Քաղաքական

27.08.2022 09:32


«Մենք վարչապետ չունենք, նա վաղուց գոյություն չունի, Նիկո՛լ, պատասխան ես տալու». զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)

«Մենք վարչապետ չունենք, նա վաղուց գոյություն չունի, Նիկո՛լ, պատասխան ես տալու». զոհված զինծառայողի մայր (տեսանյութ)

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված տղաների ծնողները բարձրաձայնում են, որ տղաների շիրմաքարերն անորակ են, դեռ մի տարի էլ չկա, որ տեղադրվել են, սակայն սկսել են ճաքել, գույները փոխել։

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի զինվորական պանթեոնում տեղադրված գրեթե բոլոր շիրմաքարերի որակից ծնողները բողոքում են և պատրաստվում են որոշ ժամանակ անց դրանք փոխել։

Պատերազմում նահատակված Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Նելլի Մանուկյանը, Վանաձորի զինվորական պանթեոնում 168.am-ի տեսախցիկի առջև նախ ցույց տվեց տղաների անորակ շիրմաքարերը, ապա հավելեց, որ դրանք խոստացած ժամկետների ընթացքում չեն պատրաստում ու տեղադրում։

«Ամեն ինչից դժգոհ ենք, շիրմաքարերի որակից, ժամկետներից, մեր նկատմամբ վերաբերմունքից, մեզ հետ «արա»-ով են խոսում, այս նույն տենդեր շահած մարդիկ։ Արդեն երկու տարի լրանում է, բայց երեխա կա՝ քարը դեռևս դրած չէ։ Իմ տղայի շիրիմն է, նկարը ծուռ է, բազալտները շարժվում են, արանքները բաց են, ջուրը լցվում, լրիվ պոկվում է, հողը թեքված իջնում է։ Պանթեոնը ցանկապատ չունի, 30-40 կով է եղել մեջը, տեսանյութերը կան, թե ես ինչպես եմ կովերին հանում Պանթեոնից, այս ամբողջ տարածքում, այսինքն՝ մեր զինվորների կողքին ամբողջությամբ աղբ է, աղբաման չկա, լույսերն էլ մենք մեր ուժերով ենք դրել։ Ուզում եմ հասկանալ, եթե իրենք չէին ուզում անել, թող ասեին՝ գնացեք, ձեզ ենք թողնում, դուք՝ ձեր երեխաները, գնացեք դուք էլ սարքեք՝ մեկ է, ցավը մերն է։ Երկու տարի է՝ օր չկա, որ մենք հանգիստ քնենք»,-նշեց Նելլի Մանուկյանը։

Նա ցույց տվեց նաև նահատակված Կորյուն Վարդանյանի շիրմաքարը՝ նշելով, որ Կորյունը 4 անչափահաս երեխաներին թողել ու պատերազմի ժամանակ գնացել է առաջնագիծ, փրկել է 600 զինվորի կյանք, իսկ ինքը զոհվել է և այսօր արժանացել է այնպիսի շիրմաքարի, որի վրա նկարը նորմալ չի էլ երևում։

«Այս տղայի կինը չի կարող 4 երեխաների հետ վարձով ապրել ու իր ուժերով բերի ամուսնու նկարը նորմալ սարքի։ Թող գան պատասխան տան, թե ինչ է եղել 180 մլն դրամը, տենդեր են շահել, թող գան պատասխան տան։

Քարը տեղադրող բանվորն ասում է, թե՝ դու դիտավորյալ ես եկել ու տղայիդ քարը պոկել, ես հիմա՞ր եմ, որ իմ երեխու քարը պոկեի։ Տղայիս 20-ամյակին եկել եմ այստեղ, կռանը կանգնած, քարը՝ օդում, սիլիկոնը քսել ու հինգ րոպե հետո բերել նկարը թաց-թաց դրել են, նկարը քարի վրայից ընկնում է, ու ինձ ասում են, թե՝ տիկին ջան, շատ բան չես հասկանում։

Չեմ լռելու, մինչև վերջ գնալու եմ, թող գան ընդունեն, չեն ընդունում, ուրեմն՝ այս տարածք քաղաքապետարանի ու մարզպետարանի շենքից ոչ մեկը ոտք չդնի։ Այս սրբավայր իրենք իրավունք չունենք գալու»,-հավելեց տիկին Նելլին։

Ծնողները միաժամանակ բողոքում են, որ տղաների համար նախատեսված Պանթեոնը Վանաձորի գերեզմանոցի ամենավերևի հատվածում են սարքել, որտեղ մեծ դժվարությամբ են հասնում, մինչդեռ ներքևի հատվածում բավականին մեծ տարածք կա, որը կարող էին դարձնել Պանթեոն։

«Ճանապարհի հատվածում, այսպես կոչված, էլիտար տարածք կա, այդտեղ կրկին հարուստներն են վերցրել, իսկ հասարակ մարդիկ մնում են սարերի գլխին։ Հենց այդ տարածքը նախատեսված է եղել Պանթեոնի համար, սակայն եռակի բարձր գնով այն վաճառվել է, որտեղ հիմա շինարարություն է ընթանում։ Վշտի մեջ էինք, կոնկրետ ես տղայիս հուղարկավորությանը չգիտեի՝ ուր են տանում, մեքենայով բերել են, ինձ արդեն չէր էլ հետաքրքրում, թե ուր են տանում, որտեղ է։ Երեք ամիս հետո եկա տեսա, որ 4 սար ես պետք է անցնեմ, գամ այստեղ, հետ նորից 2 ժամ 4 սար անցնեմ, որ հասնեմ տուն։ Չի կարելի, այս երեխեքը դրան արժանի չեն։

Ես իմ բոլոր ասածների պատասխանը կարող եմ տալ, եթե կարողացել եմ վարչապետի պատասխանը տամ։ Նախ՝ մենք վարչապետ չունենք, նա վաղուց գոյություն չունի, նա մեզ ամիսներով խաբել է, երեք ամիս մեզ մատի ծայրով «ֆռռացրել» է։ Մեզ խոստացել է, որ ծնողներով փաստաբան վարձենք, որպեսզի մեր երեխեքի քրեական գործը հարուցվի, բայց արդեն երկու տարի է՝ այդ գործը սառած է»:

«Լսի՝ քեզ ինչ եմ ասում Նիկոլ, դու այս երեխաների արյան տակից դուրս չես գալու, պատասխան է տալու, եթե տղա է, եթե կարծում է, որ տղա է, որովհետև կոստյում-շալվարը միայն հագնելու համար չէ, թող գա ու պատասխան տա իր բառերի համար, որ ասում էր՝ այսքան տղաներ կարող էին չզոհվել, բայց լիներ նույն վիճակը»,-եզրափակեց Նելլի Մանուկյանը։

Այս խորագրի վերջին նյութերը