Քաղաքական

14.09.2022 11:18


ՊՆ-ն վիրավորների թիվը թաքցնում է

ՊՆ-ն վիրավորների թիվը թաքցնում է

Արդեն երկրորդ օրն է՝ շարունակվում են ռազմական գործողությունները՝ Հայաստանի սահմանների տարբեր ուղղություններով: Միայն երեկվա դրությամբ ունենք պաշտոնապես հայտարարված 49 զոհ, սակայն վիրավորների թիվ մինչ այս պահը իրավասու գերատեսչությունը՝ պաշտպանության նախարարությունը, չի հայտնել:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից Yerevan.Today-ը փորձեց ճշտել, թե այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ քանի զոհ և վիրավոր ունենք, սակայն նա հրաժարվեց որևէ թիվ ասել:

Թորոսյանը պատճառաբանեց, որ այդ թվերը անընդհատ թարմացվում են և այդ կապակցությամբ որոշում ունեն, որ միայն պետք է հրապարակեն հստակ ճշգրտված թիվ. «Վարչապետը հրապարակեց զոհերի թիվը՝ 49 և նշեց, որ անընդհատ ճշգրտվում են և պաշտպանության նախարարությունը թիվ կհայտնի միայն, երբ հստակ թիվ լինի: Քանի որ որոշ ուղղությունենրով դիրքային մարտեր էին շարունակվում, նրանք բնականաբար անընդհատ թարմացվում են: Դրա համար հիմա որևէ թիվ չեմ կարող ասել, փոփոխվող է: Քանի որ չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այդ հարցին, մոտավոր թվեր չենք ասի, միայն ճշգրիտ թվեր»:

Չնայած պաշտպանության նախարարությունը դեռ հրաժարվում է թվեր հրապարակել, տարբեր ուղղություններով տեղեկություններ ենք ստանում այն մասին, որ բավականին մեծ թվով վիրավորներ ունենք: Օրինակ, երեկ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հայտնել էր, որ միայն իրենց մարզում Ադրբեջանի իրականացրած ագրեսիվ հարձակման հետևանքով ընդհանուր առմամբ 80 վիրավոր կա, որոնց թվում նաև` քաղաքացիական անձինք։

Այս խորագրի վերջին նյութերը