Քաղաքական

02.08.2022 18:12


Ի՞նչ է իրականում կատարվել Արցախում օգոստոսի 1-ին

Ի՞նչ է իրականում կատարվել Արցախում օգոստոսի 1-ին

Երեկ՝ օգոստոսի 1-ի երեկոյան, Արցախի ՊԲ-ն հայտարարություն տարածեց, թե․ «Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան»:

Նախ, լուրերը, որ Արցախի սահմաններին լարվածություն է, փոխհրաձգություն է, հայտնվեցին երեկոյան ուշ՝ 9-ի կողմերը, և այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու են այդ մասին պաշտոնապես տեղեկացնում իրադարձությունների մեկնարկից միայն 12 ժամ անց։

Ավելի ուշ դարձյալ հաղորդագրություն տարածվեց, թե իրավիճակը շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության տակ ու հերքեցին ոչ պաշտոնական լուրերը․ «Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը»։

Հորդորեցին զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց՝ խուսափելով, սակայն, ամբողջովին ներկայացնել իրավիճակը։

Ապա մեկ այլ հաղորդագրություն տարածեցին՝ հերքելով Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե Արցախի որոշ հատվածներում թեժ մարտեր են։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքում գրեց․ «Անհանգստանալու և խուճապի մատնվելու կարիք չկա, ամեն ինչ գտնվում է մեր զինված ուժերի վերահսկողության ներքո․ միայն խնդրում եմ հետևել բացարձակապես պաշտոնական լրահոսին և սադրանքների չտրվել»։

Արցախի Հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ պատրաստեց, որում ասվում էր, որ շրջանառվող լուրերը, թե հակառակորդը հարձակվել է Վանք գյուղի ուղղությամբ, և Գանձասար վանական համալիրի համար թեժ մարտեր են ընթանում, չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ Արցախի ՊՆ-ն հաստատեց մեկ վիրավորի մասին՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Ասվեց, որ վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։

Փաստացի՝ ամեն ինչի մասին հայտարարեցին, բացի նրանից, թե իրականում ինչ է կատարվել։ Մեր տեղեկություններով, կատարվել է հետևյալը․ Չարեքտար –Կըրխկըզ (Աստղաշեն - Դաշբուլաղ գյուղի դիմաց) բնագծում սահմանի վրա ադրբեջանցիները դիրքեր են տեղադրել։ Իսկ Չարեկտարի հատվածում (Վաղուհաս - Վանք «Գանձասար» գյուղերի դիմաց) նաև ականանետային կրակ են վարել։

Երբ հայկական կողմը նշում է, թե թշնամին կատարել է շփման գիծը հատելու փորձեր, վստահորեն հետ է շպրտվել, ի՞նչ նկատի ունի, եթե ըստ մեր տեղեկության, թշնամին նոր դիրքեր է դրել։ Այո, գյուղ չեն գրավել, մենք մեր դիրքերից չենք նահանջել, սակայն թշնամու դիրքը արդեն մեր քթի տակ է։

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Yerevan.Today-ին հերքեց տեղեկությունը, թե Չարեքտար –Կըրխկըզ (Աստղաշեն - Դաշբուլաղ գյուղի դիմաց) բնագծում սահմանի վրա ադրբեջանցիները դիրքեր են տեղադրել։ Սակայն մեր աղբյուրները լրիվ հակառակն են պնդում։

Փաստացի՝ այսօր ևս, դասեր չքաղելով ողբերգությունից, պաշտոնական լրահոսը որդեգրել է 44-օրյայի կիսատ պռատ, կասկածելի տեղեկատվության տրամադրման գործելաոճը, որը, բնականաբար, բերում է չճշտված և խեղաթյուրված լուրերի տարածմանը։ Հերթական անգամ կոչ ենք անում Արցախի ու Հայաստանի պաշտպանության նախարարություններին, պաշտոնական լրահոսին հետևելու կոչ անելուց բացի ճշգրիտ ինֆորմացիա փոխանցել հանրությանը, լրատվամիջոցներին։ Մի մոռացեք, որ խուճապ են առաջացնում ոչ թե մամուլի՝ իր տեղեկություններով փոխանցած լուրերը, այլ ձեր կողմից տեղեկությունների տրամադրման բացակայությունը կամ կրակոցների ֆոնին «իրավիճակը վերահսկվում է» ոչինչ չասող արտահայտությունը։

Այս խորագրի վերջին նյութերը