Մեկնաբանություն

27.07.2022 12:46


Դանչոյի ռեինկարնացիան․ Լենինից մինչև Սորոս

Դանչոյի ռեինկարնացիան․ Լենինից մինչև Սորոս

Բոլշևիկյան հեղափոխությունն ազգայինին հակադրում էր դասակարգայինը։ Երբ նրանք հայտարարում էին, որ բոլոր երկրների պրոլետարները պետք է միավորվեն, դնում էին վերազգային կամ ապազգային կոդ։

Բոլշևիկյան հեղափոխությունը տեղի ունեցավ Ռուսաստանում։ Դրան տարբեր ազգեր միացան։ Նաև՝ հայերը։ Մեր տարածաշրջանում ձևավորված երեք պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, սովետականացվեցին՝ կորցնելով իրենց անկախությունները։

Հայաստանի սովետականացումը, սակայն, տարբերվում էր Վրաստանում ու Ադրբեջանում տեղի ունեցածից։ Վրաստանի մենշևիկների և Ադրբեջանի մուսաֆաթականների մեջ եղան կերպարանափոխվածներ ու «կարմրածներ», բայց դա յուրօրինակ կոմպրոմիս էր, ոչ թե հավատամք ու ազգայինի մերժում։ Հայաստանում այլ էր պատկերը։ Հայ բոլշևիկները պապից ավելի կաթոլիկ էին, այսինքն՝ ռուս բոլշևիկներից ավելի բոլշևիկ։

Հայկական բոլշևիզմը յուրօրինակ փախուստ էր ազգային «ես»–ից։ Գոնե սկզբնական շրջանում այդպես էր։ Պատճառները տարբեր էին՝ պետականության բացակայություն, ցեղասպանություն, 1–ին հանրապետության ժամանակաշրջանում թույլ տրված սխալներ և այլն։

Հայ բոլշևիկներից շատերն, ըստ ամենայնի, անկեղծ էին ու հավատում էին, որ այլևս մարդկանց բաժանելու են ոչ թե ըստ ազգերի, այլ ըստ դասակարգերի։ Երևի հավատում էին, որ պրոլետարիատի հաղթանակից հետո այլևս հին կռիվները չեն շարունակվի և հին հաշիվները կմոռացվեն։

Բոլշևիկների մեջ, բնականաբար, կային ազգային դիմագծով գործիչներ, օրինակ՝ Մյասնիկյանը, բայց շատ էին նաև ապազգայինները, ստուկաչները, մուղդուսիները, ղուկասղուկասյանները։ Դրանց մեջ էր նաև հայ բոլշևիկ Դանչոն (նկարում՝ ձախից)։ Նա կոմոսոմոլի գերազանցիկներից է եղել 30-ական թվականներին, Լենինականի տպարանի հարվածային աշխատակից։

Այս դանչոներն էին, որ դանոսներ էին գրում 1937–ին։ Դանչոներն էին, որ պատրաստ էին հայ ազգին դնել համաշխարհային գլոբալ գործընթացների զոհասեղանին, քանզի իրենք պապից ավելի կաթոլիկ էին։

Դանչոների աստվածաշունչը Մարքսի «Կապիտալն» էր, աստվածը՝ Լենինը (հետո՝ Ստալինը)։

Դանչոյի վերադարձը

ԽՍՀՄ փլուզումը և Հայաստանի անկախացումը դանչոյականությունը չվերացրեցին։ Պարզապես բոլշևիկ դանչոներից շատերը վերածվեցին լիբերալ դանչոների, բայց էությամբ մնացին նույնը։ Փոխվեց ձևը, բայց ապազգային բովանդակությունը մնաց։

ՀՀՇ–ածին դանչոները աթեզիմը փոխարինեցին թեիզոմով ու ձեռքները գցեցին Ավետարանին։

Դանչոները նախկինում էլ, հիմա էլ պապից ավելի կաթոլիկ են։ Դարձան լիբերալներից ավելի լիբերալ։ Չփոխվեց սրանց ապազգային ու հակահայկական տեսակը։

