Քաղաքական

30.07.2022 16:38


Այսպես կոչված «Հայկական խաչմերուկ» նախագիծը և «Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո 30% տնտեսական աճը» էրդողանական հեքիաթներն են. Բենիամին Մաթևոսյան

Այսպես կոչված «Հայկական խաչմերուկ» նախագիծը և «Թուրքիայի հետ սահմանի բացումից հետո 30% տնտեսական աճը» էրդողանական հեքիաթներն են. Բենիամին Մաթևոսյան

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական հայտարարություններից պարզ է՝ իրենց հետաքրքրում է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրումը լինի Արցախի կարգավիճակի վերջնական հանգուցալուծմամբ: Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

«Արցախ հետ կապված տարբերակներից մեկը, որ այս իշխանությունները բանակցային սեղանի շուրջ քննարկում են, դա՝ դե յուրե Ադրբեջան, դե ֆակտո՝ անկախ վիճակն է, այսինքն՝ մի կարգավիճակ, որի շրջանակներում ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Արցախը առանձին միավոր է լինում, սակայն չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը կհամաձայնվի: ՀՀ իշխանությունն իր վարած քաղաքականության պատճառով հայտնվել է փակուղում»,-մանրամասնեց նա:

Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե պետք է ակտիվորեն քննարկել ԼՂ հարցը Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից տարանջատելու տարբերակը և հարցին՝ արդյո՞ք սա չի նաշանակում, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կարող է կնքվել, առանց Արցախի կարգավիճակի հստակեցմանը, Մաթևոսյանը նշեց, որ իր համոզմամբ՝ կարգավիճակի հստակեցման հարցում չպետք է շտապել, և ՌԴ նախագահը և ռուս տարբեր պաշտոնյաններ պարբերաբար ասում են, որ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային, պետք է տարածաշրջանում գործընթացներ տեղի ունենան՝ կոմունիկացիաների բացում, փոխվստահության մթնոլորտի ձևավորումը և այլն, ինչը շատ տրամաբանական մոտեցում է:

«Ռուսները ևս շահագրգռված են, որ տարածաշրջանում հաստատվեն ընկալելի ու հասկանալի խաղի կանոներ, կողմերի միջև լինի այնպիսի գործող համակարգ, որը թույլ չի պատերազմի կրկնություն, սակայն, հասկանում ենք, որ ՀՀ իշխանությունը չի կարողանում ռազմաքաղաքական և տնտեսական բալանսը կողմերի միջև պահպանել: Հայտնվել ենք մի իրավիճակում, որ հայ-ադրբեջանական և հայ թուրքական առանձին գործընթաց չկա, դա եռակողմ միասնական գործընթաց: Պետք է հասկանանք, երբ Բաքուն ասում է՝ իրենք պահանջում են Արցախի կարգավիճակի հետ կապված հարցի վերջնական լուծում, ՀՀ-ն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն, այդ նույն պահանջ ունի նաև Անկարան: Այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով հայտնվել ենք մի իրավիճակում, որ Անկարայի և Բաքվի հետ բանակցությունների սեղանի շուրջ մենակ ենք մնացել»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մեկ այլ հայտարարությանը,որ ՀՀ-ն շահագրգիռ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով, որը «Հայկական խաչմերուկ» նախագծի մաս է, և մեզ անհրաժեշտ է ամենաարդյունավետ երթուղին գտնել, որովհետեւ դրանից է կախված «Հայկական խաչմերուկ» նախագծի գործունակությունն ու գրավչությունը, քաղաքագետը նշեց, որ «Հայկական խաչմերուկ» ասածը ի հայտ է եկել Լևոն Տեր-Պետրոսյանի տարիներին, նա իր երդմնակալության ժամանակ նույն ձևակերպումն է օգտագործել, և այս իշխանություններն էլ այդ գաղափարը կրկնում են.

«Մինչ այս պահը՝ իշխանություններից ոչ մեկ, ոչ միայն չի ներկայացրել, թե ի՞նչ ճանապարհ է լինելու նաև չի ներկայացրել, թե այդ ճանապարհը մեթոդաբանական տեսակետից ո՞նց է օգտագործվելու և ի՞նչ հնարավորություններ է տալու:

«Հայկական խաչմերուկը նման է Վահան Քերոբանի ասած 30 տոկոս տնտեսական աճին, որ իբր Թուրքիայի հետ սահմանը բացելով 30 տոկոսով տնտեսությունն աճելու է: 2000-ական թվականներին, երբ երկնիշ տնտեսական աճ գրանցեցինք, ՀՀ-ում տարեկան մեկ միլիարդ դոլարի ներդրում պետք է իրականացվեր: Երբ ասում են՝ 30 տոկոս տնտեսական աճ, «Հայկական խաչմերուկ», դա էրդողանական հեքիաթ է, որին փորձում են մեզ հավատացնել, տեսանելի չէ, թե ոնց են այդ ամենը կյանքի կոչելու»:

Հերմինե Միքայելյան

Աղբյուրը՝ 24News.am

Այս խորագրի վերջին նյութերը