Մեկնաբանություն

25.07.2022 10:34


Ինչու չի խոսում, չի տեսնում, չի լսում Նիկոլի «քեռակինը»

Ինչու չի խոսում, չի տեսնում, չի լսում Նիկոլի «քեռակինը»

ՀՀ–ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել է, որ մեզ մոտ քաղբանտարկյալներ չկան։

Դատարանի դահլիճում ակնհայտ քաղաքական նպատակով կալանավորված Արմեն Գրիգորյանը մահանում է, նույն այդ Վիկտորինն ընդամենն ասում է, որ պետք է հետաքննել և հասկանալ։ Նախկինում եթե նման բան լիներ, քոքված Անդրեան կպատառոտեր իր կոկորդն ու կճամարտակեր ժողովրդավարության, մարդու իրավունքների թեմայով, օրը մեջ ասուլիս կտար․․․ Հիմա նա ու իր կոլեգաներն այդպես չեն անում, քանզի մահացողն արևմտամետ/թուրքամետ չէր, սպանողն էլ թուրք–ադրբեջանական սեղանի տակ մտած անում է դրանց ասածները։

Մի խոսքով, Անդրեա Վիկտորինն իրեն պահում է ՔՊ–ական ուսապարկի պես կամ հանդես գալիս որպես Նիկոլի «քեռակին»։ Նա չի տեսնում Նիկոլ Փաշինյանի իշխանության աղաղակող ապօրինությունները, չի խոսում դրանց մասին և չի լսում այն օբյեկտիվ քննադատությունը, որը հնչում է ընդդիմադիր դաշտից ու հանրային սեկտորից։

Անդրեա Վիկտորինի այս պահվածքը պայմանավորված է այն բանով, որ Արևմուտքի հետաքրքրությունը Ռուսաստանն է։ Ավելի ճիշտ՝ Ռուսաստանի դեմ պայքարը։ Ու եթե դրա համար պետք է թքել Արևմուտքի կողմից պաշտպանվող արժեքների՝ ժողովրդավարության ու այլ պուպուշ բաների վրա, ապա վիկտորինները դա անում են առանց աչք թարթելու։ Քանզի արժեքներն աշխարհաքաղաքականության քողածածկույթն են։ Ընդամենը։

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը բավարարել ու բավարարում է թուրք–ադրբեջանական զույգի բոլոր նախապայմանները, պահանջները։

Եթե հայ–թուրք–ադրբեջանական բանակցային գործընթացը, որը խաբեությամբ անվանվում է «առանց նախապայմանների հայ–թուրքական երկխոսություն», հասնի ավարտին, ապա դա կնշանակի թուրք–ադրբեջանական օրակարգի լիակատար իրագործում, ինչի արդյունքում Ռուսաստանը կհեռացվի ոչ միայն Արցախից, այլ նաև Հայաստանից՝ այդտեղից բխող բոլոր կանխատեսելի հետևանքներով։ Անդրեավիկտորիններին այդ հետևանքները չեն հետաքրքրում։ Նրանք միգուցե հետագայում ցավակցական տեքստեր կարտասանեն հայ ժողովրդի դժբախտ ճակատագրի ու Հայաստանի կործանման թեմաներով, բայց դա հին ու «բարի» ավանդույթ է, ինչպիսին որ մենք տեսել ենք Եվրոպայի կատարմամբ՝ 1915թ․ ցեղասպանությունից հետո։

Արևմուտք–Ռուսաստան հակամարտության ու տնտեսական ճգնաժամի պայմաններում ԵՄ–ն, օրինակ, ադրբեջանական գազով է հետաքրքրված և այդ գազը նրանց համար վեր է հայկական արյունից, ժողովրդավարությունից, մյուս պլպլան բաներից։ Ի դեպ, դա նորմալ է։ Ամեն երկիր պետք է իր շահի ու իր քաղաքացիների բարեկեցության մասին մտածի։ Այլ հարց է, որ մեզանում երբեմն պապից ավելի կաթոլիկ երևալու մոլուցք կա, հատկապես երբ մոլուցքի դրսևորումը վճարովի է։

Արևմուտքի համար հակառուսական գծի իրականացման հարցում ռազմավարական դաշնակիցներն այս տարածաշրջանում Թուրքիան ու Ադրբեջանն են։ Դրա համար էլ Անդրեա Վիկտորինը քեռակնոջ պես սիրում է Նիկոլ Փաշինյանին ու պաշտպանում նրա իշխանությունը, քանզի այն ամբողջությամբ սպասարկում է թուրք–ադրբեջանական օրակարգը։ Ահա և Վիկտորինի սիրո ամբողջ պատմությունը։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը