Քաղաքական

06.08.2022 18:45


«Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին

«Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ․ մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»․ արցախցի կին

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն օգոստոսի 5-ին, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն, Ներքին Սուսը և Բերձորը։

Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, սեպտեմբերի 1-ին կհանձնվի թշնամուն։ Փոխարենը՝ Արցախ-Հայաստան կապը պետք է ապահովվի այլընտրանքային ճանապարհով, որը, նախ՝ դեռ պատրաստ չէ, և երկրորդ, ինչպես արցախցիներն են վստահեցնում՝ անվտանգ չի կարող լինել։

Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց իր մտահոգությունները․

«Այն, ինչ վերջին օրերին կատարվում է, արդեն վերջն է, գագաթնակետն է։ Եթե Լաչինի միջանցքը հանձնեն՝ մենք կմնանք շրջափակման մեջ։ Առաջարկվող նոր ճանապարհը էն չի, որ մեր ժողովուրդը կարողանա հանգիստ, անվտանգ, տարին 12 ամիս երթևեկել։ Դա չի կարող անվտանգ լինել, հայերի մեքենաները «կորելու» են ճանապարհից, գիշերը չես կարող անցնել․․․ Մեր ժողովուրդը մեղք է, արդեն թափառական ենք դարձել բոլորս»։

Տիկին Լեսմոնյան ասում է, թե ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների հնչեցրած հայտարարությունները, օգնելու փոխարեն, ավելի են բարդացնում իրավիճակը․

«Որ Փաշինյանը էդպիսի բաներ է ասում, որ Մարուքյանն է էդպիսի բաներ ասում, որ ոչ բարով Արցախի ծնունդ, Անվանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էդպիսի բաներ է ասում, չե՞ն մտածում, որ մարդկանց բախտի հետ են խաղում, ու մի բուռ մարդիկ չե՛ն, այլ մի ամբողջ արցախահայության բախտի հետ են խաղում։ Ի՞նչ են մտածում․․․»։

Անդրադառնալով Կառավարության վերջին նիստում Փաշինյանի արած այն հայտարարությանը, թե ադրբեջանցիներն այսօր կարող են մի քանի կետով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան, արցախցի կինը հիշեց հայտնի ասացվածքը․

«Գողը որ տնից լինի, արկանքը երդիկից կհանեն։ Եթե Նիկոլն իր ավազակախմբով՝ ԱԱԾ, ոստիկանություն, պաշտպանում է ադրբեջանցիներին, բնական է, որ թուրքը ծիծաղելով, շուլուխ անելով կգա»։

Տիկին Լեսմոնյային հարցրեցինք, թե ստեղծված իրավիճակից ելք տեսնո՞ւմ է, եթե այո, ապա ո՞րն է․

«Միայն իշխանափոխությունը կարող է գոնե այս մի բուռ Արցախը պաշտպանել, միայն իշխանափոխություն, թե՛ այստեղ, թե՛ այդտեղ։ Ամենից առաջ այդտեղ պետք է լինի՝ Հայաստանում, երկրորդը՝ Արցախում։ Բանակցային վիճակը պետք է փոխվի․․․

Արցախի այս մնացած տարածքի ամեն մի թիզ հողը ներծծված է մեր ջահելների արյունով։ Գետինը կոխկրտում ես, վախենում ես, ասում ես՝ տակից տնքացող կլինի, ի՞նչ հող եմ ես կոխկրտում։ Մեր հայ զավակների արյունն է ամեն մի թիզ հողի վրա, ո՞նց կարող ենք մենք թողնել, որ թուրքը գա․ էնքանը տվեցինք, թշնամին հիմա կոխկրտում է մեր ազգային ամեն ինչը, մեր նամուսն ու թասիբն էլ՝ հետը․․․»։

Արցախցի կինը կոչ արեց, որպեսզի համայն հայությունը դուրս գա պայքարի, հայրենիքի համար պայքարի․

«Մեր ժողովրդին ուզում եմ ասել՝ եկեք դուրս գանք, միասին գնանք կառավարության շենքի դեմ, թող մեզ բոլորիս միանգամից կոտորեն՝ պրծնենք, էս ի՞նչ վիճակ է, գիշերը քնում ենք, չենք իմանում՝ առավոտ կհելնե՞նք, թե՞ չէ։ Մեր դուխը չի ընկնում, բայց մեր ուղեղն անընդհատ այդ մտքի վրա է՝ ի՞նչ կլինի վաղը։

Մեր ժողովրդին համբերություն, տոկունություն ու համախմբում եմ ցանկանում, միայն համախմբման միջոցով կարող ենք մի բանի հասնել, այս մի բուռ հողը փրկել»։

Տիկին Լեսմոնյան զրույցի վերջում շեշտեց, բոլոր այն քայլերը, գործընթացները, որոնք տանում են նրան, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, չեն հաջողելու, քանի որ արցախցիների 99.9 տոկոսը դեմ է դրան․

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում և վե՛րջ»։

Այս խորագրի վերջին նյութերը