Քաղաքական

11.08.2022 16:20


Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ

Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։

Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։

Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։

Իսկ ամենախոշոր պայմանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Մավշին» ՍՊԸ-ն 2013 թվականի հունվարի 16-ին հիմնադրել է Մխիթար Մաթևոսյանը` հայրենի Զառիթափ գյուղում։ Մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանել է Մաթևոսյանին, սակայն դրանից հետո թե՛ իր բաժնեմասը, թե՛ տնօրենի պաշտոնը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

2021 թվականի հոկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Վայքում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, և արդյունքում՝ ընտրվել համայնքի ղեկավար։

Armeps.am համակարգի տվյալներով՝ մինչև Վայք համայնքի ղեկավար դառնալն էլ Մխիթար Մաթևոսյանի «Մավշին» ՍՊԸ-ն մասնակցել է պետական գնումների գործընթացին և պետական տարբեր մարմինների հետ կնքել 15 պայմանագիր, հիմնականում՝ Վայոց ձորի մարզպետարանի, Վայքի, Ջերմուկի, Եղեգնաձորի համայնքապետերանների հետ։ Նշված 15 պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 345 միլիոն դրամ։

Մխիթար Մաթևոսյանը մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար

Մխիթար Մաթևոսյանն ու «Մավշին» ՍՊԸ-ն անմասն չեն մնացել նաև քրեական գործից։ Քննչական կոմիտեի 2019թ․ օգոստոսի 27-ի հաղորդագրությունում ասվում է, որ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենին, որն այդ ժամանակ եղել է հենց Մաթևոսյանը։

Մասնավորապես, ըստ Քննչական կոմիտեի՝ Վայքի համայնքային մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում «Մավշին» ՍՊ ընկերությունը ճանաչվել է հաղթող: Նշված աշխատանքների կատարման համար, ՀՀ Կառավարության որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120 միլիոն դրամ սուբվենցիա:

Պարզվել է, որ 2016թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, Մխիթար Մաթևոսյանը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4 մլն 55 հազար դրամ գումարը` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

2021թ․ հոկտեմբերին Քննչական կոմիտեից «Փաստերի ստուգման հարթակի» գրավոր հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են, որ 2021-ի հուլիսին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը նախաքննությամբ չի հիմնավորվել։

Աղբյուրը` hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը