Քաղաքական

14.09.2022 14:11


Սոթքում լուրջ ավերածություններ կան, առնվազն 30 տուն ավերվել է. Գեղամասար համայնքի նախկին ղեկավար

Սոթքում լուրջ ավերածություններ կան, առնվազն 30 տուն ավերվել է. Գեղամասար համայնքի նախկին ղեկավար

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում իրավիճակը սեպտեմբերի 14-ի կեսօրի դրությամբ համեմատաբար հանգիստ է։ Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ թշնամին դադարել է կրակել երեկ երեկոյան ժամերից, հարաբերական հանգիստ վիճակը մինչ այս պահը պահպանվում է (հեռախոսազրույցը եղել է 12։30-ին.- Ն․Խ․):

«Իրավիճակն այս պահին հանդարտ է, կրակոցները դադարել են, բայց Վերին Շորժայի կողմ են շատ կրակում։ Գյուղում լուրջ ավերածություններ կան, առնվազն 30 տուն ավերվել է, տներ կան, որ այրվել են, քարուքանդ են եղել, մի խոսքով՝ լուրջ ավերածություններ կան։ Տուն կա, որ մենակ պատերն են մնացել, պայթունից հրդեհ է բռնկվել ու այրվել է»։

Ավետյանի խոսքով՝ բնակիչներից շատերը, որոնք անմիջապես սեպտեմբերի 13-ի գիշերը դուրս են եկել գյուղից, տեղյակ չեն, թե ինչ է տեղի ունեցել իրենց տների հետ․

«Մարդ կա, որ տեսել եմ՝ տունը պաժառ է ընկել, զանգել իրենց հարցուփորձ եմ արել, տեսել, որ տեղյակ չեն դեպքից, ասի՝ վատ լուր է, բայց պետք է ասեմ, ձեր տունն ամբողջությամբ քարուքանդ է եղել, պաժառ է ընկել։ Շատ մարդիկ կան, որ չգիտեն, թե ինչ կորուստներ են կրել»։

Հարցին՝ գյուղացիներին թույլ չե՞ն տալիս մոտենալ իրենց բնակավայրերին, Հակոբ Ավետյանը պատասխանեց, որ բնակիչներին թույլ են տալիս․

«Ես հենց հիմա իմ տանն եմ, գիշերն իմ տանն եմ մնացել, ասի, որ կրակեն էլ․․․ Հիմնականում կանայք, երեխաները և ջահելությունն են տարհանվել, որովհետև սա ավտոմատի պատերազմ չի, սա երկնքից իջնում է ու տրաքում, վսյո։ Ոչ ջահելության բան է, ոչ դուխի, ոչ ուժի, ոչ էլ ավտոմատի․․․ Կարկուտի նման մաղում էին գյուղի վրա, զորամասին էլ էին խփել, էլ զորամաս չի մնացել։ Վաղը կարելի է շրջել, ուսումնասիրել վնասների չափը»:

Այս խորագրի վերջին նյութերը