Լրահոս

06.09.2011 14:32


«Wikileaks». Սարգսյան. «Տեր–Պետրոսյանի կողմնակիցները փորձում էին վերցնել իշխանությունը բռնի ուժով»

«Wikileaks». Սարգսյան. «Տեր–Պետրոսյանի կողմնակիցները փորձում էին վերցնել իշխանությունը բռնի ուժով»

«Wikileaks»-ը շարունակում է գաղտնազերծել Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրությունն ու հաշվետությունները։ Մասնավորապես ըստ կայքի՝ 2008թ. մայիսի 15–ին տեղի էր ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ-ի աջակցության ծրագրերի համակարգող Թոմ Ադամսի հետ, որի ընթացքում շոշափվել էր նաև մարտի 1-2–ի իրադարձությունների թեման: Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ ընդդիմության կողմից մեկամսյա պլան էր մշակված, որը ենթադրում էր իշխանությունն ուժով վերցնելը: Նա հերքել էր այն փաստը, որ Հայաստանը հետ է մնում ԶԼՄ-ի ազատության առումով և կտրուկ քննադատել «Ազատություն» ռադիոկայանին իրադարձությունների կողմնակալ լուսաբանման համար:

ԱՄՆ պաշտոնյայի հետ զրուցում Սերժ Սարգսյանը երկրում ստեղծված լարված իրավիճակը բացատրել է նրանով, որ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները չէին ցանկանում ընդունել ընտրությունների արդյունքները և փորձում էին վերցնել իշխանությունը «բռնի ուժով»: ՀՀ նախագահը պնդել էր, որ միջազգային հանրությունը ճանաչել է նախագահական ընտրությունները որպես հիմնականում համապատասխանող միջազգային չափանիշներին: Անդրադարնալով մարտի 1–ի իրադարձություններին՝ Սարգսյանը պնդել է, որ ո՛չ ինքը, ո՛չ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէին ուզում բռնություն մարտի 1-ին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պլանավորում էին դա ամբողջ ամսվա ընթացքում: ՀՀ նախագահը նաև ասել է, որ չնայած կարծիքներին, թե ընտրությունների ժամանակ խարդախություններ են տեղի ունեցել, դրանցից շատերը կատարվել են ընդդիմության կողմից, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի կողմնակիցների:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ես իսկապես չգիտեմ, թե ում մասին է խոսքը»:

Նա պնդել է, որ բոլոր ոչ այնքան լուրջ հանցանք գործողներն ազատ են արձակվել, այդ թվում նաև Լևոն Տեր-Պետրոսյանին մոտ մարդիկ, սակայն նրանք, ովքեր լուրջ հանցագործություններ են կատարել, չեն կարող ազատ արձակվել միայն քաղաքական ճնշման պատճառով:

«Նրանք հանցանք են գործել և պետք է պատասխան տան»,– նշել է Ս . Սարգսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը