Կարծիք

12.09.2022 17:36


Արևմուտքում Էրդողանին համոզում էին միանալ հակառուսական արշավին՝ դրա դիմաց խոստանալով փլուզվող Ռուսաստանի «ժառանգությունը» Կովկասում և Միջին Ասիայում

Արևմուտքում Էրդողանին համոզում էին միանալ հակառուսական արշավին՝ դրա դիմաց խոստանալով փլուզվող Ռուսաստանի «ժառանգությունը» Կովկասում և Միջին Ասիայում

Թուրքական լրատվամիջոցներից մեկի համաձայն, ռուս-ուկրաինական պատերազմը սկսվելուց անմիջապես հետո, պարզվում է՝ Արևմտյան կենտրոններում փորձել են համոզել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ վերջինս միանա այդ հակառուսական արշավին՝ նշելով, որ Ռուսաստանի փլուզման պարագայում Թուրքիան՝ որպես հաղթական ավար, կարող էր հավակնել Անդրկովկասին և Միջին Ասիային, որոնք, ավանդաբար միշտ եղել էին Ռուսաստանի ազդեցության տակ:

Պարզվում է, Էրդողանը կասկածել է, որ Ռուսաստանին կարելի է հաղթել և դրա պատճառով հրաժարվել է բաց ճակատով միանալ հակառուսական արշավին: Ըստ լրատվամիջոցի, Էրդողանի այս որոշման մասին տեղեկացրել են ռուսներին, և հենց դրա պատճառով էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարգանքով է արտահայտվում Էրդողանի մասին:

Ավելին, ռուսները հավաստիացրել են թուրքերին, որ Մոսկվան չի հավակնում Անկարայի նկրտումներին Միջին Արևելքում և միջերկրական ծովափնյա տարածքներում, իսկ ինչ վերաբերվում է Անդրկովկասին, ապա Մոսկվան գլխավոր խնդիրը համարել է դուրս հանել Արևմուտքին այս տարածքից՝ ցանկացած գնով:

Փորձագետների կարծիքով Էրդողանը մերժել է ամերիկացիների և բրիտանացիների առաջարկը նախ և առաջ այն պատճառով, որ չի հավատացել, որ Մոսկվային հնարավոր է պարտության մատնել: Բացի այդ, Էրդողանը չի մոռանում, թե ով էր ուզում իրեն հեռացնել իշխանությունից 2016 թվականին և ով իրեն աջակցեց:

Բացի այդ, Էրդողանը շատ լավ գիտի, որ գալիք նախագահական ընտրություններին՝ 2023 թվականին, Արևմուտքը բացահայտ է աջակցելու իր հակառակորդներին: Իսկ Էրդողանի հնարավոր հեռացումով իշխանությունից նա կարող է հայտնվել ճաղերի վանդակում: Քանի որ, ըստ այդ երկրի ընդդիմադիր շրջանակների, ինքը՝ Էրդողանը, իր ընտանիքի հետ միասին վերջին 10-15 տարիների ընթացքում ամբողջովին թաղված է եղել կոռուպցիայի մեջ:

Սակայն Էրդողանի նման որոշումը չի նշանակել, որ նա անվերապահ աջակցելու էր ռուսներին:

Փաստացի, Էրդողանը սողոմոնյան որոշում կայացրեց՝ ռազմատեխնիկական աջակցվություն ցուցաբերելով Կիևին և միաժամանակ տեխնիկատնտեսապես աջակցելով Մոսկվային:

Իր այդ որոշման հիմքում ընկած էր հետևյալ հաշվարկը, ռազմական օգնությամբ նա ցույց էր տալիս Արևմուտքին, որ չի ուզում կտրել այն ճյուղը, որի վրա մինչ այսօր հիմնված է Թուրքիայի անվտանգությունը և միաժամանակ, աջակցելով Մոսկվային տնտեսական հարթակներում, Էրդողանը հույս ունի շտկել իր երկրի փլուզվող տնտեսությունը:

Սակայն Էրդողանը այս խաղում գործում է նաև իր փոքր եղբոր՝ Ադրբեջանի միջոցով ևս:

Ադրբեջանական բանակը կազմ պատրաստ սպասում է, որ եթե էապես փոփոխվի ռուս-ուկրաինական պատերազմում ուժերի բալանսը՝ ի վնաս ռուսների, ապա նրանք պետք է ներխուժեն Հայաստանի տարածք, Գեղարքունիքի և Սյունիքի ուղղություններով:

Ահա, թե ինչու է Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում, թե իբր հայկական զինված ուժերը խախտում են զինանադադարը:

Այդ հայտարարությունները այդ նախապատրաստական փուլի բաղկացուցիչ մասն են կազմում: Բայց հնարավոր է, որ այդ բալանսը փոփոխվի ի վնաս ուկրաինացիների և այդ դեպքում, ոչ թե Ադրբեջանը կներխուժի Հայաստան, այլ Թուրքիայի զինված ուժերը կգրավեն հունական այն կղզիները, որոնք անմիջականորեն մոտ են գտնվում Թուրքիայի տարածքին, և որտեղից, ըստ Էրդողանի, անընդհատ լսվում են թուրքական մզկիթների ձայները:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը