Քաղաքական

21.08.2022 10:21


«Երևանը «խաղեր է խաղում», որոնք ՀՀ շահերից չեն բխում»․ որտե՞ղ փնտրել հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի պատճառները

«Երևանը «խաղեր է խաղում», որոնք ՀՀ շահերից չեն բխում»․ որտե՞ղ փնտրել հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի պատճառները

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունն ունեցավ ոչ միայն ներքին ծանրագույն հետևանքներ, այլև, ի զարմանս շատերի, արտաքին քաղաքական հետևանքներ։

Պայթյունից օրեր անց Երևանում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա հղեց ՀՀ ԱԳՆ-ին տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»,-ասված էր դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:

Նշվում էր, որ ռուսական կողմը նման զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից սա դիտարկում է՝ որպես ուղղակի սադրանք, որն ուղղված է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։

«Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նմանատիպ ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները։ Համապատասխան նոտան դեսպանության կողմից ուղարկվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված էր հայտարարության մեջ:

Դեսպանատունը հիշեցրել էր նաև, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավված է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներում:

Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չբավարարվեց միայն բողոքի նոտայով․ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաևն ավելի ուշ հայտարարեց, որ Մոսկվան սպասում է պաշտոնական Երևանի պատասխանին՝ կապված Հայաստանի ԱԳՆ-ին ուղղված բողոքի նոտայի հետ։

Նա նաև տեղեկացրել էր՝ Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ ղեկավարության հետ։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց՝ ստացել են դիմումը, կպատասխանեն սահմանված կարգով:

Սա, ըստ էության, բացառիկ ու աննախադեպ իրավիճակ է ընդհանրապես նաև Ռուսաստանի դիվանագիտական պատմության համար, երբ բողոքի նոտա է ուղարկվում ռազմավարական դաշնակից պետությանը տվյալ երկրի կողմից՝ ոչ թե պաշտոնական, հրապարակային որոշումների, կարծիքների, այլ՝ հակառուսական տրամադրությունների ու կարծիքների համար։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համար նորություն չեն հակառուսական տրամադրությունները հետսովետական տարածքում ու Հայաստանում, և հատկապես՝ ՌԴ-Արևմուտք պատերազմական հարաբերությունների այս փուլում, երբ Արևմուտքն է՛լ ավելի ագրեսիվ կերպով է գործի դնում հակառուսական շրջանակներին՝ Ռուսաստանին քիչ թե շատ լոյալ երկրներում Ռուսաստանին էլ ավելի մեծ թափով մեկուսացնելու, հետսովետական տարածքում ազդեցության վերջին նշույլները վերացնելու նպատակով։

168am-ը բազմիցս իր հրապարակումներով ներկայացրել է, թե ինչպես է փոխվել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի քաղաքականությունը Հայաստանում փետրվարի 24-ից հետո թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական շրջանակների հետ։

Հայաստանը վերջին տասնամյակի ընթացքում ՀՀ-ում արևմտյան նման խորը քաղաքական ներգրավվածության և մասնակցության ականատես չէր եղել։ Եվ այս ամենի կենտրոնում, իհարկե, ոչ թե ՀՀ, այլ Արևմուտքի շահերն են՝ ընդդեմ Ռուսաստանի և ընդդեմ Հարավային Կովկասում ՌԴ շահերի։

Եվ ակնհայտորեն Արևմուտքն աշխատում է հնարավոր բոլոր ճակատներով, և Հայաստանում արևմտամետ շրջանակները Հայաստանի բոլոր խնդիրների մեղավորությունը փորձում են բարդել Ռուսաստանի վրա, դա ևս նոր վարքագիծ չէ, փաստ է, և ասել, որ «Սուրմալուի» ողբերգության շուրջ առանձնահատուկ հակառուսական ալիք ծավալվեց՝ ևս փաստ է։ Հակառուսական շրջանակներն իրենց դրսևորեցին, ինչպես միշտ։

Փաստ է նաև այն, որ ռուսական մեդիափորձագիտական դաշտը ևս Հայաստանի հարցում միատարր հարգալից վերաբերմունք չունի, Ռուսաստանում ևս շատ են թե արևմտամետ, թե թուրք-ադրբեջանական տանդեմին սպասարկող շրջանակները, որոնց կարծիքներն էական «եղանակ» են ձևավորում Ռուսաստանում։

Սակայն ի՞նչն էր պատճառը, որ «Սուրմալու»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և հակառուսական կարծիքները ՌԴ նման կոշտ դիվանագիտական «ապտակի» պատճառ դարձան։

168.am-ի ռուսաստանյան դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նման քայլը Մոսկվայի կողմից Երևանի նկատմամբ չափազանց վատ «տոնայնություն» է, որը միայն պայթյունի շուրջ ծավալված հակառուսական տրամադրություններով բացատրելը, մեղմ ասած, միամտություն է։

«Սա հարաբերություններում Մոսկվայի նախաձեռնած տոնայնությունն է, որը կանխորոշում է Մոսկվա-Երևան հարաբերությունների հետագա բնույթը ոչ դրական իմաստով, ցավոք սրտի։ Պատճառները Երևանում են ու Մոսկվայում, քանի որ վերջին տարիներին հայ-ռուսական հարաբերությունները կորցրել են վստահությունը, հետևաբար՝ իրական դաշնակցային բնույթը, քանի որ այդ դաշնակցությունից միայն կաղապարն է մնացել։ Եթե Երևանն առիթը բաց չի թողնում Ռուսաստանին հեղինակազրկելու, «հարվածներ» հասցնելու համար, ապա Մոսկվան ինչո՞ւ պետք է տանի դաշնակցային ողջ բեռը։ Ցավոք, սա է միտումը, բայց կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները ևս դա են ցանկանում»,-ասաց մեր աղբյուրը։

168am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ այս ամենի բոլոր պատճառները Երևանում են։

Բողոքի նոտայի առնչությամբ նա պատճառների երկու խումբ նշեց։

«ՌԴ-ն, չունենալով շատ լուրջ պատճառ, իհարկե, նման նոտայով հանդես չէր գա։ Հայ-ռուսական հարաբերություններում կան լուրջ խնդիրներ, որոնցից մեկը հակառուսական տրամադրություններն են։ Ռուսաստանին վաղուց են դրանք անհանգստացնում։ Բնականաբար, չկան նաև պատրանքներ, որ այս նոտայով այդ տրամադրությունները ու այդ տրամադրությունները գեներացնողների մոտիվները վերանալու են։ Իսկ իրավիճակի պատասխանատուն ՀՀ իշխանություններն են։ Սակայն սա քաղաքական որոշում է, որն արտացոլում է հայ-ռուսական հարաբերությունների բնույթը, այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի համար դադարում է լինել ռազմավարական դաշնակից, դադարում է ունենալ ռազմավարական նշանակություն, կորցրել է իր կշիռը Ռուսաստանի համար, քանի որ «խաղեր է խաղում», որոնք ՀՀ շահերից չեն բխում։

Բացի այդ, ՌԴ-ն հրապարակային չի արձագանքել, սակայն նկատել է, որ բանակցությունները նաև Երևանի ցանկությամբ տեղափոխվեցին Մոսկվա-Բրյուսել հարթություն, թուլացվեցին Մոսկվայի դիրքերը ՌԴ-ի համար նման բարդ փուլում։ Իսկ որտեղ ինչ տեղի է ունենում՝ զանգում են Մոսկվա, ինչո՞ւ են զանգում Մոսկվա, դա մեզ պե՞տք է։ Մոսկվան ևս կարող է դեմարշ անել, ինչպես այդտեղ են հաճախ անում»,-ասաց նա։

Հայաստանի իշխանությունները, նրա որակմամբ, ի տարբերություն Ալիևի, չկարողացան Ռուսաստանի համար դառնալ վստահելի գործընկեր ու դաշնակից և ՌԴ-ի համար կորցրեցին իրենց ողջ նշանակությունը ։

«Բնականաբար, այս մեկ սկանդալը գուցեև հաղթահարեն, սակայն այսպես վերանում է հայ-ռուսական հարաբերությունների առկա մակարդակը»,-ասաց նա։

Այս խորագրի վերջին նյութերը