Մեկնաբանություն

15.09.2022 13:59


Մի հայտարարված դավաճանության պատմություն

Մի հայտարարված դավաճանության պատմություն

2 օր առաջ ելույթ ունենալով ԱԺ–ում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքելուն, պատրաստ է սահմանագծում իրականացնելուն, բայց Բաքուն Երևանն էլ է պահանջում։ Փաշինյանն այդպիսով խոստովանեց, որ իր «խաղաղության դարաշրջանի» հայեցակարգը փլուզվել է։

Երեկ արդեն նա խմբագրել էր ինքն իրեն ու հայտարարեց, թե բա՝ Բաքուն հարձակվել է, քանզի «ընդամենը» դժգոհ է 2020–ի նոյեմբերի 9–ի համաձայնագրից, այսինքն՝ ոչ թե Երևանն է ուզում, այլ Ստեփանակերտը (տողատակով առաջ էր մղում այն միտքը, որ եթե Ղարաբաղը տանք, ապա Հայաստանը խաղաղ կապրի)։ Հետո էլ ավելացրեց, որ ինքը ՀՀ 29.800 քառակուսի կիլոմետրի տերն է և ընդունում է սովետական քարտեզներով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Վերջում Նիկոլն ամփոփեց իր խոսքային «պանոսը» և փաստացի հայտարարեց սպասվող կամ արդեն իսկ տեղի ունեցած դավաճանության մասին։

«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի։ Նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29․800 քառակուսի կիլոմետր տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ․ էն որոշումը, որ սա ապահովելու ա, էդ որոշումը ես ստորագրելու եմ»,–ամփոփեց իր խոսքը Նիկոլ Փաշինյանը։

Սա նշանակում է, որ Նիկոլը Բաքվին ասում է՝ ես պատրաստ եմ Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, հաշվի առնելով նաև ընթացող մարտական գործողությունները, Նիկոլի խոսքերը, բացի Արցախը հանձնելու պատրաստակամությունից, գնահատել էին նաև որպես Ալիևի հետ ձեռքբերված պայմանավորվածության ակամա բացահայտում՝ «Արի պատերազմ սկսենք, արյուն թափենք, հետո ես կստորագրեմ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու որոշումը, հայերի վրա էլ դա կվաճառեմ «29.800 քառակուսին եմ փրկել» թեմայով»։ Իրականությանը համապատասխանո՞ւմ է այս կարծիքը, թե՞ ոչ, արդեն որևէ մեկին չի հետաքրքրում։

Նիկոլի 4 տարվա կառավարումը մարդկանց մեծ մասին բերել է այն եզրակացության, որ Նիկոլը արյան գնով հանձնում է այն, ինչը խոստացած է լինում տալ Ալիևին կուլիսներում։

Մարդկանց տառապանքները փորձ ունի։ Սա Շուշին նոյեմբերի 5–ին հանձնել էր, բայց նոյեմբերի 9–ի ցերեկը գրում էր, թե բա՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Նույն օրվա գիշերը ստորագրեց Շուշին հանձնելու տակ, հետո էլ հայտարարեց, որ մինչև Շուշին չհանձնվեր, պատերազմը կանգ չէր առնելու։ Այնպես որ Նիկոլի մուտիտները բոլորի աչքի առաջ են տեղի ունեցել, և ամեն ինչ պարզ է։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Ի դեպ, Նիկոլը հենց որ տեսավ, թե ինչպես են հաշված րոպեների ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ ինքնաբուխ հավաք նախաձեռնել Բաղրամյան փողոցի վրա, դիմեց էժանագին «կռուտիտի» օգնությանը։ Նա մի գրառում ու «զուգարանային» լայվ արեց, թե բա՝ ինձ ճիշտ չեք հասկացել, ոչ մի բան էլ չեմ ստորագրելու, բայց դե նրան միայն քաղաքականապես անմեղսունակը կամ շահ ունեցողը կարող է հավատալ։

Նիկոլին հեռացնելն այլընտրանք չունի․ դա պարզ է։ Նիկոլի հեռացման հանրային պահանջն ակնհայտ է։ Ով և ինչպես դա կանի, առանձին քննարկման թեմա է։

Այս խորագրի վերջին նյութերը