Մեկնաբանություն

06.09.2022 10:02


Արարատ Միրզոյանը խաղո՞ւմ է, թե՞ Արարատ Միրզոյանին խաղացնում են

Արարատ Միրզոյանը խաղո՞ւմ է, թե՞ Արարատ Միրզոյանին խաղացնում են

Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումն աննախադեպ էր։ Փաշինյանի ու Ալիևի հանդիպման միջնորդ Շարլ Միշելն իր հաղորդագրության մեջ չէր օգտագործել «Ղարաբաղ» բառը։ Նա խոսել էր այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները պետք է նախապատրաստեն իրենց ժողովուրդներին երկարատև խաղաղության։

Նիկոլը երևանում ոչ մի բան չասեց այդ հանդիպման մասին։ Ոչ էլ ձևականորեն բողոքեց Շարլ Միշելից այն բանի համար, որ վերջինս «Ղարաբաղ» բառը չօգտագործեց (հիշեցնենք, որ նախորդ անգամ Նիկոլը Միշելից ձևականորեն բողոքել էր «էթնիկ հայ բնակչություն» ձևակերպման համար)։ Փոխարենը պերճախոս էր Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիրը» կնքվելու է Բաքվի ներկայացրած 5 սկզբունքներով։ Ասել է թե՝ մերժվել է Երևանի ներկայացրած 6 կետը, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի թեման։ Ըստ Ալիևի՝ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, և Նիկոլը դրան համաձայնել է։

Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել Ալիևի հայտարարություններին։ Դա արել է Արարատ Միրզոյանը, ով Բաքվին մեղադրել է ապակառուցողականության մեջ, քանզի, ըստ նրա, առանց Արցախի հարցի լուծման հնարավոր չէ հասնել համաձայնության։ Միրզոյանի հետ Բրյուսելից հետո ինտենսիվորեն շփվում է Մոսկվան, որը շատ բացասական էր գնահատել Բրյուսելի միջնորդությունը։

Փորձագետների տեսակետը Միրզոյանի հայտարարության վերաբերյալ կիսվել է։ Այդ տեսակետներն իրարամերժ են։

Մի մասը գտնում է, որ Միրզոյանը սեպարատ քայլեր է անում Մոսկվայի թելադրանքով ու չի համաձայնեցնում իր քայլերը Նիկոլի հետ, այսինքն՝ խաղում է։ Մյուս մասը գտնում է, որ Միրզոյանը Փաշինյանի թելադրանքով է Արցախի հարց բարձրացնում, որպեսզի ներքին լսարանին ցույց տա, թե, իբր, կռիվ է տալիս Արցախի շահերը պաշտպանելու համար, իսկ Ալիևին էլ զեկուցի, որ դա ինքը չի ասել ու պետք չէ անհանգստանալ իրենց բրյուսելյան պայմանավորվածությունների պահով։ Այս վարկածի համաձայն՝ Միրզոյանին խաղացնում է Նիկոլը և՛ Մոսկվային սիրաշահելու, և՛ Ալիևի առաջ անձամբ «մաքուր» մնալու համար։

Ամեն դեպքում արձանագրենք, որ Նիկոլը՝ հանուն սեփական աթոռի, մեծագույն արկածախնդրության ու մեծագույն ցնցումների մեջ է ներքաշում Հայաստանը։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը