Մեկնաբանություն

22.08.2022 10:25


Նիկոլ Փաշինյանի նետած բումերանգը վերադառնում է Խաչատուր Սուքիասյանին

Նիկոլ Փաշինյանի նետած բումերանգը վերադառնում է Խաչատուր Սուքիասյանին

«Սուրմալուի» դեպքի հետ կապված Նիկոլ Փաշինյանը, հենվելով «վազող մարդիկ և ծուխ» անունը կրող տեսության վրա, հրապարակային հրահանգ տվեց նախաքննական մարմնին բացառել ահաբեկչության վարկածն ու կենտրոնանալ պաշտոնական վարկածի վրա՝ տոնավաճառում անվտանգության կանոնների չպահպանում:

Նիկոլը նաև փորձեց բեմադրել «լավ թագավոր, վատ ենթականեր» թատրոնը: Նա ասաց, որ դեռևս Լիբանանում տեղի ունեցածից հետո հանձնարարել էր պայթուցիկ նյութերի նկատմամբ ուշադիր լինել, բոլոր օբյեկտներում ստուգել, որպեսզի նման դեպք Հայաստանում չկրկնվի: Իրականությունը, սակայն, այլ է:

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը և մասնավորապես իր սրտի դատախազությունն ու քննչական կոմիտեն հանցավոր անգործության են մատնված եղել:

Բանն այն է, որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով առևտրի կենտրոնի տուժած տնտեսվարողներից մեկի փաստաբան Տիգրան Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին և մի շարք կոպիտ խախտումների մասին արձանագրել՝ հորդորելով միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցվի «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը:

Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը որևէ պատասխան չի տվել միջնորդությանը: Այս գործով մեկ տարի շարունակ կոնկրետ անգործության է մատնված եղել Գլխավոր դատախազությունը՝ ի դեմս Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանի: Շուրջ 1 տարի անգործության է մատնված եղել ՀՀ քննչական կոմիտեն, քանի որ 2021 թվականի ապրիլի 6-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի գործով դեռ քննությունը շարունակվում է:

Այնպես որ Նիկոլ Փաշինյանը չի կարող ձեռքերը լվանալ, թեև փորձում է: Ինչպես միշտ:

Եթե «Սուրմալուի» դեպքով կոնկրետ պատիժներ չկրեն դատախազության ու քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ապա դա նշանակում է, որ Նիկոլը հերթական հանցագործությունն է կոծկում, ինչպես, օրինակ, Ապարանի սպանության կամ Վայոց Ձորում զինվորականի ծեծի հետ կապված: Կոծկում է, քանզի իր թիմակիցներն են:

Ի դեպ, «Սուրմալուի» դեպքի մասով ակտիվ շրջանառվում է Նիկոլի թիմակից, օլիգարխ-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի անունը: Թե որքանով կապ ունի կամ ընդհանրապես չունի Սուքիասյանը պայթյունի հետ, իրական նախաքննությունը կարող է ցույց տալ: Այս պահին փաստն այն է, որ մարդիկ բերանից բերան փոխանցում են, որ պայթյունի պատվիրատուն Սուքիասյանն է, քանզի տնտեսական շահ է հետապնդել: Սա ամենատարածված վարկածն է դարձել տներում, փողոցներում, հավաքներում և այլուր:

Սուքիասյանին, փաստորեն, բերնեբերանի միջոցով մահացու մեղադրանք է առաջադրվում: Սա այն դեպքն է, որ եթե Սուքիասյանը հազար ու մի երդում ուտի և նույնիսկ օբյեկտիվ քննությամբ պարզվի, որ նա որևէ կապ չունի պայթյունի հետ, միևնույն է «Սուրմալուի» պահով հանրային ընկալման մեջ նրա թեման մնալու է: Այսպես կոչված՝ «օդում կախված լուրերը» միշտ կախված են մնալու Գռզոյի գլխին: Դա այն նույն տեխնոլոգիան է, որը կիրառում էր Նիկոլ Փաշինյանը, երբ հղում անելով «օդում կախված լուրերին»՝ ինչ ասես տարածում էր ու «աչոկ» հավաքում:

Նիկոլի նետած այդ բումերանգը հիմա վերադարձել է Սուքիասյանին: Ու եթե Գռզոն բողոքում է, ապա պետք է բողոքի Նիկոլից: Վերջինս է «օդում կախված լուրերի» «ասպետը»:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ. Խաչատուր Սուքիասյանի համար ոչ միայն ու ոչ այնքան մտահոգիչ պետք է լինի այն, որ իրեն «օդում կախված լուրերի» տեխնոլոգիայով մեղադրում են «Սուրմալուի» պայթյունը պատվիրելու համար, այլ այն, որ մարդիկ բնական ու հավանական են համարում այդ վարկածը:

Գռզոն պետք է մտահոգվի, որ նիկոլական իշխանության օրոք ինքը ձեռք է բերել մարդասպանի իմիջ: Նրանք, ովքեր Գռզոյին են կասկածում «Սուրմալուի» պահով, դա այնքան հավանական են համարում, որ էլ դու սուս:

Այս խորագրի վերջին նյութերը