զանգվածի մոբիլիզացում և պապիի ձեռքերով հեղափոխական ալիքի մարում։ Այսինքն՝ Սարգսյանը գարնանը Տեր–Պետրոսյանին զիջեց այն ինչն իրեն այլևս պետք չէր, ամռանը «երկխոսություն» բեմադրեց, իսկ սեպտեմբերին էլ ստացավ ՀՀ–ի մասով մոնիտորինգ իրականացնող ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովի գնահատականը, ըստ որի՝ մարտի 1–ի էջը եվրոկառույցը փակված է համարում, քանի որ երկխոսություն է տեղի ունենում նախկին ախոյանների միջև։

Այսպիսով՝ Տեր–Պետրոսյանի հաճախորդացման ու «երկխոսացման» արդյունքում Սարգսյանին հաջողվեց երկարաձգել իր պաշտոնավարումը։

«Երկխոսությունը» ձեռնտու էր նաև որոշ ՀՀԿ–ականների կողմից «Օջախ» ու Սևան հրավիրվող ՀԱԿ առաջնորդին, ով օգտագործեց այս տարվա փետրվար–մարտին ստեղծված ներիշխանական իրավիճակը, որսաց այն պահը, երբ կարող էր վերածվել ՀՀԿ «ճկուն» ղեկավարի կայունության երաշխիքի (Դավիթ Շահնազարյանի ականջը կանչի) և իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ դառնալով «Եղիազար Այնթապցու» հետ գյալաջի անող «էջմիածնական միաբան»։

Այժմ արդեն Ս. Սարգսյանին պետք չէ «երկխոսությունը» և ՀԱԿ–ին այլ բան չի մնում, քան առկախել այն ու սպասել, թե երբ կրկին կբացվեն Կառավարության ընդունելությունների տան դռները և ՀԱԿ պատվիրակներն անվճար կպտտեցվեն «ազատ, բայց սերժատու» հեռուստաալիքների լրատվական ծրագրերով։

Նկատենք, որ Սարգսյանին կոնգրեսականները կրկին հարկավոր կլինեն, երբ ներիշխանական հերթական լարումը լինի, բայց դրա համար Տեր–Պետրոսյանը պետք է գլխաքանակ կարողանա հավաքել Ազատության հրապարակում, այլապես կարժանանա Գեղամյանի ճակատագրին ու ստիպված կլինի բավարարվել միայն կայքերում ու թերթերում Սերժ Սարգսյանին պաշտպանող հոդվածներ գրելով։

Գեղամյանի ճակատագրից առժամանակ խուսափելու և 2012–ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի քանի մանդատ ձեռք գցելու նպատակով է, որ Տեր–Պետրոսյանին ու իր թիմակիցներն մարդաքանակ է պետք, որպեսզի Սերժի հետ առևտրի ժամանակ բան ունենան ծախելու, ինչպես որ վարվեցին փետրվար–մարտ ժամանակահատվածում։

Տերպետրոսյանականները հասկացել են, որ Սերժ Սարգսյանը քաղաքական «նատուրալիստ» է ու միայն «կանխիկ» գլխաքանակ հավաքելու և այդ գլուխներին տուն ուղարկելու դիմաց է պատրաստ «երկխոսել» իր «ընդդիմախոսների» հետ։ Դա է պատճառը, որ կոնգրեսականները ճարահատյալ  դառնում են «արմատական» ու դրանով իսկ փորձում են հանրային մոբիլիզացիա ստանալ, իսկ հանրահավաքի մասնակիցներին էլ ձգտում են տաք պահել «սկսել ա» կամ «հիմա» կարգախոսներով, այնինչ իրականում առաջնորդվում են «չի սկսելու»–ով և «երբեք»–ով։

Եթե Տեր–Պետրոսյանը անկեղծ լիներ իր շարքերի հետ, ապա «ցասման» հանրահավաքում «սկսել ա» ազդարարելով՝ պետք է շարունակեր իր խոսքը հետևյալ կերպ. «Սկսել ա Սերժի հետ առևտուրը հաջողացնելու և վերջնականապես նրա «էջմիածնական միաբանը» դառնալու եզրափակիչ փուլը»։

Ամփոփելով նշենք, որ քաղաքական և հատկապես կոնգրեսական տիրույթում եթե ինչ որ բան էլ սկել ա, ապա սկսել ա Տեր–Պետրոսյանի գեղամյանացումը և  սկսել ա ոչ թե հիմա, այլ շատ վաղուց, պարզապես հիմա է այդ ամենն առավել բացահայտ դառնալու։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Մի ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանն այս կամ այն «պահանջի» կատարման համար սիրում էր ժամկետներ սահմանել և իշխանությանը սպառնում էր «եթե չկատարեք,  ապա...» ձևակերպումը կիրառելով։

Հրապարակային դաշտում երևացող որևէ հիմք չունենալով՝ Տեր–Պետրոսյանը հաճախ այնպիսի համոզվածությամբ էր կանխատեսումներ անում Ս. Սարգսյանի կողմից սպասվող վարքագծի վերաբերյալ, որ հաստատում էր կուլիսային «երկխոսության» առկայության վարկածը։

Հանրությանը մի քանի ամիս մատուցվեց «Տեր–Պետրոսյանը «պահանջում» է, իսկ Սարգսյանը կատարում է» թատրոն հիշեցնող գործընթացը։ Թատրոն, որի ընթացքում Սարգսյանը «ստիպված» կատարում էր «համաժողովրդական» քվեարկությամբ ընդունված «պահանջները», որպեսզի «չչարաշահի» ՀԱԿ առաջնորդի սպառվող համբերությունը։ Այդպես եղավ հայտնի 3 «պահանջների» դեպքում, երբ «ազատագրվեց» Ազատության հրապարակը, Սերժ Սարգսյանը խոստացավ «մուշտարի» աչքով վերանայել «մարտի 1»–ի գործը, ինչպես նաև բաց թողեց Թուրքիայի օգտին լրտեսություն անելու համար դատապարտված Մուրադ Բոջոլյանին ու մյուսներին։ Արդյունքում՝ զոմբիներն ուրախանում էին ու շարունակ կրկնում.  «Պապին պահանջեց ու կատարվեց նրա ուզածը, ուրեմն՝ ինքը մի բան գիտի»։

Իսկ իրականությունն այն էր, որ այդ «պահանջների» և դրանց կատարման ժամկետների մասին իշխանությունն ինքն էր հուշում Տեր–Պետրոսյանին, այլապես որտեղի՞ց այդքան վստահություն ՀԱԿ առաջնորդի մոտ։

Վերջին հանրահավքը եկավ հաստատելու այն, որ Տեր–Պետրոսյանը պահանջող ու ստացող է դառնում այն դեպքում, երբ դա արտոնված է լինում իշխանության կողմից։ Դե թող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պահով էլ վերջնաժամկետ սահմաներ ու ասեր, թե հակառակ դեպքում այս կանի կամ այն կանի։ Չասեց։ Չասեց, քանի որ Սերժ Սարգսյանը ոչինչ չի խոստացել այս թեմայով ու Տեր–Պետրոսյանին մնում է միայն դեմագոգիայով զբաղվելը, հերթական հանրահավաքի օր նշանակելը և գլխաքանակ ունենալու պարագայում Սարգսյանին հերթական ծառայություն մատուցելը (Դավիթ Շահնազարյանի ականջը մի հատ էլ թող կանչի)։

Այս խորագրի վերջին նյութերը