Մեր օրերում դանչոների պակաս չկա։ Անունները դրել են արևմտամետներ, քաղաքացիականներ, մարդու իրավունքների պաշտպաններ, բնապահպանիստներ, բայց իրականում Թուրքիայի շահերը սպասարկող գործակալներ են, անկախ այն բանից՝ գիտե՞ն արդյոք իրենք այդ մասին, թե՞ օգտագործվում են անգիտակցաբար։

Ժամանակակից դանչոների խտացված կերպարը Դանիել Իոաննիսյանն է։ Ուշագրավն այն է, որ նա և՛ անունով, և՛ արտաքինով հիշեցնում է բոլշևիկ Դանչոյին․ պարզապես ընկեր Դանչոն դարձել է «Mister Daniel»։ Հին ու նոր դանչոների ընդհանրությունը նաև այն է, որ երկուսն էլ ապազգային են, թրքաբոլշևիկներ են։

Նոր դանչոների աստվածն արդեն Լենինը չէ։ Սրանք Լենինին փոխարինել են Սորոսով ու կրկին քարոզում են, որ պետք է ազգայինը մի կողմ դնել, բավարարել համաշխարհային հակառուսական շահերը, որը «թարգմանաբար» նշանակում է՝ բավարարել Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները։ Դանչոներն այդ դեպքում խոստանում են խաղաղ, կուշտ, երջանիկ կյանք։

Նույնն են դանչոները բոլոր ժամանակաշրջաններում։ Կան, սակայն, փոքրիկ տարբերություններ։ Հները հավատացել էին կոմունիստական գաղափարին կամ էլ՝ ձև էին տվել, թե հավատում են ու որպեսզի ուրիշներին էլ հավատացնեն դրանում, պապից ավելի կաթոլիկ էին դարձել։

Էս նոր դանչոներն էլ են նույն գծի մեջ, բայց ոչ թե գաղափարին են հավատացել, այլ՝ փողին։ Փողն է սրանց իրական աստվածը ու դրա համար էլ Լենին պապիկի փոխարեն Սորոս պապիկին են երկրպագում։ Սորոսը տվյալ դեպքում ընդհանրական կերպար է։ Սրանց իրական «Սորոսը» դոլարն է, դոլարը․․․

Ի դեպ, դանչոներ Հայաստանում կային մինչև 2018–ի իշխանափոխությունը, բայց գործում էին ոչ որպես իշխանության փայատերեր։ Իշխանությունը դրանց երես էր տալիս, դրանց տերերի հետ խաղեր էր տալիս, բայց իշխանության մոտ չէր թողնում։ Այնքան խաղացին ու խաղացրին, որ վերջում խիարը թարս բուսնեց։

2018–ից հետո դանչոները դարձան իշխանության փայատերեր։ Դանիել Իոաննիսյանի պես մեկն, օրինակ, զբաղվում է ոստիկանության «բարեփոխումներով»։ Նիկոլ Փաշինյանի տեսակը գտածո էր Թուրքիայի համար, քանզի միայն դրա նմանը կարող էր մեր երկիրն այս վիճակին հասցնել ու հնարավորություն տալ, որպեսզի իոաննիսյանների, մարիակարապետյանների, արմանբաբաջանյանների, սաքունցների, շիրինյանների, խզմալյանների պեսները վխտան մեր երկրում։

Սրանք Հայաստանի ժողորդին մոլորեցնում են, թե բա՝ եթե խաղաղություն ես ուզում, ապա պետք է տաս թուրքերի ու ադրբեջանցիների ուզածները և հետո կլինի եղբայրություն։ Այնպիսի եղբայրություն, հանուն որի հայ բոլշևիկները, ավելի ճիշտ՝ թրքաբոլշևիկներն էին ոսկի ու զենք հասցնում Աթաթուրքին։ Հիմա սրանք Էրդողանին են սպասարկում ու հայ ժողովրդին տանում կառափնարան։

Ո՞րն է լուծումը

Մենք նորմալ ու անվտանգ պետություն կդառնանք միայն դանչոներին պետական ու հանրային կյանքից մաքրելով։ Առաջին նախապայմանը Նիկոլի հեռացումն է։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը