Մեկնաբանություն

11.09.2022 15:55


Ինչու է ստում Ալեն Սիմոնյանը

Ինչու է ստում Ալեն Սիմոնյանը

Ալեն Սիմոնյանը ստում է։ Նա հայտարարել է, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքներն ընդդիմությունը չի բողոքարկել Սահմանադրական դատարանում, բայց դա այդպես չէ։ ԱԺ արտահերթ ընտրությունները բողոքարկվել են ՍԴ–ում, կասկածները չեն փարատվել։ Պարզ է, որ ամբողջ ճշմարտությունը կբացահայտվի և համապատասխան իրավաքաղաքական գնահատական կտրվի իշխանափոխությունից հետո։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր աշխատելու տարիներին խոսում էր ընտրակեղծիքների, կեղծ անձնագրերի, կրկնաքվեարկությունների ու այլ կեղծիքների մասին, սակայն իշխանության գալուց հետո այդ մասին մոռացավ։ Դա երկու բան կարող է նշանակել։ Կա՛մ Նիկոլն այն ժամանակ ստում էր, հետևաբար պետք է ներողություն խնդրի, որ խաբել է, կա՛մ նա ճիշտ էր ասում, պարզապես իշխանության գալուց հետո որոշեց ոչ թե վերացնել ընտրակեղծիքների համակարգը, այլ սեփականաշնորհել այն։ Երկու դեպքում էլ Նիկոլը շահեկան վիճակում չի հայտնվում։

Վերադառնանք Ալեն Սիմոնյանի ստին, բայց միջանկյալ տեղեկանք տալուց հետո։

Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ կարգվեց օրինախախտմամբ։ Ընդդիմության թեկնածուներին թույլ չտրվեց ներկայանալ խորհրդարան որպես ԱԺ նախագահի թեկնածու, քանզի նրանք ապօրինաբար կալանավորված էին։

Ալեն Սիմոնյանն այն մարդն է, ում ներկա/նախկին թիմակից Էդմոն Մարուքյանն անբարոյականի վաստակ է անվանել, ինչին ի պատասխան Ալենը Էդմոնին անվանել է անբարոյականի վաստակ ու մի բան էլ՝ քաղաքական տրյապկա։ Ու քանի որ երկուսն էլ հաճախորդաց «Ելք» դաշինքից էին ու իրար ներսից գիտեին, ուստի դժվար է կասկածի տակ դնել միմյանց տված որակումները։

Եվ այսպես, Էդմոնի ասած «անբարոյականի վաստակը»՝ Ալեն Սիմոնյանը, ՍԴ չդիմելու և ընտրության արդյունքները չվիճարկելու մասով ստում է։ Նա այդ սուտն ասում է գործող ԱԺ–ն ու անձամբ իր աթոռը փրկելու համար։

Ալենը լավ գիտի, որ ընդդիմության չներկայանալն ԱԺ նիստերին ապալեգիտիմացնում է խորհրդարանական մեծամասնությանը և հնարավորություն չի տալիս լղոզել պատասխանատվությունն, օրինակ, Ադրբեջանի հետ համապատասխան փաստաթղթերի ստորագրման ժամանակ։

Դրա համար էլ ստում է Ալենը, որպեսզի խորհրդարանի լեգիտիմության համար կռիվ տա։ Նա նաև սպառնում է մանդատներից զրկել ընդդիմությանը, սակայն դա զրոյական ներգործություն ունի ընդդիմության վրա։ Ինչպես ասում են՝ շունը հաչում է, քարավանը գնում է։

Ալենին պետք է հիշեցնել, որ ԱԺ ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել ոչ թե 2021, այլ 2017 թվականին, երբ ինքն ու իր շեֆը մտցվեցին հաճախորդաց հարեմ՝ «Ելք» դաշինք, ապա մտցվեցին խորհրդարան։ Այդ ընտրություններն անցել էին բազմաթիվ կեղծիքներով, բայց նիկոլենք ու անձամբ Ալեն Սիմոնյանը դրանք լեգիտիմ էին համարում, ինչպես որ լեգիտիմ էին համարում ու փաստացի պաշտպանում 2015–ի սահմանադրական հանրաքվեն։

Ալենի հույսը մարդկանց կարճ հիշողությունն է կամ անտեղյակությունը, բայց դե մեր երկիրը հո միայն պողոսների՞ց չի բաղկացած, որ Ալենի ստերը բռնող չլինի։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը