Գալուստ Սահակյանը նախընտրում է ՀԱԿ–ի հետ տրնգի պարել, այլ ոչ թե տանգո
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, անդրադառնալով ՀԱԿ–իշխանություն երկխոսությանը, ասել է, թե երկխոսությունը շարունակվում է։
–Ես գտնում եմ, որ երկխոսության պայմանները չեն կարևոր, այլ թեմաները, որոնք այսօր և՛ կոալիցիոն կուսակցություններն են խոսում, և՛ ՀԱԿ–ը, և ընդհանրապես բոլոր կուսակցությունները: Քաղաքական թիմերը ճանապարհ են անցնում երկխոսության միջոցով: Այլ գործիք հասարակությունը դեռևս չի ստեղծել, որովհետև երկխոսությունը ձևի մեջ չպիտի տեսնել, այլ ընթացող գործողությունների,–ասել է նա։
Հարցին, թե Դավիթ Հարությունյանը երկխոսության մասին խոսելիս նշել է, որ տանգոն մենակ չեն պարում, իսկ ՀԱԿ–ն էլ սեպտեմբերյան հանրահավաքին խոստանում է ջրբաժան և ցասում, մասնավորապես Լյուդմիլա Սարգսյանն էլ նշել է, թե եթե տանգոն իշխանությանը դուր չի գալիս, տրնգի կպարեն, արդյոք հնարավո՞ր է, որ նոր զարգացումներ լինեն՝ տրնգիի նոր դրսևորումներ, Գալուստ Սահակյանը պատասխանել է, թե եթե հայերն են պարելու, ավելի լավ է տրնգի պարեն, քան տանգո, քանի որ տրնգին ավելի ազգային է:
–Խնդիրը հետևյալն է՝ եթե երկխոսություն է, ապա պիտի երկու կողքում էլ մարդիկ լինեն, ու տանգոն էլ մենակ չեն պարում,–ասել է նա:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ ՀԱԿ–ի սեպտեմբերյան հանրահավաքում հնչեցվելիք ելույթների բովանդակությունն արդեն կարելի է կռահել։
–Գիտե՛ք, ես կարող եմ հիմա այսպես կանխամտածված ասել, թե սեպտեմբերի 9–ի հանրահավաքին ով ինչ է խոսելու, ու նորից վերադառնալու ենք ավազակապետությանը, որ «հեսա գալու ենք», «հեսա եկանք», «դուք տեսեք՝ ինչ ենք անելու», դրա համար իբրև թե առկախեցին: Ես այսօր մամուլով էլ եմ ասել, որ իբրև թե էնքան ժողովրդավարական ենք դարձել, պիտի ժողովրդից հարցնեն, որ հետո փորձեն երկխոսել: Ես էլ ասում եմ՝ ցանկացած թիմի, ցանկացած քաղաքական ուժի հետ 4–5 հազար հավաքվածների եթե հարցնեք նման բան, մենք պատրաստ ենք հաջորդ քայլն անել ու հարցնել 50 000-ից: Այնպես որ, նախընտրական ընթացք է, ձևեր թափելը, պոպուլիզմով առաջ գնալը, դրանք բոլորն էլ ընդունելի են,–ասել է նա:
Գալուստ Սահակյանը նախընտրում է ՀԱԿ–ի հետ տրնգի պարել, այլ ոչ թե տանգո
7or.am