Մեկնաբանություն

09.08.2022 09:31


Հանցավոր զույգի աղմկոտ լռությունը

Հանցավոր զույգի աղմկոտ լռությունը

Երբ մահվան խոսնակ Արսեն Թորոսյանը խոսեց կյանքերից, ասաց, որ դրանք անգին են, արդեն պարզ էր, որ մահեր են սպասվում։ Եվ եղան մահեր։

Դեպքերի ընթացքն այսպիսին էր՝ Արցախի նախագահի անվան տակ հանդես եկող Արայիկ Հարությունյանը խոսեց այն մասին, որ ադրբեջանցիները պահանջում են հանձնել Լաչինի գործող միջանցքը։ Նշեց կոնկրետ ժամկետ։

Ադրբեջանը հրապարակավ պահանջեց դուրս գալ միջանցքից։

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ՝ հղում անելով 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությանը։

Նիկոլ Փաշինյանը հրապարակավ զեկուցեց Ալիևին, որ Արցախում ՀՀ զինվորականներ չկան։ Հետո եղավ ադրբեջանական հարձակումը․ ունեցանք զոհեր և վիրավորներ։ Նիկոլը մեղքը բարդեց ռուսների վրա ու անցավ ընդհատակ։ Ընդհատակում է նաև նրա հանցակից Արայիկ Հարությունյանը։

Սրանք իջևանցու մատոռով ղարաբաղցի Հայկ Խանումյանին են նշանակել Լաչինի միջանցքից հայերի տեղահանությունը կազմակերպող նախարար։ Տեղահանվում են հայերը։ Նրանց զգուշացվում է, որ գույքը չփչացնեն, որպեսզի պետությունից փոխհատուցում ստանան։ Հակառակ դեպքում բան չեն ստանա։ Ըստ ամենայնի՝ կրկին Ալիևին են ուզում գոհացնել։ Արմեն Գրիգորյանն արդեն «մոռացել» է, որ ոչ լեգիտիմ էր համարում Ադրբեջանի պահանջները։

Դատելով ամենից՝ հայաթափումը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի և/կամ Էրդողանի հետ բանավոր ու հայ ժողովրդի թիկունքում ձեռք բերված համաձայնության արդյունքում։ Պատահական չէ, որ Էրդողանը գոհունակություն է հայտնում Նիկոլի հետ շփումից։

Ինչպես որ ՀՀ տարածքներն է Նիկոլը հանձնել բանավոր փոխըմբռնմամբ, այնպես էլ հիմա Արցախի տարածքներն է հանձնում նույն տարբերակով։ Սա պետական հանցագործություն է և դավաճանություն։ Իսկ հանցագործությունը լռություն է սիրում։ Դրա համար էլ Նիկոլն ու Արայիկը համր ձուկ են դարձել։ Ֆեյսբուքներում ամեն անկապ առիթով իրենց մեջ գցող այս երկուսը հիմա լուռ են։ Նրանց լռությունն աղմկոտ է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը