Քաղաքական

03.08.2022 19:15


Նոր մանրամասներ Արցախում տիրող իրավիճակից. ադրբեջանցիները ծավալվել են Դրմբոնի ուղղությամբ

Նոր մանրամասներ Արցախում տիրող իրավիճակից. ադրբեջանցիները ծավալվել են Դրմբոնի ուղղությամբ

Արցախում իրավիճակը նույնն է, իմ տեղեկություններով՝այս պահի դրությամբ լարվածությունը պահպանվում է, բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների միջև: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Մեզ հետ զրույցում նա մանրամասնեց, որ այսօր գործողություններ են ընթացել այն հատվածում, որտեղ երկու օր առաջ ադրբեջանցիները սադրանքի էին դիմել.

«Մի քիչ ծավալվել են դեպի Դրմբոնի կողմը, ԱԹՍ-ներ են կիրառել, պայթյունի ձայները Ստեփանակերտում լսվել են, փառք Աստծո, բնակելի հատվածներում չեն եղել կրակոցները»,-ասաց նա:

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ ադրբեջանցիները ճնշումներ են գործադրում ոչ թե Լաչինի միջանցքի համար, ինչպես շատերն են պնդում, այլ՝ Զանգեզուրի միջանցքի համար.

«Լաչինի միջանցքի հետ սա կապ չունի, Լաչինի միջանցքի հարցն իրենք արդեն լուծել են, 2020թ-ի նոյեմբերի 9-ին Նիկոլը փաթեթով ստորագրել է Լաչինի միջանցքի, Բերձորը, Աղավնոն ու Սուսը հանձնելու որոշումը, թշնամու նպատակը Զանգեզուրի միջանցքն է, ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ է ճնշումներ գործադրում, նա բազմիցս հայտարարել է, որ եթե միջանցքը չլինի կամովի, ապա կլինի ուժով, ինչն էլ հիմա անում է»,-ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Արցախում այս պահին կատարվողը հատուկ ծրագիր է՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից նախագծված.

«Մեր հայրենակիցներից շատերն ասում են՝ ինչ եք անո՞ւմ Բերձորը պահելու համար, բա մենք ի՞նչ անենք Բերձորն ու Աղավնոն պահելու համար, երբ գլխավոր դավաճանը հիմա Երևանում նստած է, ու ինքն է որոշում, որ պետք է տարածքներ հանձնվեն: Արցախի իշխանությունները կամակատար են, հավասարապես կիսում են պատասխանատվությունը Հայաստանի իշխանությունների հետ, բայց Արցախը բանակցող կողմ չէ, բանակցողը Հայաստանն է: Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից, բայց մյուս կողմից էլ նրանք պահում են Արցախը՝ որպես առևտրի առարկա ու դրել են բանակցային սեղանին, իրենց համար ոչինչ է Արցախը ու այտեղ ապրող 125.000-ից ավել մարդիկ ոչինչ են»,-ասաց Հակոբյանը:

Այս խորագրի վերջին նյութերը