Կարծիք

23.04.2009 17:55


Հայ - թուրքական հարաբերություն– ներում առկա վիճակը

Հայ - թուրքական հարաբերություն– ներում առկա վիճակը

Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալու անհրաժեշտությունը թելադրված է գործընթացում առաջացած մտահոգիչ երևույթներով:

Այդ մտահոգությունները ավելի առարկայական դարձան, երբ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումներում կրկին սկսեց գերակայել նախապայմաններով առաջնորդվելու չափազան վտանգավոր տրամաբանությունը: Սպասելի էր, թե ոչ այդպիսի շրջադարձը այլ հարց է, և կապված է ավելի շուտ Թուրքիային վստահել-չվստահելու մշտնջենական խնդրի հետ:

Սակայն, տեղի ունեցածը մեզ կրկին անգամ համոզում է հետևյալ ճշմարտության մեջ' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է իրականացվի այնպիսի տրամաբանությամբ, որ մեր ազգային անվտանգության ռազմավարությունը չտուժի և չխափանվի՝ որևէ փուլում կատարած անհեռատես քայլերի պատճառով:

Հենց ինքը' Թուրքիան է այդպիսի մարտավարության օրինակը տալիս: Նա միշտ առաջնորվում է համայն թուրք ժողովրդի' թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի, ազգային ընդհանուր շահի գերակայության սկզբունքով:

Ըստ այդմ, Թուրքիան երբեք չի կատարի որևէ քայլ, որը չի բխում իր ազգային նպատակներից կամ կարող է վտանգել դրանց իրականացման հեռանկարը:

Բացառապես դրանով են որոշվում նրա մարտավարական զիջումների սահմանները և հենց այդ սահմանները գերազանցելու վտանգ է առաջանում, նրան չի կարող կաշկանդել որևէ նախնական պայմանավորվածության կամ ստանձնած պարտավորություն: Այսօր մենք հենց սրա ականատեսն ենք:

Այս ֆոնի վրա ակնհայտ է, որ Թուրքիային այսօր պետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բուն գործընթացը, այլ ոչ թե դրա տրամաբանական արդյունքը: Եվ պետք է ընդունել, որ այսպիսի մարտավարությամբ նրան առայժմ քիչ բան չի հաջողվել: Մասնավորապես նրան հաջողվել է.

Ա. միջազգային հանրության և մանավանդ ԱՄՆ վերնախավի մոտ տպավորություն ստեղծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առկայության մասին,

Բ. հայտ ներկայացնել հանդես գալու որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար նպատակահարմար գործոն,

Գ. հայտ ներկայացնել՝ ձեռքբերելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում անմիջական դերակատարություն:

Հետևաբար, առաջնահերթ խնդիրը, որ ծառացած է այսօր Հայաստանի առջև, սա է' թույլ չտալ Թուրքիային խորացնելու իր այս երկդիմի մարտավարությունը' կառուցողական և բարեհաճ երեսով ուղղված միջազգային հանրությանը, սակայն, անպտուղ, շահադիտական և կողմնակալ բնույթով ուղղված Հայաստանի Հանրապետությանը:

Այս նպատակին հասնելու համար մեր մարտավարությունը պետք է կառուցվի համապատասխան բանաձևերի վրա և հետապնդի հետևյալ խնդիրների լուծումը.

1.      Բացահայտի, որ Թուրքիայի նպատակը ոչ այնքան կարգավորումն է, որը ինքնին նրա ծրագրերի մեջ չի մտնում, այլ այդ գործընթացը որպես միջոց օգտագործելը' մի կողմից իր նկատմամբ սաստկացող միջազգային ճնշումները չեզոքացնելու, իսկ մյուս կողմից՝ Հայաստանից անհամաչափ զիջումներ կորզելու շնորհիվ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական շահերը սպասարկելու համար:

2.      Թույլ չտալ, որ հարաբերությունների կարգավորումը թուրքական դիվանագիտությունը ներկայացնի ոչ թե որպես միջազգային պարտավորություն, այլ որպես իր կողմից բարի կամքի դրսևորում:

3.      Թույլ չտալ, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ կերպ ընթանա թուրքական կողմից արծարծվող նախապայմանների կիրառման տրամաբանությամբ:

4.      Թույլ չտալ, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում փորձի հակադրել Հայաստանի և Սփյուռքի շահերը:

5.      Թույլ չտալ, որ սահմանի բացումը, լինելով Թուրքիայի միջազգային պարտավորություն, դառնա նրա իրավունքը և վերածվի լծակի՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար:

Ամփոփելով, կարելի է վստահաբար պնդել, որ այս ընթացքում Թուրքիան, ըստ էության, չի հրաժարվել իր նախապայմաններից, այլ պարզապես հասկանալով դրանց խոցելիությունը, մերթընդմերթ փոխում է դրանց վերջնագրային բնույթը և դարձնում դրանք առավել քողարկված: Սակայն, հենց որ տեսնում է, որ դրանց քողարկումը ևս դժվարանում է և կարող է վտանգել թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարական շահերը՝ իսկույն վերականգնում է դրանց վերջնագրային բնույթը' չխուսափելով անգամ այդպիսով ներկայանալ որպես հայ-ադրբեջանական հակամարտության կողմ:

Սա մենք պետք է միշտ հաշվի առնենք և ավելին՝ ինձ համար միանշանակ է, որ սահմանը կբացվի և Թուրքիայի նախապայմանները կկորցնեն իրենց ազդեցությունը, եթե մենք ազգովի ապացուցենք, որ ընդունակ ենք փակ սահմաններով էլ լուծումներ գտնել մեր համազգային շահերը չզիջելու, սեփական ռեսուրսը գոյացնելու, անվտանգության համակարգը զորացնելու և այլընտրանքային հնարավորություններ հայթհայթելու առումներով: Հակառակ դեպքում մեր հակառակորդի մոտ շարունակաբար ամրապնդվելու է մեր մոտալուտ կապիտուլացիայի անխուսափելիության զգացումը:

Արմեն Ռուստամյան

Այս խորագրի վերջին նյութերը