Մեկնաբանություն

26.08.2022 13:58


«Հեղափոխության» թանկարժեք զավակները (տեսանյութ)

«Հեղափոխության» թանկարժեք զավակները (տեսանյութ)

Հեղափոխությունը, ինչպես հայտնի է, խժռում է իր զավակներին: Բայց դրանից առաջ հասցնում է լավ կերակրել նրանց: Այս բանաձևը գործում է նաև կեղծ հեղափոխությունների ժամանակ:

Նիկոլ Փաշինյանի «հեղափոխությունն» աղքատների փառաբանման, աղքատությունը որպես կրոն հռչակման, հարուստներին քլնգելու մասին էր: Դա այն մեծ սուտն էր, որով Նիկոլը կերակրեց իրեն հավատացողներին ու հետո «քցեց» նրանց:

Քաղաքական շրջանակները գիտեին, որ Նիկոլը օլիգարխներից ու պաշտոնյաներից փող է վերցնում, բայց թերթում քննադատում է նույն այդ օլիգարխիային ու պաշտոնյաներին. հաճախորդության խաղի կանոնն էր այդպիսին: Հանրության պողոսական շրջանակները, սակայն, տեղյակ չէին այդ մասին, քանզի Նիկոլն իրենց նման էր՝ բուլաթ ատամը գցած, փնթի, անգրագետ, նախանձ ու փողի մեռած:

Նիկոլենք իրականում ոչ թե թալանն էին քննադատում, այլ քննադատում էին թալանչիներին, քանզի իրենք էին տենչում թալանչի դառնալ: Ու դարձան:

«Հեղափոխության» օրերին իրենց բոմժական կարգավիճակով ու զրո ունեցվածքով հպարտացող տղաներն ու աչոնիկները հիմա միլիոնատերեր են դարձել (ոմանք՝ դոլարային) և հսկայական ունեցվածք ձեռք բերել:

Խորհրդանշականն այն էր, որ կոռուպցիայի դեմ պայքարիստ աշխատող Դավիթ Սանասարյանը, ով նշանակվեց վերահսկողականի ղեկավար, հետագայում մեղադրվեց կոռուպցիայի մեջ, մինչդեռ պաշտոնյա դառնալուց առաջ նա երդվում էր, որ կոռուպցիայի դեմ կռիվ է տալու և հպարտությամբ նշում էր, որ իր հայտարարագրում կա զրո թիվ տնօրինած գումարի տողում:

Նիկոլն ու իր նեղ շրջապատը շատ արագ հարստանում են՝ երկրի անկման, պետականության նշաձողի կտրուկ իջեցման ֆոնին:

Ու երբ հարցնում ես, թե որտեղի՞ց այդ գումարները, որ մոտ 600 հազար դոլարով տուն ես գնում ԱՄՆ-ում, ցինիկաբար ու «հեղափոխաբար» հայտարարում է, թե բա հորիցս եմ ժառանգություն ստացել: Տխրահռչակ Տիգրան Ավինյանի կադր հանդիսացող, իշխանափոխությունից հետո տենդերներ շահող ու ներկայումս Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ աշխատող Բագրատ Բադալյանին ուզում ես հարցնել իրենց սիրելի ոճով՝ բա խի՞ Սերժի վախտ տենց ժառանգություններ չէիր ստանում: Բացի այդ՝ ինչո՞ւ է «հեղափոխական» իշխանության ներկայացուցիչը բնակարան գնում ԱՄՆ-ում: Որ բիզնե՞ս անի, ինչն արգելված է պաշտոնյայի դեպքում, թե՞ ինչքան հնարավոր է պետական գնումներ շահի, փող աշխատի ու իշխանափոխությունից հետո թռնի ամերիկաներ:

Ի դեպ, «հեղափոխությունն» ուրիշ հարուստ ժառանգներ էլ ունի: Օրինակ, բազմաթիվ պաշտոնների նշանակված գեներալիսիմուս և Դավիթ Սանասարյանին փոխարինած Արգիշտի Քյարամյանը (այդ թեմայով «7 օրը» տեսանյութ էր պատրաստել 2019-ին), ով հետագայում ՀՀ գրեթե բոլոր կարևոր պաշտոնները զբաղեցրեց շատ կասկածելի պայմաններում ու կասկածելի առաքելությամբ: Սրան հենց հարցնում են, թե որտեղի՞ց է իր ունեցվածքը, երբ իր երիտասադ կյանքում միայն պետական համակարգում է աշխատել, պատասխանում է, թե բա խոպանչի հարուստ քեռի և այլ ազգականներ ունի, խնայել է նրանց ուղարկածը ու դարձել փողատեր: Բա Սերժի վախտ ինչո՞ւ չէին ուղարկում այդ քեռիները:

Նույն պատմությունն է մյուսների հետ կապված: Ալեն Սիմոնյանի եղբայրը ասֆալտի տենդերներ է շահում, պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանն էլ գերթանկարժեք հարսանիք է կազմակերպում այն դեպքում, երբ «հեղափոխությունից» առաջ փոքրիկ ծնունդ էլ չէր կարողանում անել: Դե իսկ Տիգրան Ավինյանը դարձել է «հեղափոխական» օլիգարխ՝ մխրճվելով տարատեսակ բիզնեսների մեջ:

Մի խոսքով, «հեղափոխությունը» հանրային կեղտը հանեց ջրի երես: Ժամանակն է, որ կեղտը մաքրվի ջրի երեսից: Այլապես Հայաստանը կվերանա քարտեզի վրայից:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը