Քաղաքական

31.07.2022 08:26


«Փաշինյանի թիմակիցները ձայնի համար խոստացել էին՝ չուլկու, ներքին շորերի գործարան կբացենք․ ոչ մի գործարան էլ չկա․․․»․ զրույց Սոթքի բնակչի հետ (տեսանյութ)

«Փաշինյանի թիմակիցները ձայնի համար խոստացել էին՝ չուլկու, ներքին շորերի գործարան կբացենք․ ոչ մի գործարան էլ չկա․․․»․ զրույց Սոթքի բնակչի հետ (տեսանյութ)

168.am-ի նկարահանող խումբը պարբերաբար շրջում է Հայաստանի տարբեր մարզերով, լինում տարբեր համայնքներում, լսում գյուղացիների մտահոգությունները տարբեր խնդիրների շուրջ։

Օրերս մեր նկարահանող խումբն մեկնել էր Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ, որը 2020 թվականի պատերազմից հետո դարձել է սահմանամերձ, իսկ 2021 թվականի մայիսի 12-ից թշնամու զինյալները դիրքավորվել են գյուղի վերևի սարերում և պարբերաբար կրակոցներ են արձակում թե՛ հայկական դիրքերի, թե՛ խաղաղ բնակչության վրա։

Սոթքի 68-ամյա բնակիչ Զեմֆիրա Հակոբյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում համեմատաբար իրավիճակը հանգիստ է, գյուղացիներն իրենց առօրյա գործերով են զբաղվում․

«Սոթքում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ՝ կարտոշկա են ցանում, գարի են ցանում, ցորեն են ցանում։ Ով կարողանում է՝ նա էլ ցանում է, ով ուժ չունի՝ չի կարողանում ցանի, անասնապահությամբ հաստատ զբաղվում են․․․»։

Տիկին Զեմֆիրային հարցրեցինք, որպես սահմանամերձ գյուղի բնակիչ, որը 1 տարուց ավելի գտնվում է թշնամու նշանառության տակ, ի՞նչ կարծիք ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ։ Նախ ասաց, թե դրա մասին միայն հեռուստացույցով են լսել, հետո շարունակեց։

«Թե ոնց պետք է համերաշխություն լինի, ինչ ձև են պայմանագիրը կնքելու, մենք չգիտենք։ Կարող է՝ հեռախոսի մեջ սուտ են գրում, ի՞նչ ես իմանում։ Ժողովներին չե՛նք մասնակցում, մեզ հետ այստեղ ժողով չե՛ն անում, Փաշինյանի պատգամավորներից չե՛ն գալիս ժողով անում, ոչ մեկը չի՛ գալիս։ Նրանցից պետք է մարդ գա, սահմանամերձ գյուղի բնակիչներիս կանչի, ժողով անի, պատասխանի ժողովրդի հարցերին, հարց տա՝ ո՞նց եք անում, ի՞նչ եք անում։ Ո՞վ է գալիս այստեղ, ոչ մեկը։ Որ իրենք գան, հարցեր կտանք, բայց գալի՞ս են․․․ Ներկա մոմենտին իշխանական պատգամավորներից ոչ մեկն այստեղ չի եկել»։

Տիկին Զեմֆիրան լավ է հիշում Փաշինյանի և նրա թիմի խոստումները դեռ 2018 թվականից և ասում է, որ դրանցից ոչ մեկը չի կատարվել․

«Իրենց տված խոստումներից ոչ մեկը չի համապատասխանում։ Թոշակները 3000 դրամ ավելացրել է՝ ապրանքները թանկացրել։ Պեսոկը եղել է 280, հիմա 420 է, պոմիդորը եղել է 100-150, հիմա 300-400 է, ո՞րն ասեմ, սաղ ապրանքները թանկ են․․․»։

Մեծահասակ կինը դժգոհեց, որ աշխատատեղ չկա գյուղում, երիտասարդները ստիպված օրը 5000 դրամով գնում են դաշտ՝ արևի տակ, ուրիշների համար կարտոֆիլ հավաքում, քաղհան անում, բայց ոչ բոլորն են կարողանում նման աշխատանքներ կատարել։ Տիկին Զենֆիրան նաև պատմեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, երբ մի քանի տարի առաջ այցելել էին իրենց գյուղ՝ Սոթք, խոստացել էին գործարան բացել։ Այդ խոստումից 4 տարի է անցել, բայց ոչ գործարանը կա, ոչ էլ դրա վերաբերյալ խոսակցությունները․

«Մի քանի տարի առաջ՝ ձայնի մոմենտով Նիկոլ Փաշինյանի թիմակիցները եկել էին, ասել՝ նասկու, չուլկու գործարան կբացենք, ներքին շորերի գործարան կբացենք, բայց ոչ մի գործարան, ոչ մի բան էլ չկա, ժողովուրդը ոնց կար, նենց էլ մնացել է․․․»։

Սոթքի բնակիչը դժգոհեց, որ Նիկոլ Փաշինյանը 4 տարուց ավելի իշխանության է, բայց բոլոր ձախողումների, թերությունների համար միայն նախկիններին է մեղադրում․

«Նիկոլ Փաշինյանն ինչ լինում է, ասում է՝ նախկինները։ Այ մարդ, նախկինները տվե՞լ են, հիմա դու ես, մի՛ համաձայնվի։ Ինչ լինում է, ելույթ է ունենում, ասում է՝ նախկինները, Սերժի օրոք է, Ռոբերտ Քոչարյանի օրոք է։ Այ մարդ, նախկիններն արդեն թողել-գնացել են, 2018 թվականից դու ես, դու քո խելքի կտրածն արա, հիմա սաղ կյանք պետք է լսենք՝ նախկինները-նախկիննե՞րը, որ հիմա նախկինները չեն, ինքն է նստած, ի՞նչն է փոխվել։ Խոստանում էր ապագա, ի՞նչ ապագա, ապագան եկավ՝ կռիվը ստեղծվեց, ապագան եկավ՝ 5000 զինվոր մահացան, էլ որտե՞ղ ապագա լինի, զինվորների ծնողների երեսին չի նայում, ճիշտ է, թոշակներ են տալիս, բայց ավելի լավ էր այդ թոշակը չլիներ, իրենց երեխեն կամ ամուսինը, թոռը սաղ լինեին, իրենց տանը լինեին․․․

Ինչ ժողով անում է, ասում է՝ նախկինները, ուժե զզվել ենք հեռուստացույց նայենք։ Բացի «նախկինները», նաև բառապաշարը, թափ տալ, պատերին տալ, ինքը ոնց ուզում է․․․ Միլիցեքն իրենն են, դատավորներն իր մարդիկ են, պետական աշխատողները սաղ իրենն են։ Վճարում է, չի վճարում է, լավ է, վատ է, թե ինքը ոնց է իրենց հետ վերաբերվում, որ էդ մարդիկ իր կողմից են․․․

Նիկոլ Փաշինյանը որ գալիս է զորամաս, գալն ու գնալը չենք իմանում։ Նա, որ գալիս է, պետք է գյուղացիների դիմաց կանգնի, հարց տա՝ ո՞նց է ձեր վիճակը»։

Դիտարկմանը՝ գուցե վախենո՞ւմ է սարերին տեղակայված ադրբեջանցիներից, տիկին Զեմֆիրան ինքը հարց տվեց․

«Ի՞նքն է վախենում, թե՞ մենք ենք վախենում։ Խի՞ է վախենում, ինքը ոչ մի բանից էլ չի վախենում։ Առաջ, որ ինքը 5-6 մեքենայով էր գալիս, հիմա 15-20 մեքենայով է գալիս, ինչի՞ պետք է վախենա․․․»։

Հարցին՝ կո՞ղմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, տիկին Զենմֆիրան իր հիմնավորմամբ պատասխանեց՝ եթե չի կարողանում ժողովրդի հետ համերաշխ աշխատել, իր ասածն է առաջ տանում, ուրեմն դեմ է, որ շարունակի մնալ պաշտոնին․

«Եթե էդ ձև պետք է աշխատի, ավելի լավ է չաշխատի, եթե ինքը ժողովրդի հետ չի աշխատում, ավելի լավ է չաշխատի։ Ճիշտ է, էն վախտ Քոչարյանի մոմենտով, Սերժի մոմենտով իրեն հավատացել ենք, բայց հիմա ժողովրդի կեսն իրեն չի հավատում։ Էն, ով որ աշխատում է, նա վախենում է, չի արտահայտվում, որովհետև գործից դուրս կմնա․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը