Քաղաքական

10.08.2022 11:23


Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո

Այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ. ՀՅԴ Բյուրո

Վերջին օրերին հերթական անգամ առերեսվեցինք դավադիր պայմանավորվածությունների նոր դրսևորումների. Տագնապի ու անընդունելի կորուստների ընթացքը շարունակվում է։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոն։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Եվ կրկին հայրենադավ իշխանությունները իրենց բնորոշ դերի մեջ են՝ ստերով և կեղծ մտահոգություններով քողարկելով սեփական հանցավոր վարքագիծը։ Ակնհայտ է, սկսվել է սողացող կապիտուլյացիայի նոր գործընթաց, գործընկերների հետ հարաբերություններում արձանագրվում են նոր սխալներ և կրկին թշնամու պահանջների կատարումը ներկայացվելու է որպես հավանական նոր պատերազմի կանխարգելմանն ուղղված պարտադրված քայլ։

Հենց այս համատեքստում պետք է դիտարկել վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Արցախը Հայաստանին կապող ճանապարհային միջանցքի և դրա շուրջ հնարավոր զարգացումների հարցը։ Այն իրոք ճակատագրական հարց է և բազմաթիվ բացահայտ ու թաքնված վտանգներ է պարունակում։

2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կամայական մեկնաբանություններով փորձ է արվում բավարարում տալ ադրբեջանական ապօրինի պահանջներին։

Լինելով ահաբեկչական պետություն, հակաահաբեկչական պայքարի քողի տակ Ադրբեջանն ու իր «եղբայր» Թուրքիան շարունակում են իրենց հակահայ քաղաքականությունը։ Ադրբեջանի կողմից բացահայտ ագրեսիայի, ուժի կիրառման սպառնալիքների, Արցախի Հանրապետության ապառազմականացման և Պաշտպանության բանակի կազմալուծման պահանջի պայմաններում՝ Հայկական բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկելը, ՀՀ ԶՈւ-ի ստորաբաժանումները Արցախից դուրս բերելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայրենազրկման և նոր կապիտուլյացիայի գործընթաց։

Նույնքան վտանգավոր ու կործանարար հետևանքներ կարող են ունենալ ժողովրդի թիկունքում տեղի ունեցող մյուս՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման գործընթացի, հաղորդակցությունների բացման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված գործընթացները։

Մշտապես ահազանգել ենք, որ այս իշխանությունները չեն սպասարկել և չեն սպասարկում հայկական շահերը, սրանց գոյությունը անխուսափելիորեն հանգեցնելու է նորանոր աղետների։ Ցավոք, շատերը դեռ չեն անդրադառնում, որ այս վարչակարգը «խաղաղության դարաշրջան» խոստանալով՝ բերելու է նոր պատերազմ, նոր կորուստներ, նոր զոհեր, նոր ավերածություններ, նոր նվաստացումներ։

Սեփական ուժերին ապավինելով, միասնական ջանքերի, ճիշտ, հետևողական քայլերի, բանիմաց ղեկավարման պարագայում այս դժվար իրավիճակում անգամ կարելի է լուծումներ գտնել ազգային-պետական շահերը պաշտպանելու համար։ Դա միանգամայն հնարավոր է ։

Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի իշխանություններ ձևավորելու և համահայկական կարողականությամբ ուժեղ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններ կառուցելու գործում։ Այս փուլում համահայկական մակարդակով պայքարը ավելի քան անհրաժեշտ է այս իշխանությունների պատճառած ազգային կորուստներն ու վնասները նվազագույնի հասցնելու համար։

Դարձյալ դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը չվհատվելու, չհիասթափվելու և չհուսահատվելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, և հարատև պայքարով ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին։

Այս խորագրի վերջին նյութերը