Քաղաքական

01.09.2022 09:51


Նորօրյա բիզնեսմենները Սևանի ափին առանձնատներ են կառուցում․ «Ժողովուրդ»

Նորօրյա բիզնեսմենները Սևանի ափին առանձնատներ են կառուցում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սևանի ափամերձ հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունները քանդելու խոստում գրեթե բոլոր իշխանություններն են տալիս: Նմանատիպ խրոխտ ու բոցաշունչ ելույթ շրջակա միջավայրի նախկին նախարար, ներկայումս Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանն էր նաև ունենում դեռևս 2020 թվականին՝ ասելով. «Թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է»: Ըստ տրամաբանության՝ ապօրինի կառուցված ու մոտ 4 հազարի հասնող շենք-շինությունները հերթով, կարգով, շարքով պետք է ապամոնտաժվեին:

Այդ առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը ՇՄ նախարարություն հարցում էր ուղարկել, թե 2 տարվա ընթացքում քանի շինություն է քանդվել: Մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ապամոնտաժման աշխատանքեր են կատարվել 2021թ.-ին միայն: «2022-ին դեռևս ապամոնտաժման աշխատանքներ չեն կատարվել: «Առաջնահերթությունը տրվել է ջրածածկման ենթակա անտառտնկարկների մաքրման աշխատանքներին»,-ասված է նախարարության՝ մեզ տրամադրված պատասխանում:

2021-ին ՇՄ նախարարությունը Սևանա լճում 4 պարիսպ է քանդել, 9 վագոն-տնակ ու 5 շենք-շինություն ապամոնտաժել:

Այս թվերը լավագույնս են խոսում իշխանության՝ Սևանա լճի մասին տարբեր ժամանակներում արած վերամբարձ հայտարարությունների, այդ թվում՝ ապօրինի շինություններն ապամոնտաժելու մասին: Սևանի մասին, ի դեպ, նաև Նիկոլ Փաշինյանն էր բարձրախոսում՝ ասելով. «Սևանա լիճը պետք է դարձնել բարձրակարգ տուրիստական գոտի: Առաջին պայմաններից մեկը Սևանն այդ ցանցային ցանկապատերից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես՝ չափար է դրված»:

Հայտարարությունից ավելի քան երեք տարի անց, սակայն, տեսնում ենք, որ Սևանա լճի ափամերձ հատվածների «չափարները» ոչ միայն չեն հանվել, այլև նոր «չափարներ» են ավելացել, որ պատսպարում են նորօրյա բիզնեսմենների՝ Սևանի ափին կառուցվող առանձնատները»։

Այս խորագրի վերջին նյութերը