Քաղաքական

06.09.2022 09:14


Փաշինյանին սպասարկող ուղղաթիռը 2020-ի դեկտեմբերից չի շահագործվում․ «Հրապարակ»

Փաշինյանին սպասարկող ուղղաթիռը 2020-ի դեկտեմբերից չի շահագործվում․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ 2018 թվականին իշխանության գալուց հետո՝ մինչեւ պատերազմը, Նիկոլ Փաշինյանը հաճախակի էր ՊՆ-ի ուղղաթիռով թռչում Արցախ՝ այնտեղ ծառայող իր որդուն տեսակցության։ Բացի այդ, նա նաեւ իր նախընտրական քարոզարշավի ժամանակ էր պետական ուղղաթիռ օգտագործում՝ դրանով մեկնելով հեռավոր բնակավայրեր։ Երբ աղմուկ բարձրացավ, թե Փաշինյանը պետական ռեսուրսները մսխում է իր ընտանեկան կարիքները հոգալու եւ փիառի համար, նա դրան այսպիսի բացատրություն տվեց․

«Էդ ուղղաթիռը պարտադիր թռիչքային ժամեր ունի։ Այսինքն՝ ինքը աշխատանքային վիճակում լինելու, իր արժեքը չկորցնելու համար ժամանակ առ ժամանակ պետք է թռնի։ Էդ ուղղաթիռի անձնակազմը պետք է դատարկ էդ ուղղաթիռը բարձրացնի, թռցնի, աշխատացնի, որպեսզի էդ ուղղաթիռը չփչանա։ Այսինքն՝ ես ուզում եմ ասել, որ հիմա էլ առանց վարչապետի էդ ուղղաթիռը թռցնում են պետական բյուջեի հաշվին։ Ինչի՞ են թռցնում, որովհետեւ էդ ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Եթե չթռցնեն, դա կփչանա, եւ կստացվի, որ պետական ունեցվածքը, որը, ասենք, արժի 100 մլն դրամ, էդ փչանալու պատճառով իրա գինը գցեց, դառավ 50 մլն դրամ, կամ եւս 50 մլն դրամ պիտի ծախսենք, նորոգենք, որ ինքը սկսի թռնել»։

2020 թվականի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը մինչ օրս գեթ մեկ անգամ ոտք չի դրել Արցախ, հեռու վայրեր էլ չի մեկնում։ Ուստի, անհանգստանալով պետական գույքի ճակատագրով, որ եթե չթռչի ու Նիկոլ Փաշինյանին չտեղափոխի, կփչանա, հարցում ուղարկեցինք պաշտպանության նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե արդյոք Փաշինյանին սպասարկող ուղղաթիռն իր պարտադիր թռիչքային ժամերն իրացնում ու թռչո՞ւմ է, որ չփչանա, եւ ի՞նչ վիճակում է այն հիմա։

ՊՆ-ից մեզ պատասխանել են․ «2011 թ. արտադրության ուղղաթիռը, որի շահագործումն իրականացվել է համաձայն տվյալ ուղղաթիռի շահագործման թռիչքատեխնիկական փաստաթղթերի պահանջների, 2020թ. դեկտեմբեր ամսից դադարել է շահագործվել՝ մինչեւ առաջին կապիտալ նորոգում օրացուցային ժամկետների սպառման պատճառով»։ Մեզ ասացին նաեւ, որ 9 տարին մեկ պետք է այդ ուղղաթիռն անցնի կապիտալ նորոգում, եւ հիմա, փաստորեն, լրացել է այդ ժամկետը։ Նիկոլ Փաշինյանին ծառայող ուղղաթիռը, ըստ էության, խափանվել է, չնայած ՊՆ-ի տված բացատրությանը, որ «ժամկետի մեջ է խափանումը»։ Պատճառն էլ կարող է լինել այն, որ երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանն այդ ուղղաթիռով չի մեկնել Արցախ, եւ պետական գույքը դրա «դարդից» փչացել է՝ այլեւս չծառայելով պետության ղեկավարին։

Այս խորագրի վերջին նյութերը