Կարծիք

09.09.2011 17:06


«Վիկիլիկսը», ինտերնետը և Լևոն Տեր-Պետրոսյանը

«Վիկիլիկսը», ինտերնետը և Լևոն Տեր-Պետրոսյանը

Երբ աշխարհի առաջատար լրատվամիջոցները սկսեցին խոսել «Վիկիլիկսի» հետ կապված սկանդալի մասին, ամենայն հավանականությամբ՝ ՀՀ առաջին նախագահը ուշադիր հետևում էր այս թեմայով լրատվական թողարկումներին, և մտքով չէր անցնում, որ մի օր այդ «Վիկիլիկսը» կանդրադառնա հենց իրեն: Ընդ որում՝ ոչ միայն կանդրադառնա, այլ նաև այնպիսի գաղտնի փաստաթղթեր կտարածի, որից հետո նա հազիվ թե կարողանա գլուխը բարձր նայել անգամ իր կողքին կանգնած գործիչների աչքերին: Իսկ իրեն մինչ օրս վստահող ժողովրդի մասին էլ չենք խոսում:

Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ տպագրել են «Վիկիլիկսի» տարածած փաստաթուղթը, որտեղ բավական մանրամասնորեն նշված է, թե Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայաստանում ԱՄՆ-ի արդեն նախկին դեսպան Մարի Յովանովիչն ինչ մտքեր են փոխանակել Ղարաբաղի խնդրի կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ:

Մենք վաղուց արդեն գիտենք, թե ինչ տեսակետ ունի Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին Տեր-Պետրոսյանը: Այդ մասին բազմաթիվ անգամ խոսվել և գրվել է, բայց նրա ամենանվիրյալ կողմնակիցները, չգիտես ինչու, պնդում էին, թե նրա խոսքերը նենգափոխված ենք ներկայացնում, և կամ ստահոդ լուրեր ենք տարածում: Անգամ երբ բառացի մեջբերում էինք անում նրա իսկ ելույթից, միևնույն է, «Լևոնը մի բան գիտի» կարգախոսով առաջնորդվողները պնդում էին, թե նրա խոսքերը կոնտեքստից դուրս ենք մեջբերում: Հիմա արդեն նման բաներ չեն կարող ասել: Ժամանակին նույնիսկ ամերիկյան իշխանություններն ընդունեցին, որ «Վիկիլիկսը» հրապարակում է ոչ կեղծ փաստաթղթեր: Այսպիսով՝ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ էլ նրա շրջապատի մարդիկ չեն կարող պնդել, թե «Վիկիլիկսը» նենգափոխել է իրականությունը: Հավանաբար սա է պատճառը, որ լևոնականները լռում են: Նրանք հուզիչ հոդվածներ չեն գրում, հայտարարություններ չեն անում, և նույնիսկ սոցցանցերում նրանք իջել են ջրի հատակը, ամենայն հավանականությամբ սպասելով,  մինչև անցնի վտանգը: Բայց վտանգը չի անցնելու: Ստեղծված իրավիճակում Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպված է լինելու բացատրություն տալ իր զինակիցներին, որոնց երեսին մի բան է ասել, իսկ առանց նրանց՝ մեկ այլ, ինչպես նաև այն հազարավոր մարդկանց, որոնք հավատացին նրան: Եթե բացատրություն չտա, ապա պետք է հայտարարի քաղաքականությունից վերջնականապես հեռանալու մասին:

Շատերն են հիշում 2008 թ. հոկտեմբերի 17-ի հանրահավաքը: Ոմանք եթե մոռացել են, ապա հիշեցնենք, որ դա հենց այն հանրահավաքն էր, որի ժամանակ Տեր-Պետրոսյանը հայտարարեց մոտ կես տարով հանրահավաքները դադարեցնելու մասին: Այն ժամանակ նա հուզառատ ձայնով ժողովրդին ասաց, թե Ղարաբաղի գլխին ամպեր են կուտակվում, և չպետք է ավելի թուլացնենք Սերժ Սարգսյանի դիրքերը, որպեսզի չվնասենք Հայաստանի շահերին: Այս ելույթից ապշած, զարմացած և ցնցակաթվածի մեջ հայտնված հավաքվածները, որոնք սպասում էին, որ առաջին նախագահն իրենց առաջնորդելու է դեպի հաղթանակ, գլխիկոր գնաց տուն: Այն ժամանակ դեռ շատ էին նրանք, ովքեր առաջնորդվում էին «Լևոնը մի բան գիտի» կարգախոսով, և բացի այդ, ժողովրդի մտքով ինչպե՞ս անցներ, որ իրենց սիրելի առաջնորդն իրենց մի բան է ասում, բայց իրականում մտածում բոլորովին այլ բան:

«Վիկիլիկսից» տեղեկանում ենք, թե Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ Տեր-Պետրոսյանը նշել է նաև, որ հոկտեմբերի 17-ի իր ելույթը ՀԱԿում ընդգրկված ծայրահեղական տարրերին հանդարտեցնելու մարտավարություն էր՝ նրանց կենսունակ բացատրություն տալու ակտիվ բողոքի ակցիաները ժամանակավորապես դադարեցնելու իր որոշման վերաբերյալ: Նա ասել է, որ ինքն այլ տարբերակ չուներ մարդկանց փողոցներից ցրելու և իրենց տներն ուղարկելու համար: Ավելին, Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանին առաջարկել է, որ պետք է օգտվել հարմար պահից, Սարգսյանին ու Ալիևին հրավիրել Վաշինգտոն և ամեն ինչ անել, որ այնտեղ նրանք ստորագրեն Ղարաբաղի խնդիրը կարգավորող համաձայնագիրը:

Ահա այսպես, նա ժողովրդին հայտարարում է, թե պետք է ամեն ինչ անել, որ Սերժի նկատմամբ ճնշումը չուժեղանա, բայց հետո ամերիկացիներին խորհուրդ էր տալիս արագացնել քայլերը և հասնել համաձայնագրի ստորագրմանը: Ամենասարսափելին այն է, որ նա քաջ գիտեր, որ այդ օրերին առաջարկվող համաձայնագրի նախագիծը չէր բխում Հայաստանի շահերից:

Նկատենք, որ Յովանովիչը հասցրած է եղել լավ ճանաչել Տեր-Պետրոսյանին և ԱՄՆ ուղարկված նամակում նշել է, թե տպավորությունն այն է, որ Լ. Տեր–Պետրոսյանն անկեղծ չէ այն հարցում, որ իր անազնիվ հռետորաբանությունը և մանևրումը պայմանավորված են եղել ընդդիմադիր բողոքող զանգվածներին փողոցներից ցրելու հանգամանքով, որպեսզի ՀՀ կառավարության համար ավելի ընդարձակ մանևրելու հնարավորություն ստեղծվի ԼՂ և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում լավագույն լուծմանը հասնելու նպատակով: Յովանովիչը գրել է. «Մեր տեսակետն այն է, որ Լ. Տեր–Պետրոսյանը տեսել է, որ զանգվածային հանրահավաքներին աջակցությունն ամեն ամիս կրճատվում է, և այսպիսով, ճարահատյալ, դեմքը փրկելու համար, մարտավարություն է որոնել»:

Հատկապես պետք է ուշադրություն դարձնել և մտորել հետևյալ գնահատականների շուրջ. «Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ հարցի վերաբերյալ իր իրական մոտեցումներն այն տեսակետներն են, որոնք նա արտահայտել է դեսպանի հետ մասնավոր զրույցում: Այժմ նա ապացուցում է, որ պատրաստ է վաճառել իր սեփական քաղաքական տեսակետները՝ հանուն սեփական քաղաքական շահի, և անկասկած նա նույն բանը նորից կաներ, եթե համոզված լիներ, որ դա կարող է նրան օգնել թուլացնելու Սերժ Սարգսյանի իշխանությունը: Մինչդեռ մենք կարող ենք կասկածել, որ Տեր-Պետրոսյանը կարող էր իրեն նույնքան վատ դրսևորել, ինչքան ներկայիս իշխանությունները, եթե ինքը լիներ իշխանության (անշուշտ, նա այդպես էլ արել է իշխանության եղած ժամանակ)»:

Ինչո՞ւ են լռում քաղաքական գործիչները, վերլուծաբանները, որոնք կրծքերը բաց պաշտպանում էին Տեր-Պետրոսյանին նույնիսկ այն բանից հետո, երբ նա ՀՀՇ տխրահռչակ համագումարում հայտարարեց, թե մինչև չկարգավորվի ԼՂ հարցը, Հայաստանում որևէ փոփոխություն չի կարող տեղի ունենալ: Եվ հետաքրքիր է՝ ինչ հռետորաբանություն է այս անգամ որդեգրելու Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս և հավաքի փոքրաթիվ մասնակիցների աչքերին նայելիս:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը