Քաղաքական

02.09.2022 15:08


«Թուրքերն ուզում են վերցնել Զանգեզուրը և կտրել մեր սահմանը Հայաստանի հետ». Իրանի նախկին փոխարտգործնախարար Էբուլֆեզլ Զուխտեվենդ

«Թուրքերն ուզում են վերցնել Զանգեզուրը և կտրել մեր սահմանը Հայաստանի հետ». Իրանի նախկին փոխարտգործնախարար Էբուլֆեզլ Զուխտեվենդ

Թուրքական YeniSafak հրատարակությունը աուդիոձայնագրություն է տարածել Իրանի նախկին փոխարտգործնախարար, միջուկային գործարքի բանակցությունների մասնակից Էբուլֆեզլ Զուխտեվենդի ձայնով, ով համարվում է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի մտերիմը:

Վերջինս բաց տեքստով հայտարարում է, որ թուրքերը մտադիր են գրավել հայկական Զանգեզուրը և կտրել Իրանի սահմանը Հայաստանի հետ: Ըստ նրա, այդ ծրագրերին աջակցում են նաև դրսի ազդեցիկ ուժերը, որոնք նպատակ ունեն ուժեղացնել Ադրբեջանն ընդդեմ Իրանի:

Ըստ Իրանի նախկին արտգործնախարարի, «...Հարավային Կովկասը Իրանի քաղաքակրթության տարածքն է։ Ադրբեջանը վախեցնող երեւույթ է և պոտենցիալ սպառնալիք Իրանի համար, և եթե Ադրբեջանը որպես պետություն չվերացվի, այն կհարվածի Իրանին քաղցկեղի բջջի պես...»:

Ըստ նրա այդ տեսանկյունի. «...Իրանի և Թուրքիայի միջև երբեք չի կարող հաստատվել ռազմավարական բնույթի համագործակցություն: Քանի որ Ադրբեջանի ուժեղացման հարցում Թուրքիայի պլանները մեծ են...»:

Եվս մեկ անգամ նշենք, որ Էբուլֆեզլ Զուխտեվենդը համարվում է ներկայիս Իրանի հոգևոր առաջնորդի ամենամտերիմ գործիչներից մեկը:

Եվ զարմանալի չէ, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Իրանում մեծ մտահոգություն է առաջացել Ադրբեջանի մեծացող ամբիցիաների նկատմամբ:

Այսօր արդեն ադրբեջանցիները դժգոհում են, որ Իրանի իշխանությունները խոչընդոտներ են ստեղծում Ադրբեջանի համար տրանսպորտային փոխադրումների հարցում, և չեն էլ թաքցնում, որ այդ ամենը կատարվում է վերջին պատերազմի արդյունքների պատճառով:

Ինչ վերաբերվում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, ապա ներկայիս Իրանի իշխանությունները թերահավատորեն են վերաբերվում, որ Փաշինյանի իշխանությանը կհաջողվի երկիրը դուրս բերել այս իրավիճակից: Իրանում մտահագված են, որ ռուս-ուկրաինական պատերազմի ձգձգման պատճառով Թուրքիային կհաջողվի դիրքային առավելություններ ձեռք բերել Անդրկովկասում Ադրբեջանի միջոցով:

Իրանի վերնախավի ներկայացուցչի այս խոստովանությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ եթե Հայաստանում կարճ ժամանակում ներքաղաքական զարգացումներում ոչինչ չփոխվի, ապա մեր բոլոր պոտենցիալ գործնկերները մեր հետ հարաբերություններում արմատապես կփոխեն իրենց դիրքորոշումները և մենք կարող ենք հայտնվել լիակատար մենակության մեջ: Իսկ դրանից հետո կարող ենք ականատեսը լինել այնպիսի ողբերգության, որ եղավ հարյուր տարի առաջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը