Քաղաքական

22.08.2022 15:00


Ներքին Սուսից յոթ գերեզման է հանվել, մարդիկ փլատակների են վերածել տները, որ ադրբեջանցիները չվայելեն․ Ներքին Սուսի գյուղապետ

Ներքին Սուսից յոթ գերեզման է հանվել, մարդիկ փլատակների են վերածել տները, որ ադրբեջանցիները չվայելեն․ Ներքին Սուսի գյուղապետ

Ներքին Սուսում եղել է 12 ընտանիք, որից միայն մեկն է մնացել գյուղում, միայնակ կին է, ով օգոստոսի 25-ին նույնպես կլքի գյուղը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։

«Բնակիչները հիմնականում տեղափոխվել են ՀՀ։ Մեկ բնակիչ է ցանկություն հայտնել մնալ Արցախում, համագործակցում ենք Արցախի իշխանությունների հետ՝ նրան Արցախում տեղավորելու համար։ Այն տեղահանված բնակիչները, ովքեր մինչև օգոստոսի 25-ը բնակվել են այստեղ, նրանց կտրամադրվի բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ»,-ասաց գյուղապետը։

Հարցին՝ Ներքին Սուսի բնակիչներին իրենց տները այրելու հետ կապված արգելքներ կամ օգնությունից զրկվելու մասին խոսակցություններ եղել են, թե ոչ, Մխիթար Ներսիսյանը նշեց՝ ոչ։

«Բնակիչները դուրս գալուց առաջ իրենց սեփական տները փլատակների են վերածել, քանդել են նաև դպրոցի շենքը, որ ադրբեջանցիները չգան ու չվայելեն, տներ այրողներ չեն եղել, միայն քանդել են։ Բնակիչները շատ անտրամադիր են, նեղված, անորոշ, մտածում են՝ ինչպես ու որտեղ են ապրելու, դժվար է զրոյից տուն տեղ կառուցելը։ Պատերազմից հետո մենք չէինք էլ մտածում, որ այս պայմաններում կհանձնվի գյուղը Ադրբեջանին, մենք մտածում ենք նորից կբնակեցնենք, կշենացնենք, և բնակիչները կապրեն իրենց բնականոն կյանքով։ Մտածում էինք սահմանազատում, սահմանագծում կլինի, բաց ես գնացել, նայել եմ այդ տարածքները, ոչինչ էլ չկար, աշխատող մարդ չկար»,-ասաց Մխիթար Ներսիսյանը։

Վերջինս նշեց նաև, որ հեռանալուց առաջ բնակիչները իրենց հետ տարել են մահացած հարազատների մարմինները։

«7 գերեզման Ներքին Սուսից տեղափոխվել է Հայաստան, արտաշիրիմում են արել և վերահուղարկավորել Հայաստանում։ Գյուղում նաև խաչքարեր, հուշարձաններ կային, բոլորը հանվել են գյուղից։ 30 տարի շարունակ մենք պահել ենք այս հողը, հիմա թողնում, գնում ենք, դժվար է»,-ասաց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ Քաշաթաղի շրջանի Աղավնո, Բերձոր և Ներքին Սուս բնակավայրերի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այլընտրանքային ճանապարհի շահագործումից հետո խաղաղապահները հեռանալու են այդ տարածքից, իսկ գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին։

Այս խորագրի վերջին նյութերը